ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները մասնակցեցին Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 27, 2011 19:11

Հուլիսի 27-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների դեսպանները:

Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով:

Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին. Եվրոպական ընտանիքի հետ մերձեցման գործընթացին եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին:

Անդրադառնալով Հայաստան – ՆԱՏՕ հարաբերություններին` Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց Գործընկերություն հանուն խաղաղության, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարն իր ելույթում ներկայացրեց անվտանգության բնագավառում եւ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները:

Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունեցան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, անդամ երկրների շուրջ մեկ տասնյակ ներկայացուցիչներ: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը  բարձր գնահատեց մի շարք ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը:

Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին: Այդ համատեքստում բանախոսներն ողջունեցին Հայաստանի որոշումն` եռապատկել մասնակցությունը Աֆղանստանում իրականացվող անվտանգության աջակցության գործողությանը`  շարունակելով նաեւ առաքելությունը Կոսովոյում:

Այնուհետեւ նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերվում էին երկրի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից առաջ Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնյերոյի հետ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը:

 

Դիտվել է 1283 անգամ:
Print Friendly

Leave a Reply