Կապիտալի արտահոսքի ահագնացող երևույթներ չկան

Պաշտոնական, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 23, 2011 9:12

Կապիտալի արտահոսքի վերաբերյալ կառավարությունն ունի հստակ պատկերացումներ, և այդ տեսակետից ահագնացող երևույթներ ներկայում չկան: Այս մասին այսօր նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Օշականի դպրեվանքում մտավորականների հետ հանդիպման ժամանակ: «Մանրակրկիտ կերպով ուսումնասիրվում են կապիտալի հոսքերը, մեր երկրի վճարային հաշվեկշիռը: Կենտրոնական բանկն այդ գործառույթն իրականացնում է պրոֆեսիոնալ մակարդակով: Իհարկե, կան որոշ դեպքեր, երբ մեր հայրենակիցները գործարաններ են կառուցում ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում, չնայած նրան, որ իրենց եկամուտները վաստակում են Հայաստանում: Բայց մյուս կողմից էլ, վարելով ազատական քաղաքականություն, մենք չենք կարող մեր գործարարների առջև սահմանափակումներ կիրառել, թե ինչպես նրանք կառավարեն իրենց ֆինանսական հոսքերը: Պետք է հաշվի առնել, որ գործարարները պետք է դիվերսիֆիկացիայի ենթարկեն իրենց ռիսկերը, ինչը բխում է նաև մեր երկրի շահերից: Եթե Հայաստանում իրենց բիզնեսը կազմակերպող տնտեսվարողներն ունենան ավելի դիվերսիֆիկացված բիզնեսներ, ապա դա կապահովի մեր երկրի տնտեսական կայունությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը հանդիպել է այն գործարարների հետ, ովքեր ներդրումներ են իրականացրել Վրաստանում: «Չի եղել նման այնպիսի դեպք, որտեղ չլիներ խելամիտ տնտեսագիտական շարժառիթ: Օրինակ՝ հանդիպել եմ այն գործարարների հետ, ովքեր Վրաստանում դեղագործական հումքի մշակման հարթակ են ստեղծում: Ելնելով իրենց բացատրություններից՝ հասկանում ենք, որ նրանք հումքի կայուն մատակարարում են ապահովելու Հայաստանին, ավելին` գրավելու են այս ոլորտում տարածաշրջանի երեք պետությունների շուկաները: Հասկանալի է, որ նման երևույթները վտանգավոր չեն: Վտանգավոր կլինեն այն պարագայում, եթե գործարարներն ամբողջովին դուրս բերեն իրենց բիզնեսը մեր երկրից, իսկ առարկայական նման դեպքեր այսօր չունենք», – ընդգծել է գործադիրի ղեկավարը: Անդրադառնալով կրթական խնդիրներին՝ Տիգրան Սարգսյանը մեծապես կարևորել է բուհերի շրջանավարտների գիտելիքների որակի բարձրացումը: «Ցավոք, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ունենք տասնյակ համալսարաններ, որոնք ոչ թե գիտելիք են տալիս, այլ դիպլոմ: Սա լրջագույն չարիք է: Մեր կրթական բարեփոխումների նպատակն էլ այս խնդիրը լուծելն է», – ասել է կառավարության ղեկավարը: Հիշեցնենք, որ այսօր վարչապետն այցելել է Արագածոտնի մարզ, եղել Աշտարակի անձնագրային բաժանմունքում, այնուհետև Օշականում հանդիպել Հայաստանի գրողների միության նախագահության և մտավորականների հետ: Օշականում Հայաստանի վարչապետը ծաղիկներ է դրել սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

Դիտվել է 793 անգամ:
Print Friendly

Leave a Reply