Բյուրականում մեկնարկել է «Բազե» ճամբարը

Օրվա լուր | | July 23, 2011 12:13

Վարչապետ, Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ հանդիպել է հուլիսի 22-ին Բյուրականում մեկնարկած «Բազե» երիտասարդական ճամբարի մասնակիցներին: Երիտասարդները կառավարության ղեկավարին են ներկայացրել ճամբարի առօրյան, պայմանները:
Ողջունելով ճամբարականներին` վարչապետը նշել է. «Ընդհանրապես, «Բազեն» ունի մեծ խորհուրդ. այն ոչ միայն երիտասարդներին համախմբելու փորձ է, այլև առանձնահատուկ մթնոլորտի ձևավորում, որը մեր մեջ դաստիարակում է հայրենասիրություն, նվիրվածություն: Այստեղ դուք լիցքավորվելու եք այնպիսի արժեքներով, հասկանալու եք, թե հանուն ինչի եք ապրելու և պայքարելու»: Վարչապետը նշել է, որ այսօր պետական տարբեր պաշտոններ զբաղեցնողներից շատերը նախկինում եղել են բազեականներ և համոզմունք է հայտնել, որ ճամբարի մասնակիցների թվում էլ լինելու են վառ անհատականություններ, որոնք իրենց ուսերին են կրելու մեր հայրենիքը շենացնելու գործը:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը մասնակցել է բազեականների կողմից կազմակերպած խարույկահանդեսին:
Ճամբարին մասնակցում են Հայաստանի 10 մարզերից և Երևանի 12 վարչական շրջաններից 18-30 տարեկան ավելի քան 700 երիտասարդներ, ովքեր ապրում են վրանային պայմաններում: Ճամբարի շրջանակներում կանցկացվեն մարզամշակութային միջոցառումներ և արշավ՝ դեպի Ամբերդ, հետաքրքիր հանդիպումներ: Ճամբարն անցկացվում է երեք հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրի մասնակիցները ներկայացնելու են ՀՀ պետական դրոշի առանձին գույները: Յուրաքանչյուր փուլում հանդես կգա մոտ 220 երիտասարդ: Ճամբարի ընթացքում երեք անվանակարգերում’ «Լավագույն սպորտային ջոկատ», «Լավագույն մշակութային ջոկատ», «Լավագույն կազմակերպված ջոկատ», կշնորհվեն մրցանակներ:
Նշենք, որ «Բազե» ճամբարը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն անցկացնում է «Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպություն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: Այն կտևի մինչ հուլիսի 31-ը: «Բՙՙազե» երիտասարդական փառատոնի երկրորդ փուլը՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, տեղի կունենա օգոստոսի 20-24-ը Ծաղկաձորում, որին կմասնակցեն մոտ 350 երիտասարդներ՝ Երևանից, Հայաստանի մարզերից, Արցախից, Ջավախքից եւ սփյուռքից: Երիտասարդական փառատոնը կեզրափակվի օգոստոսի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք համերգով:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply