Ավազակային հարձակումներ է կազմակերպել` գտնվելով քրեակատարողական հիմնարկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 27, 2011 16:32
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2011թ. փետրվարի 22-ի դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել, եւ ավազակային հարձակում կատարած հանցավոր խումբը դատապարվել է ազատազրկման:
Դատարանը հավաստի է համարել քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներն առ այն, որ Հ. Սահակյանը, լինելով «Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, կալանավայրից կազմակերպել եւ իրագործել է մի շարք ավազակային հարձակումներ:
Մասնավորապես` 2009թ. օգոստոս ամսին Հ. Սահակյանը որոշել եւ իրագործել է Սպիտակ քաղաքի բնակիչ Գ. Կարոյանի խանութից առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերի եւ այլ ապրանքների գողությունը: Իր նպատակների իրագործման համար նա քրեակատարողական հիմնարկից զանգահարել է եւ համաձայնության է եկել իր բարեկամ Գ. Աջամյանի հետ, ով 2009թ. օգոստոսի 15-ի լույս 16-ի գիշերը հարմարեցված բանալու միջոցով մուտքի դռան փականը բացելով` ապօրինի մուտք է գործել Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան 3 հասցեում գտնվող, Գ. Կարոյանին պատկանող խանութ-սրահ եւ գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 5 151 480 դրամ ընդհանուր արժողությամբ գույք եւ գումար: Այնուհետեւ Գ. Աջամյանը գողացված ոսկյա զարդերի մի մասը իրացրել է Ռ. Հակոբյանին, ով իմանալով, որ դրանք գողացված են, գնել է դրանք: Ոսկյա զարդերի վաճառքից գոյացած գումարի մեծ մասը Գ. Աջամյանն ուղարկել է Հ. Սահակյանին:
Այնուհետեւ շարունակելով իր հանցավոր գործունեությունը` Հ. Սահակյանը սեպտեմբերի վերջին «Սեւան» ՔԿ հիմնարկում պլանավորել է Գ. Ավդալյանի բնակարանից զենքի գործադրմամբ ավազակության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությունը, որն իրագործել է Գ. Աջամյանը` Ռ. Մելոյանի, Լ. Եղիյանի եւ Ա. Յարմալոյանի հետ:
Մասնավորապես` 2009թ. սեպտեմբերի 29-ին` ժամը 1:00-ի սահմաններում, ավազակություն կատարելու նպատակով Գ. Աջամյանը Ռ. Մելոյանը, Լ. Եղիյանը եւ Ա. Յարմալոյանը հագել են նախապես իրենց հետ բերած դիմակները, իսկ Գ. Աջամյանը վերցրել է նաեւ իրենց մոտ ապօրինի պահվող 16 մմ տրամաչափի որսորդական հրացանն ու մոտեցել Տաշիր քաղաքի Լենինի փողոցի 77 հասցեում գտնվող Գ. Ավդալյանի բնակարանին: Վերջիններս, կոտրելով Ավդալյանների տան դուռը, մուտք են գործել բնակարան, հարձակվել են Գ. եւ Հ. Ավդալյանների վրա, կպչուն ժապավենով կապել նրանց եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել վերջիններիս վրա` ձեռքերով, ոտքերով եւ հրացանի բռնակով դիտավորությամբ հարվածներ հասցնելով Գ. Ավդալյանին: Սպառնալով Ավդալյաններին` Գ. Աջամյանը, Ռ. Մելոյանը, Լ. Եղիյանը եւ Ա. Յարմալոյանը Ավդալյանների առանձնատնից ավազակությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 3 118 153 դրամ ընդհանուր արժողությամբ գույք եւ գումար:
Ավազակությունից հետո հանցավոր խմբի անդամները դրսում հանդիպել են ծառայություն իրականացնող ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցներին, եւ նրանցից Ռ. Մելոյանն առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ` պայթեցնելով իր մոտ գտնվող ռազմամթերք չհանդիսացող ուսումնական նռնակն ու դիմել փախուստի:
Կատարված բազմակողմանի եւ նպատակաուղղված քննության արդյունքում բացահայտվել է նաեւ Սպիտակ քաղաքի բնակիչ Վ. Յարմալոյանի եւ Գավառ քաղաքի բնակիչներ Ե. Կիրակոսյանի, Ա. Օհանյանի, Ս. Վարդանյանի եւ Վ. Աբրահամյանի կողմից ավազակություն կատարողներին Մեդովկա գյուղից ավտոմեքենաներով տեղափոխելու, նրանց թաքցնելու, այսինքն` առանձնապես ծանր հանցագործություն կատարած հանցավոր խմբի անդամներին պարտակելու փաստը:
Բացի այդ, քննությամբ բացահայտվել է նաեւ Գ. Աջամյանի կողմից Ստեփանավան քաղաքում գտնվող Ա/Ձ Ա. Հովսեփյանին պատկանող, ինչպես նաեւ` Սպիտակ քաղաքում գտնվող Մ. Լամբարյանին, Գ. Ղորուխչյանին, Յ. Ղազարյանին պատկանող խանութներից առանձնապես խոշոր չափի գույքի գողության, ինչպես նաեւ` Սեւան քաղաքում գտնվող Ա/Ձ Ջ. Ավետիսյանին պատկանող ոսկայ զարդերի խանութից առանձնապես խոշոր չափերի գույքի գողության փորձի դեպքերը:
Այսպիսով` բացահայտվել եւ դատապարտվել են հանցավոր խմբի 11 անդամներ, ընդ որում` խմբի հիմնական դերակատարները` երկարատեւ ազատազրկման:
Դատավճռով Հ. Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 13 տարի 6 ամիս ժամկետով` գույքի բռնագրավմամբ` հանցագործությամբ պատճառված վնասի չափով:
Գ. Աջամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 323-րդ հոդվածով: Նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում`12 տարի 6 ամիս ժամկետով` գույքի բռնագրավմամբ` հանցագործությամբ պատճառված վնասի չափով, եւ տուգանք` 300 000 դրամի չափով:
Ռ. Մելոյանը մեղավոր է ճանաչվել 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 323-րդ հոդվածով եւ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 10 տարի 6 ամիս ժամկետով` գույքի բռնագրավմամբ` հանցագործությամբ պատճառված վնասի չափով, եւ տուգանք` 300 000 դրամի չափով:
Լ. Եղիյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 323 –րդ հոդվածով եւ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ` հանցագործությամբ պատճառված վնասի չափով, եւ տուգանք` 300 000 դրամի չափով:
Ա. Յարմալոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 323-րդ հոդվածով: Ա. Յարմալոյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 9 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ` հանցագործությամբ պատճառված վնասի չափով, եւ տուգանք` 300 000 դրամի չափով:






Facebook
Tweet This
Email This Post
