Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ:

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 23, 2011 17:56

Այս տարի օլիմպիադային, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, մասնակցել են 11 երկրից ժամանած 128 պատանիներ և աղջիկներ:

Հանրապետության ղեկավարը ողջունել է օլիմպիադայի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին, շնորհավորել և հաջողություններ մաղթել հաղթողներին ու բոլոր մասնակիցներին: Նախագահը կարևորել է համահայկական օլիմպիադային մասնակցությունը. «Հայրենասիրությունը վերացական հասկացություն չէ, այն դրսևորվում է որոշակի գործերով: Ի՞նչ է հայրենասիրությունը իմ պատկերացմամբ դպրոցականների համար. դա առաջին հերթին այն է, երբ նա սիրում է իր ծնողներին, հարգում իր ընկերներին, այդ թվում` ավագ ընկերներին, ուսուցիչներին և բարեխղճորեն ուսում ստանում, գիտելիք ձեռք բերում: Հայրենասիրությունը հայ զինվորի համար այն է, երբ նա կատարելապես տիրապետում  է իր զենքին, դժվարություններից չի խուսափում և պատրաստ է իր հայրենիքը պաշտպանել: Կարևորն այն է, որ նա հաստատակամ է, որ նա չի ճողոպրելու թշնամու առջև, որ իր պարտականությունները  պատրաստակամորեն է կատարելու»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է խոսել հատկապես հայոց լեզվի, հայ գրականության և հայագիտության բնագավառում օլիմպիադային մասնակցության վերաբերյալ, ընդգծելով, որ  մեր մտածողության, ինքնության հիմքը` մեր լեզուն և գրականությունն է, և հայ լինելը հենց առաջին հերթին դրանով է պայմանավորված: «Մենք ասում ենք, որ հազարամյակների միջով անցել և հասել ենք 21-րդ դար, որ պատմության դժվարին ճանապարհներին շատ ժողովուրդներ են մնացել, իսկ մենք եկել հասել ենք մինչև 21-րդ դար: Դա պայմանավորված է նաև մեր լեզվով, գրականությամբ, մեր հավատով: Ես ձեզ հաջողություններ եմ մաղթում, ցանկանում եմ, որ որտեղ էլ լինեք, ձեզ հայ զգաք, որպեսզի ձեր կապը հայրենիքի հետ լինի հաստատուն: Ցանկանում եմ, որպեսզի դուք մշտապես վստահ լինեք, որ, այո՛, ունեք հայրենիք, որը կոչվում է Հայաստան և որը մշտապես պատրաստ է ձեզ գրկաբաց ընդունել»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Այնուհետև Սերժ Սարգսյանը պատասխանել է օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Ծաղկաձորում Նախագահը հանդիպում է ունեցել նաև «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է ուսանողներին` աշխարհի առաջնակարգ ուսումնական հաստատություններ ընդունվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ ուսումնառության մեջ և կյանքում: Կրթաթոշակառուները շնորհակալություն են հայտնել Հանրապետության ղեկավարին` ուսանողներին աջակցելու ծրագրի համար և նշել, որ արտերկրում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելու են ի նպաստ հայրենիքի հզորացման ու զարգացման:

«Լույս» հիմնադրամի նախորդ և այս ուսումնական տարվա կրթաթոշակառուները Սերժ Սարգսյանին ներկայացրել են Հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ փորձում են ստացած գիտելիքները կիրառել Հայաստանի զարգացմանն ուղղված որոշակի նախագծեր մշակելու նպատակով:

Նախագահը հանդիպման ավարտին «Լույս»-ի կրթաթոշակին արժանանալու հավաստագրեր է հանձնել նոր ընդունված ուսանողներին:

 

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply