Հերթական մրցակիցն Ադրբեջանի հավաքականն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 25, 2011 11:45

Չինաստանի Նինգբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային 8-րդ առաջնության 7-րդ տուրում Հայաստանի շախմատի ազգային հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Հունգարիայի թիմին: Լևոն Արոնյանը ոչ- ոքի  խաղաց Պետեր Լեկոյի հետ: Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Զոլթան Ալմաշիին: Իսկ ահա, Վլադիմիր Հակոբյանը ոչ- ոքի խաղաց Հուդիթ Պոլգարի, Գաբրիել Սարգսյանը՝ Չաբա Բալոգի հետ:

Մեր թիմը 7 տուրերից հետո վաստակելով 12 թիմային միավոր` շարունակում է  վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: 2-3-րդ տեղերը բաժանում են Չինաստանի և Ուկրաինայի թիմերը, որոնք ունեն 9-ական թիմային միավոր:

4-6-րդ տեղերը 8-ական միավորով բաժանում են Ռուսաստանի, Հունգարիայի և ԱՄՆ-ի հավաքականները:

Ադրբեջանի թիմը 6 թիմային միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը, 8-9-րդ տեղերում են Հնդկաստանի և Իսրայելի հավաքականները՝ 5-ական միավոր: 10-րդ տեղը զբաղեցնող Եգիպտոսի թիմն առայժմ թիմային միավոր չի վաստակել:

Այսօր Հայաստանի շախմատիստները խաղալու են Ադրբեջանի թիմի հետ: Արոնյանի մրցակիցն է Թեյմուր Ռաջաբովը, Մովսիսյանը խաղալու է Վուգար Հաշիմովի, Վլադիմիր Հակոբյանը՝ Ռաուֆ Մամեդովի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply