Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը` աշխարհի չեմպիոն
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | ankakh | հուլիսի 26, 2011 11:19
Չինաստանում անցկացված շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության վերջին` 9-րդ տուրում Հայաստանի ընտրանին, ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտելով հանդիպումն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, հռչակվեց աշխարհի չեմպիոն: Վասիլի Իվանչուկ-Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան-Պավել Էլյանով, Զախար Եֆիմենկո-Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան-Ալեքսանդր Մոյիսենկո պարտիաներն կարճատև պայքարից հետո խաղաղ ելք ունեցան: Այսպիսով, Հայաստանի հավաքականը մրցաշարում չկրեց ոչ մի պարտություն, և վաստակելով 14 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցների համար: Մեր երկրի ներկայացուցիչներն առաջին անգամ դարձան աշխարհի չեմպիոն: Հավաքականի կազմում բացի Արոնյանից, Մովսիսյանից, Հակոբյանից,Սարգսյանից խաղում էր նաև Ռոբերտ Հովհաննիսյանը: Հավաքականի մարզիչն է ` Արշակ Պետրոսյանը: Բոլոր խաղերին մասնակցած` 9-ական հանդիպում անցկացրած Մովսիսյանը, Հակոբյանը և Սարգսյանը վաստակեցին համապատասխանաբար 6, 6 և 4,5 միավոր: Արոնյաննը 8 պարտիա անցկացրեց և թիմին բերեց 5 միավոր: Նա չմասնակցեց ամենաթույլ թիմի` Եգիպտոսի հավաքականի հետ հանդիպմանը: Իսկ Հովհաննիսյանը միայն մեկ անգամ խաղատախտակի առջև նստեց և պարտիան ավարտեց հաղթանակով: Կարևորն այն է, որ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող Հայաստանի հավաքականը նոր բարձունք նվաճեց:





Facebook
Tweet This