Դ.Հարությունյան. «Չեմ կարծում, որ հակառակ կողմը կգնա առճակատման»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 26, 2011 17:35
«Չեմ կարծում, որ հակառակ կողմը կգնա առճակատման, քանի որ իմ կարծիքը բանակցող մյուս կողմի մասին շատ բարձր է»,- այսօր կայացած Կոալիցիայի եւ ՀԱԿ-ի երկրորդ հանդիպումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը’ անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի արած այն հայտարարությանը, որ եթե բանակցությույններն արդյունք չտան, ապա լինելու է առճակատում: «Երբ խոսքը վերաբերում է երկխոսության, ապա կարծում եմ սխալ է, որ կողմերից մեկն ի սկզբանե գնում է հանդիպմանը որոշած լինելով, որ չի գնա զիջումների: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ պատրաստ ենք քննարկելու ցանկացած հարց»,- շեշտեց Դ.Հարությունյանը:
Նրա կարծիքով’ այդ հայտարարությունները կատարվել են մարտավարական նպատակներով, ոչ ավել: «Ես շարունակում է պնդել, որ արտահերթ ընտրությունների համար որեւէ հիմք չկա, սակայն երկխոսության իմաստը կայանում է հենց նրանում, որ քննարկենք ցանկացած հարց, կողմերը փոխանակեն իրենց տեսակետներն ու բերեն իրենց հիմնավորումները եւ մենք փորձենք հասկանալ իրար»,- նշեց ԱԺ պատգամավորը:
Պատասխանելով այն հարցին, թե կողմերից յուրաքանչյուրի համար ինչ հետեւանքներ կարող է ունենալ պայմանավորվածությունների խախտումը’ Դ.Հարությունյանը ընդգծեց, որ ընդունված օրակարգի քննարկման արդյունքում կողմերը պետք է գան քաղաքական համաձայնությունների կամ անհամաձայնությունների, ուստի ցանկացած կողմ ստիպված կլինի գործ ունենալ այն քաղաքական հետեւանքների առումով, որ կառաջանան հանրային ընկալման առումով:
«Քննարկման ընթացքում որեւէ լարվածություն չկար, մենք իսկապես բավականին արդյունավետորեն ենք աշխատել»,- ասաց Դ.Հարությունյանը:
Արմենպրես






Facebook
Tweet This
Email This Post
