Միլիարդ դոլարանոց գաղափարն ընկած էր ճամփեզրին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 23, 2011 13:40
35 տարի առաջ, լինելով շատ երիտասարդ, Ժան Կլոդ Դեկոն ապրուստի միջոց էր վաստակում Փարիզի շենքերի պատերին հայտարարություններ կպցնելով: Նրա համեստ վաստակին հանկարծակի վերջ տրվեց, երբ տեղական իշխանություններն այդ զբաղմունքն անօրինական համարեցին:
Այդժամ Դեկոն, որի առաջ անգործ թափառաշրջիկ դառնալու ոչ այնքան հաճելի հեռանկարն էր սավառնում, ստիպված էր գլխին զոռ տալ: Եվ դա արդյունք տվեց: Նրա գլխում մի գաղափար ծագեց. գաղափար, որ կթույլատրեր նրան շարունակել հայտարարություններ կպցնել, բայց դա այնպես անել, որ միաժամանակ ներդրում ունենար կյանքի որակի եւ քաղաքի բարեկարգման գործում:
Ոգեշնչումը Դեկոյին այցելեց մի անձրևոտ օր, երբ նա անգործ ու տխուր քաղաքով քայլելիս տեսավ ավտոբուսի սպասող մինչև ոսկորները թրջված մարդկանց: «Ինչո՞ւ անվճար չկառուցել ավտոբուսի կանգառներ ՝ դրանց վրա գովազդներ տեղադրելու իրավունքի փոխարեն»,- մտածեց Դեկոն:
Նա այդ առաջարկությամբ դիմեց Լիոնի քաղաքապետին և ստացավ գործելու իրավունք: Այդ անձրևոտ օրը կարելի է համարել փողոցային սարքավորումների տեղադրման գծով աշխարհում ամենախոշոր ընկերության հիմնադրման օր: 1999թ. նրա եկամուտը կազմում էր 1,4 միլիարդ դոլար. հիմնականում դա գովազդից ստացված եկամուտ էր:
Այսօր JCDecaux S.A. ընկերության փողոցային սարքավորումները տեղադրված են աշխարհի ավելի քան 1200 քաղաքներում: 1999թ. սկզբին ընկերությունը ձեռք բերեց Եվրոպայի ամենախոշոր Havas Media Communication – Outdoor Advertising ընկերությունը, որը զբաղվում էր գովազդային վահանակների արտադրությամբ և տեղադրմամբ, ընդլայնելով իր ներկայությունը 31 երկրներում և ավելի քան 11.000 քաղաքներում:
Տարիների ընթացքում ընկերությունն ընդարձակեց փողոցային սարքավորումների գծով իր առաջարկները՝ ավտոբուսի կանգառներից և կրպակներից մինչև թերթեր վաճառելու համար սեղաններ, ճանապարհային նշաններ, լուսարձակներ, աղբարկղեր, նստարաններ, ինտերակտիվ ինֆորմացիոն վահանակներ և ավտոմատ հասարակական զուգարաններ:
«Երբ ես տեղական իշխանությունների համար անվճար ստեղծում էի ավտոբուսի առաջին գովազդով կանգառը, ես ցանկանում էի լուծել հին սարքավորումների խնդիրը. պայքարել չափազանց շատ ու միանգամայն տգեղ գովազդի դեմ և դրան նոր արժեք հաղորդելով, ցույց տալ որակով գովազդի արդյունավետությունը»,- ասում է Դեկոն, ով մինչև հիմա ինքն է ղեկավարում իր մասնավոր ընկերությունը իր երկու որդիների՝Ժան-Ֆրանսուայի և Ժան-Շարլի հետ միասին: «Մեր հիմնական նպատակն էր քաղաքում մաքրություն պահպանելը և քաղաքացիներին անհրաժեշտ ծառայություններ մատուցելը»:
Այն մարդու համար, ով չգիտի դեպի որ նավահանգիստն է ուղևորվում, ոչ մի քամի էլ համընթաց չի լինի…
Սենեկա






Facebook
Tweet This
Email This Post
