Տեր Վահրամ քահանան մեքենա նվիրելու մեջ ոչ մի անպատշաճություն չի տեսնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 22, 2011 15:17

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բյուջեի շուրջ 16-18 տոկոսը գոյանում է եկեղեցիներում իրականացվող մոմավաճառությունից, այնտեղ վաճառվող գրականությունից եւ գանձանակի մեջ նետվող նվիրատվություններից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը’ հավելելով, որ մնացյալ գումարը հայթայթվում է անհատ բարերարներից կամ կառույցներից, որոնք իրենց նվիրատվություններն են անում Մայր Աթոռի գործունեության համար, հատկապես’ առանձին ծրագրերի հովանավորության տեսքով:

Նրա խոսքով’ վերջերս տարածված այն լուրերը, որոնց համաձայն’ Մայր Աթոռը 6 մեքենա է գնել, չեն համապատասխանում իրականությանը: «2 տարի առաջ դրանք նվիրաբերվել են ազգային բարերար Սամվել Կարապետյանի կողմից, Մայր Աթոռը նման գնում չի կատարել»,- ասաց նա’ հավելելով, որ խոսվում է նաեւ ինչ-որ միկրոավոտոբուս գնելու մասին, որն էլ նվիրաբերվել է հոլանդացի մի ուխտավորի կողմից: «Մայր Աթոռը դրա համար որեւէ միջոց չի վատնել»,- շեշտեց Տեր Վահրամը:

Նրա խոսքով’ ծիծաղելի է անգամ մտածել, որ շուրջ 6 հազար աշխատակից ունեցող հաստատության համար «հանցագործություն է» ունենալ մի քանի մեքենա, որոնք այսօրվա պայմաններում այնքան էլ զեխություն չեն: «Նվիրատվությունը կատարվում է նվիրատուի անձնական ցանկությամբ, եւ ես դրա մեջ որեւէ անպատշաճություն չեմ տեսնում»,- ասաց նա:

 

Դիտվել է 1306 անգամ:
Print Friendly

Leave a Reply