Ավարտվել է ՀՀ-ում հաշմանդամների ներառական կրթությունը խթանող եռամյա ծրագիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 25, 2011 14:38
2011թ. հունիսին ավարտվեց ԱՄՆ ՄԶԳ և Վորլդ Վիժն կազմակերպության «Հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հզորացում հանուն առավելագույն ներառման» ծրագիրը, որն ուղղված էր հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի ներառական և հասանելի հասարակության ստեղծմանը: Եռամյա այս ծրագիրը խթանում էր հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթությունը և ուղղված էր Հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների (ՀՈՒԱԿ) և ՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը` պետական մարմինների հետ համագործակցելու և Հայաստանում հաշմանդամների իրավունքների մասին հանրային իրազեկման բարձրացնելու նպատակով:
Ըստ Հայաստանի Հանրապետության օրենքի, հատուկ կարիքներով երեխաները կրթության իրավունք ունեն: Այնուամենայնիվ, առկա խարանների պատճառով շատ ծնողներ իրենց երեխաներին զերծ են պահում սոցիալական գործունեությունից և թույլ չեն տալիս նրանց կրթություն ստանալ հանրային դպրոցներում: Ծրագրի սկզբում իրականացված հետազոտությունները պարզեցին, որ Հայաստանի ծնողների և դպրոցի աշխատակիցների շարքում առկա է սոցիալական նախապաշարմունք, համաձայն որի հաշմանդամություն ունեցող երեխաները չեն կարող կրթություն ստանալ և կարող են խաթարել ուսումնական գործընթացը:
Վերջին տասնամյակում Հայաստանը սկսել է հրաժարվել հատուկ դպրոցներից և այժմ ստեղծում է հանրային ներառական դպրոցներ, որտեղ կհաճախեն հաշմանդամություն ունեցող երեխաները: Ծրագիրը սկզբնական փուլում աշխատում էր չորս համայնքների հետ (Երևան, Գյումրի, Ալավերդի, Ստեփանավան), իսկ 2010թ. հունվարից աշխատանքներ սկսեց նաև Կապանում և Սիսիանում` ներգրավելով 37 դպրոց և 30 նախադպրոցական հաստատություն վեց քաղաքներում: Ծրագիրն օգնել է գոծընկեր ՀՈՒԱԿ-երին բարելավելու իրենց կազմակերպչական և համակարգային հմտությունները, ինչպես նաև ներազդելու որոշումների ընդունման գործընթացների վրա` համագործակցելով տեղի ինքնակառավարման մարմինների և հատուկ կարիքներով երեխաներին սատարող դոնոր կազմակերպությունների հետ: Համատեղ ջանքերի շնորհիվ հաշմանդամություն ունեցող 73 երեխաներ արդեն ընդունվել են իրենց համայնքների հանրային դպրոցները:
Հայաստանում հաշմանդամությանն առնչվող խարանը նվազեցնելու համար ծրագիրն իրականացրել է հանրային իրազեկման արշավ` հատուկ կարիքներով անձանց ընկալումն ու նրանց նկատմամբ զգայուն վերաբերմունքը բարելավելու, առկա ծառայությունների վերաբերյալ իրազեկելու և համայնքային կամավորականությունը խթանելու նպատակով: 6 գործընկեր ՀՈՒԱԿ-եր կազմակերպել են ավելի քան 1000 դասընթաց և կրթական միջոցառում, որոնց մասնակցել են 4546 երեխա (որոնցից 590-ը` հաշմանդամ), 1099 մանկավարժ (ներառյալ հոգեբաններ և հատուկ մանկավարժներ ) և 1856 ծնող: Հայաստանում 60 000 մարդ տեղեկացվել է ներառական կրթության մասին իրազեկման արշավների միջոցով, որոնք հանգեցրել են համայնքներում հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքի բարելավմանը:
Համագործակցելով ՀՀ կառավարության և ՀԿ-ների հետ Ծրագիրը աջակցել է նաև Հայաստանում ներառական կրթության իրականացմանն ուղղված Ազգային ռազմավարական փաստաթղթի ստեղծմանը, որը ներկայացվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարություն և կընդգրկվի վերջնիս Գործողությունների ծրագրում:
Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվել է վեբկայք Հաշմանդամության ազգային կոմիտեի համար (www.disabilityarmenia.am), որը միավորում է բոլոր շահագրգիռ ՀԿ-ներին և ՀՈԱՒԿ-երին և նպաստում նրանց գործունեության համակարգմանը: Հաշմանդամություն ունեցող 1503 երեխա հետազոտվել է բազմամասնագիտական խմբի կողմից` երեխաների կրթական կարիքների բացահայտման և նրանց համար անհատական ուսումնական ծրագիր կազմելու նպատակով: Բացի այդ, ծրագրի շրջանակում հրապարակվել է ներառական կրթության վերաբերյալ հինգ դասագիրք և 25 հանրակրթական դպրոցներում սայլակների մուտքն ապահովող հարթակներ են տեղադրվել:
Շարունակելով իր գործունեությունը այս ոլորտում, ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է սկսել նոր ծրագիր, որը կխթանի Հայաստանում հավասար զբաղվածության հնարավորությունները և կաջակցի հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկումը աշխատանքային շուկա:






Facebook
Tweet This
Email This Post
