Ջիվան Գասպարյանը չի ցանկանում խլել բակի երեխաների խաղահրապարակը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 26, 2011 14:31

«Ես անմեղ եմ, եւ ամբողջությամբ սուտ է, որ ցանկանում եմ մեր բակի երեխաների խաղահրապարակը խլել»,- այսօր լրագրողների հետ հանդիպումն այս խոսքերով սկսեց աշխարհահռչակ հայ դուդուկահար, Հայաստանի ժողովրդական արտիստ, ՀՀ պատվավոր քաղաքացի Ջիվան Գասպարյանը’ արձագանքելով այն աղմուկին, որ օրերս բարձրացրել էին Ալեք Մանուկյան 15-րդ շենքի եւ Այգեստան 7-րդ փողոցի բնակիչները: Վերջիններս նամակ-բողոք են հղել ՀՀ նախագահին’ խնդրելով, որպեսզի նա թույլ չտա «թյուրիմացություն հանդիսացող ճանապարհի բացումը»:

Ջ. Գասպարյանը նշեց, որ շուրջ 2 ամիս առաջ իրենց բակ եկած Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներին ինքը հորդորել է զբաղվել իրենց բակ տանող ճանապարհի շինարարությամբ, որովհետեւ եղածը շատ նեղ է եւ անհրաժեշտության դեպքում չի ծառայում իր նպատակին: «Շտապ օգնության մեքենաները չեն կարողանում մտնել բակ, հրդեհի դեպքում հնարավոր չի լինել շտապ օգնություն հասցնել»,- ասաց Ջ. Գասպարյանը’ շեշտելով, որ իր այս առաջարկը սխալ է մեկնաբանվել, շահարկվել եւ արդյունքում’ կեղծ լուրեր են պտտվում, թե ինքը թույլտվություն է ստացել ՀՀ նախագահից: «Սա ուղղակի ծիծաղելի է, ուրեմն նախագահն ուրիշ բան ու գործ չունի՞»,- նշեց դուդուկահարը:

Նա նաեւ շեշտեց, որ ինքը ոչ թե իր անձնական կարիքներն է ցանկացել հոգալ, մասնավորապես’ տան բակ մտնելու կարճ ճանապարհ սարքել, այլ ժողովրդի ձայնն է բարձրացրել: «Ամո’թ է ուղղակի»,- ասաց դուդուկահարը:

Արմենպրես

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply