Սեյրան Օհանյան. «Ոչ մարտական պայմաններում մարդկային զոհերի հանդուրժելն անթույլատրելի է»

Պաշտոնական, Օրվա լուր | | July 27, 2011 18:33

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 27-ին Բրյուսելում մասնակցել են Հյուսիսատլանտյան խորհրդի 28+Հայաստան ձևաչափով նիստին, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2011թ. Զեկույցը ու ԱԳԳԾ նորացված՝ երրորդ շրջափուլի փաստաթղթի նախագիծը։

Խոսելով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության կարևորության և ԱԳԳԾ նախորդ շրջափուլի արդյունավետության մասին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «ԱԳԳԾ երկրորդ շրջափուլի շրջանակներում Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ համագործակցության գլխավոր արդյունքը ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման /ՊՌՎ/ իրագործումն էր, մի գործընթաց, որն ուղղված էր Պաշտպանությունը երկրի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին համապատասխանեցնելուն և այդ միջավայրից բխող սպառնալիքների հետ հավասարակշռելուն։ Վերանայման արդյունքներով մշակվել է ՀՀ ԶՈւ զարգացման 2011-2015թթ միջնաժամկետ պլանը, որը երաշխավորում է ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության հիման վրա Պաշտպանության կառավարումը»։

Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը և նշել. «Դաշինքի հետ համագործակցության մյուս կարևոր ոլորտը փոխգործունակ կարողությունների կատարելագործումն է: Գործողություններին մասնակցության ժամանակ ռազմավարական փոխադրումների և նյութատեխնիկական ապահովման հարցերում անգնահատելի օժանդակություն ենք ստանում Գերմանիայից և Հունաստանից: Վերջերս ավելացրեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերում մեր ներդրումը` Մազարի Շարիֆում տեղակայելով 81 զինծառայողից կազմված զորախումբ և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությանը տրամադրելով հետևազորի 5 հրահանգիչներ: Հաշվի առնելով նաև Կունդուզում տեղակայված զորախմբի թվաքանակը /40 զինծառայող/, Գերմանական հրամանատարության օպերատիվ ղեկավարման ներքո Աֆղանստանում ներկայումս տեղակայված են ՀՀ ԶՈւ 126 զինծառայողներ: Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվության փոխանցման գործընթացի համատեքստում, կոալիցիոն ուժերի ապագա կրճատման գործընթացին զուգահեռ հարկ եղած դեպքում մենք կդիտարկենք ՀՀ ԶՈւ անձնակազմի մասնակցությունը ուսումնական և հրահանգչական խնդիրներին վերաուղղորդելու հնարավորությունը»։

ՀՀ պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է նաև ռազմական կրթության և պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի զարգացման ուղղությամբ։ «Պաշտպանության ռազմավարական վերանայման ավարտը նոր զարկ տվեց նաև պրոֆեսիոնալ ռազմական կրթության և պայմանագրային սերժանտական համակարգերի զարգացման հարցերին, որոնք ներկայումս իրականացվում են ՀՀ ԶՈւ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխման համապարփակ գործընթացի շրջանակներում և արծարծված են ՀՀ ռազմակրթական հայեցակարգի նախագծի դրույթներում: Ռազմական կրթության և ուսման բնագավառում զգալի դեր են կատարում ինչպես ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ ձևավորված փորձագիտական խումբն, այնպես էլ  Կանադայի, Ռումինիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Բուլղարիայի անհատական ջանքերը: 2013թ. նախատեսում ենք մեկնարկել ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացները, որոնք հիմք են դառնալու հրամանատարաշտաբային ակադեմիայի ստեղծման համար: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետների օգնությամբ ներկայումս աշխատում ենք նաև պրոֆեսիոնալ սերժանտական կազմի զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ, այդ գործընթացը դիտարկելով որպես սպաների գիտելիքների և սերժանտների փորձի համադրման շնորհիվ ստորաբաժանումների օպերատիվ արդյունավետության և Զինված Ուժերում կարգապահության բարձրացման միջոց»:

ՀՀ պաշտպանության նախարարը անդրադարձել է նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը. «Պետք է նշեմ՝ լիովին գիտակցում ենք, որ ոչ մարտական պայմաններում մարդկային զոհերի հանդուրժելն անթույլատրելի է: Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը և կարգապահության բարձրացումը մեր ամենագլխավոր խնդիրներից է: Այս ուղղությամբ նախատեսում ենք ունենալ կարգապահական նոր կանոնադրություն, դրան են ուղղվում նաև սպաների ռազմական կրթության կատարելագործման, պրոֆեսիոնալ սերժանտների ինստիտուտի ներդրման, մարտական պատրաստության բարձրացման, ինչպես նաև տեխնիկական միջոցներով հագեցման ջանքերը»:

 

Դիտվել է 1463 անգամ:
Print Friendly

Leave a Reply