Տեղեկատվական վեճերի խորհուրդը տվել է փորձագիտական եզրակացություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 23, 2011 12:50

«Իրավունք» թերթի 22.02.2011 թիվ 13 համարում հրապարակված «Կլորիկ գումա՞ր է կրվել» վերնագրով հոդվածի վերաբերյալ Տեղեկատվական վեճերի խորհուրդը տվել է փորձագիտական եզրակացություն:

Հոդվածը վերաբերվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մասին:

Տիգրան Արզաքանցյանը դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ դատարան)՝ դատարանից պահանջելով պարտավորեցնել «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերությանը «Իրավունք» թերթում հրապարակել դատարանի վճիռը լրիվ կամ մասնակի, պարտավորեցնել թերթին հրապարակել հոդվածի առնչությամբ իր կողմից ներկայացված պատասխանը, «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ից  բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում վիրավորանքի և զրպարտության հետևանքով իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի դիմաց և 568.000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում իր կողմից կատարված դատական ծախսերի դիմաց:

24.06.2011թ. դատարանը կայացրել է վճիռ (դատավոր՝ Ռ. Ափինյան), որով ամբողջությամբ մերժել է հայցը անհիմն լինելու հիմքով:

Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ վեճերով  խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացությունների կազմումն ու հրապարակումը` Խորհուրդը որոշել է սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել վիճարկվող հոդվածը  և հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն`  «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք»:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն.

«Մարդու և քաղաքացու` Սահմանադրության 27 հոդվածով…ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում…այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար…:
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` ՄԻԵԿ կամ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի համաձայն.

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների եւ պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձեւականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ … այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածից և ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի 2-րդ մասից բխում է, որ անձի արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել, եթե միջամտությունը`   «նախատեսված է օրենքով»,   ծառայում է հոդվածում թվարկված «իրավաչափ նպատակներից» առվազն մեկին, տվյալ դեպքում` անձի «պատվի և բարի համբավի» կամ «հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելուն», և  «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»:
Այս վերջին պայմանը պահանջում է, որպեսզի ՄԻԵԴ-ը որոշի, թե արդյո՞ք գանգատի առարկա միջամտությունը բխում է «հրատապ հասարակական կարիքից», արդյո՞ք այն համաչափ է իր առջեւ դրված «իրավաչափ նպատակին» եւ արդյո՞ք իշխանությունների կողմից միջամտության արդարացման նպատակով առաջ քաշված պատճառները «վերաբերելի են և բավարար»:

Վիճարակվող հոդվածի՝ հայցադիմումում մեջ բերված արտահայտությունների իրավաչափության գնահատումը հիմնված է ՀՀ Սահմանադրության, ՄԻԵԿ 10-րդ հոդվածի,  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի պահանջների վրա:

Նշված որոշմանն հանգելիս  դատարանն առաջնորդվել է խոսքի ազատության ժամանակակից սկզբունքներով, որոնք մշակվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից և արդեն մոտ երեք տասնամյակ կիրառվում եմ զարգացած ժողովրդավարական հասարակարգերում:

Դատարանի վճիռն ամբողջությամբ կառուցված է բախվող լեգիտիմ շահերի միջև անհրաժեշտ հավասարակշռություն սահմանելու սկզբունքի վրա՝ առանձնահատուկ կարևորություն տալով մամուլի հատուկ դերին ժողովրդավարական հասարակարգում: Դատարանը փորձել է հավասարակշռել անձի հեղինակության պաշտպանության իրավունքը լրատվամիջոցի ազատ արտահայտվելու և հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքների հետ և արդյունքում հանգել է այն եզրակացության, որ տվյալ գործի հանգամանքների ներքո գերակայում են վերջին երկուսը:

Լրատվամիջոցի ազատ արտահայտվելու և հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքներին գերակայություն տալով՝ դատարանն առաջնորդվել է այն գաղափարով, որ հանրությունը ցանկանում է տեղեկացված լինել իր քաղաքական գործիչների մասին, որը կարող է ներառել նաև անձնական կյանքի մասին միջամտող բնույթի, մասնավորապես՝ վարքագծի դրսևորումների մասին հավասարակշռված տեղեկատվությունը լրատվամիջոցի կողմից: Թեև անվիճելի է, որ անձնական կյանքի պաշտպանության իրավունք ունեն բոլորը, այդուհանդերձ, դատարանը համարել է, որ էական է այն հանգամանքը, թե արդյոք լրատվական նյութը վերաբերել է մի անձի,  ով շարունակում է պաշտոնավարել և իրականացնել պաշտոնեական գործառույթներ: Դատարանը հանգել է այն եզրահանգման, որ նման դեպքերում պաշտոնավարող քաղաքական գործիչները պետք է ակնկալեն անձնական կյանքի առավել նվազ պաշտպանություն, քանի որ նրանց յուրաքանչյուր գործ և խոսք գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և հանրությունը, ցանկանալով տեղեկացված լինել իր քաղաքական առաջնորդների մասին, իրականացնում է տեղեկություններ ստանալու իր իրավունքը, որն իրավաչափ շահ է: Դատարանը հանրության տեղեկություն ստանալու իրավունքը գերադասել է անձի անձնական կյանքի, տվյալ դեպքում հեղինակության պաշտպանության իրավունքից, ինչը, կարծում ենք, միանգամայն օրինաչափ մոտեցում է:

