«Էրեբունի» արգելոց-թանգարանի զարգացման ծրագիրը կարժենա մոտ 1 մլրդ դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 26, 2011 10:27
«Էրեբունի» արգելոց-թանգարանի զարգացման ծրագիրը ենթադրում է մոտ 1 մլրդ դրամի ներդրում: Այն ներառվել է Երեւանի զարգացման գերակայություններում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Էրեբունի» արգելոց- թանգարանի ղեկավար Գագիկ Գյուրջյանը, այդ գումարից 400 մլն-ը նախատեսվում է օգտագործել հնավայրը 1968 թվականի վիճակին բերելու ուղղությամբ:
«Խորհրդային շրջանում հնավայրի տարածքում օգտագործվել են բետոնե սալիկներ, հնագիտական բարեկարգումներ իրականացնելու համար ոչ համապատասխան եղանակներ, որոնք պետք է շտկել, ինչպես նաեւ վերացնել դրան հաջորդած շրջանում արված վանդալիզմի հետքերը: Այդ 400 մլն դրամը, որը պետք է ուղղվի տարածքի վերջնական տեսքի բերմանը, ավելի շատ պետական հոգածության խնդիր է»,-ասաց Գ. Գյուրջյանը’ հավելելով, որ ՀՀ մշակույթի նախարարությունը վերջին տարիների ընթացքում միշտ ուշադրության կենտրոնում է պահել հնավայրը, եւ այս նախագծի բարեկարգման աշխատանքները կիրականացվեն նախարարության հետ համատեղ:
Անդրադառնալով ծրագրով նախատեսված մնացած գումարի հայթայթման հնարավորություններին’ Գ. Գյուրջյանը հավաստիացրեց, որ այդ հարցում արգելոց- թանգարանին աջակցում է Երեւանի քաղաքապետարանը, որը նախագիծը ներառել է ֆինանսավորման կարիք ունեցող զարգացման ծրագրերի շարքում:
Տեղեկացնենք, որ «Էրեբունի» արգելոց- թանգարանի զարգացման ծրագրի համաձայն’ ենթադրվում է հնավայրի շրջակա տարածքի պարսպապատում, ավտոկանգառի, հատուկ մեքենաների համար զբոսաշրջային, ձիակառքերի համար նախատեսված երթուղու, ինչպես նաեւ «Արին Բերդ»-ի հարեւան բլրի լանջին բացօթյա ամֆիթատրոնի կառուցում:






Facebook
Tweet This
Email This Post
