Հայաստանում ԼՂՀ-ից եւ Ջավախքից վերապատրաստվել է 18 բժիշկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 27, 2011 10:14
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ջավախքի բժիշկների համար Հայաստանում իրականացվում է վերապատրաստման ծրագիր: Այն իրագործում է Հայ օգնության ֆոնդի Բժշկական շրջանավարտների միությունը’ ՀՀ եւ ԼՂՀ առողջապահության նախարարությունների, Ջավախքի բուժհաստատությունների, Երեւանի առաջատար կլինիկաների հետ համագործակցությամբ: Ֆինանսական աջակցությունը ցուցաբերում է Ամերիկահայ բժիշկների միությունը:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի պատասխանատու Համբարձում Սիմոնյանը, արդեն վերապատրաստվել է 18 բժիշկ, որից չորսը Ջավախքից, 14-ը’ ԼՂՀ-ից: Մանկաբույժները, թերապեւտները, նեոնատոլոգները, վիրաբույժները եւ այլ մասնագետ-բժիշկները Երեւանի առաջատար կլինիկաներում մասնակցել են վերապատրաստման դասընթացների: 2011թ-ին ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերապատրաստել շուրջ 40 բժիշկ:
Ծրագիրը նախատեսված է 2 տարվա համար, ընդհանուր առմամբ նախատեսվում է Երեւանի առաջատար կլինիկաներում վերապատրաստել շուրջ 80 բժիշկ: Հ. Սիմոնյանի խոսքով’ ծրագիրն իրականացվում է ճկուն համակարգով:
«Մենք չենք սահմանել, որ այս տարվա ընթացքում նախատեսված 40 բժիշկներից 20-ն անպայման պետք է Ջավախքից լինեն, 20-ը’ ԼՂՀ-ից: Ծրագրի ճկուն համակարգը թույլ է տալիս, որ, ըստ անհրաժեշտության’ ստացված հայտերի հիման վրա անցկացվի դասընթաց»,-ասաց Հ. Սիմոնյանը:
ՀՕՖ-ը հիմնադրման օրվանից առանձնահատուկ ուշադրություն է դարձրել առողջապահական ծրագրերին: 1990-ականներին ՀՕՖ-ն իրականացրել է բժշկական-առողջապահական ծրագրեր, որոնց շրջանակում բազմաթիվ բժշկական սարքավորումներ են բերվել Հայաստան: Աջակցություն է ցուցաբերվել Հանրապետական գիտաբժշկական գրադարանին, ինչպես նաեւ 90-ից ավելի հայաստանցի բժիշկներ են վերապատրաստվել ԱՄՆ-ում եւ Կանադայում:






Facebook
Tweet This
Email This Post