Ողջունելի է այն հանգամանքը, որ վիճահարույց յուրաքանչյուր արտահայտության իրավաչափությունը գնահատելիս դատարանը հաշվի է առել համատեքստը, որի ներքո տվյալ բառը կամ արտահայտությունն օգտագործվել է լրագրողի կողմից:  Նման մոտեցումը դատարանին հնարավորություն է տվել պաշտպանել չափազանցված խոսքը: Նշվածը  նոր մոտեցում է ՀՀ դատական պրակտիկայում՝ առնվազն տեղեկատվական վեճերի վերաբերյալ դատական պրակտիկայում: Օրինակ, գնահատելով «թրև գալ» արտահայտության իրավաչափությունը դատարանը հաշվի է առել, որ նշված արտահայտությունն օգտագործվել է ոչ թե ինքնանպատակ, որի դեպքում կարող էր խնդիր առաջանալ լրագրողական վարքագծի տեսանկյունից, այլ աշխատողներին ժամանակին աշխատավարձ չվճարելու հանգամանքը և ազգային ժողովի պատգամավորի՝ խաղատներ հաճախակի այցելելու երևույթը քննադատելու նպատակով՝ դրանով իսկ քննադատությունն ուղղելով քաղաքական գործչի գործողությունների, այլ ոչ թե բացառապես նրա անձի վրա: Նշված հանգամանքով էր պայմանավորված դատարանի որոշման այն մասը, որում դատարանն իր պաշտպանության տակ է առել այնպիսի լրատվական նյութ, որի ճշմարտացիությունը լրատվամիջոցը չի կարողացել հիմնավորել դատաքննության ընթացքում: Սա անելիս դատարանը հաշվի է առել, որ տվյալ դեպքում լրատվամիջոցը ակնհայտորեն նպատակ չի հետապնդել արատավորել հայցվորի պատիվն ու  արժանապատվությունը, որը զրպարտության և վիրավորանքի անհրաժեշտ տարր է:

 

Իրերը գնահատելով իրենց համատեքստում, դատարանը հաջողությամբ կիրառել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի բարձր չափանիշը, այն է, որ յուրաքանչյուր դեպքում լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքի միջամտության անհրաժեշտության հարցը պետք է գնահատվի ելնելով այն սկզբունքից, թե արդյոք միջամտության համար առկա է հասարակական  սուր պահանջ և թե արդյոք նման միջամտությունն «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»: Նման մոտեցումը ցույց է տալիս, որ դատարանը տվյալ վեճը դիտել է  ոչ միայն մրցակցող անհատական շահերի, այլ նաև հանրային շահի տեսանկունից: Այսպիսով, որոշումը կայացնելիս դատարանը դուրս է եկել մրցող կողմերի նեղ անձնական շահերի շրջանակներից  և կայացրել այնպիսի որոշում, որը բարենպաստ հետևանք է առաջացրել ողջ հանրության համար:

Գնահատելի է նաև այն հանգամանքը, որ դատարանը նախընտրել է պատասխանող լրատվամիջոցի համար հստակեցնել հերքման և պատասխանի հրապարակման համար օրենսդրական պահանջները, քանի որ այս առումով դատարանը նկատել է, որ հերքման և պատասխանի հրապարակման վերաբերյալ պատասխանող լրատվամիջոցի դատարան ներկայացրած պնդումները առերևույթ հակասում էին օրենքի պահանջներին:

Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ դատարանի վճիռն ամբողջությամբ համապատասխանում է ներպետական և միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքներին, իսկ վիճարկվող հոդվածի՝ հայցադիմումում մեջ բերված արտահայտությունների իրավաչափությունն ամբողջությամբ գնահատված է դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության, ՄԻԵԿ 10-րդ հոդվածի,  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի համաձայն:

 

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply