Փոխվարչապետն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 23, 2011 13:19

 

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Թումանյանի քաղաքապետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հենրիկ Քոչինյանի, շինարարական կապալառու կազմակերպության ղեկավարի եւ այլ պատասխանատուների հետ քննարկել է Մոտկորի ձորի ճանապարհի վերանորոգման աշխատանքների ընթացքը, որի նպատակով պետբյուջեից հատկացվել է 180,5 մլն դրամ: Ճանապարհը մարզի 6 համայնքները կապում է հիմնական մայրուղուն:

Փոխվարչապետին ներկայացվել է իրականացվող շինարարության ծավալը, զեկուցվել, որ աշխատանքներն ընթանում են ամբողջ ծավալով: Այստեղ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցվում է խճապատ ճանապարհ, որն արդյունավետ է շահագործման տեսանկյունից` հաշվի առնելով տարածաշրջանի բնակլիմայական պայմանները:

Ա. Գեւորգյանն այցելել է նաեւ Թումանյանի դպրոց, որի մարզադահլիճը վերանորոգվում է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով: Տեղեկացվել է, որ աշխատանքների հիմնական մասն արված է, եւ վերանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից` օգոստոսի 30-ից շուտ:

Քարկոփ համայնքում փոխվարչապետը ծանոթացել է նույն ծրագրով խմելու ջրագծի կառուցման 29 մլն 980 հազար դրամ արժողությամբ աշխատանքների ընթացքին: Համայնքի բնակիչները Ա. Գեւորգյանի հետ հանդիպմանը բարձրացրել են նաեւ համայնքային ընթացիկ հարցեր, մասնավորապես` նշվել է համայնքի գազիֆիկացման անհրաժեշտության մասին:

Այնուհետեւ փոխվարչապետը «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ Օձուն, Ճոճկան համայնքներում ծանոթացել է «Հազարամյակի մարտահրավեր-հիմնադրամ Հայաստան» ծրագրով վերանորոգվող ոռոգման ներտնտեսային ցանցերի շինարարական աշխատանքների ընթացքին: Դրանք կավարտվեն նախատեսված ժամկետներում` մինչեւ օգոստոսի 31-ը:

Տեղեկացվել է, որ Օձուն-Այգեհատ ջրագծերի վերականգնման արդյունքում Օձուն համայնքում էականորեն նվազել են ջրի կորուստները, ընթացիկ տարում արդեն լրացուցիչ մշակվել է 90 հա հողատարածք: Ճոճկանում մինչեւ ծրագրի մեկնարկը մշակվում էր 250 հա հողատարածք, ներկայումս ոռոգելի հողատարածքները կազմում են 450 հա, իսկ ծրագրի ավարտին եւս 300 հա կդառնա ոռոգելի: Վերակառուցված ոռոգման ցանցը հնարավորություն կստեղծի մշակել ավելի բարձր եկամտաբերություն ունեցող մշակաբույսեր, ներկայիս մշակվող բույսերը կարող են փոխարինվել նոր պտղատու այգիներով:

Ա. Գեւորգյանն աշխատանքային այցի ավարտին եղել է նաեւ ՀՄՀ-ով վերականգնվող Նոյեմբերյանի պոմպակայանում, ծանոթացել կատարված աշխատանքների ծավալին: Զեկուցվել է, որ պոմպերի վերազինման եւ պոմպակայանի վերակառուցման աշխատանքներն արդեն ավարտված են, պոմպերն արդեն շահագործվում են: Ավարտված է պատվարի վերակառուցման աշխատանքների հիմնական մասը: Հաշվի առնելով շինարարության բարդ տեխնիկական լուծումները եւ շինարարության ընթացքում դրանց ապահովման դժվարությունները` պատվարի շինարարութան ամբողջական ավարտը նախատեսվում է մինչեւ օգոստոսի 20-ը:

ՀՄՀ-ի պատասխանատուները փոխվարչապետին ներկայացրել են նաեւ ՀՄՀ ծրագրով Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների ընթացքը: Տեղեկացվել է, որ մարզում աշխատանքներն ընթանում են ողջ թափով եւ կավարտվեն նախատեսված ժամկետներում:

Փոխվարչապետը կարեւորել է աշխատանքները որակով եւ առանց թերությունների իրականացնելու հանգամանքը, ինչպես նաեւ շահագործման ժամանակ ընթացիկ խնդիրներին արագ արձագանքելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply