Վարչապետը հավաստիացել է, որ Աշտարակի անձնագրային բաժանմունքում կմատուցվեն որակյալ ծառայություններ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 22, 2011 14:55

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Աշտարակի անձնագրային բաժանմունք: Վերանորոգված և նորագույն տեխնիկայով կահավորված բաժանմունքի վերաբացման արարողություներից հետո կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է անձնագրային բաժանմունքով` ծանոթացել վերջինիս պայմաներին, քաղաքացիների սպասարկման հնարավորություներին:

Նորաբաց անձնագրային բաժանմունքում տեղադրվել է անձնագրային ծառայությունների մատուցման համար նախատեսված պետական տուրքերը, վարչական տուգանքները և այլ վճարներն ընդունող էլեկտրոնային վճարային տերմինալ, ինչի շնորհիվ քաղաքացիների սպասարկումը զգալիորեն արագացել է, բաժանմունքը համալրվել է նաև նոր համակարգիչներով` քաղաքացիների սպասարկումն առավել քաղաքակիրթ, արդյունավետ և թափանցիկ իրականացնելու համար:

Նախկինում այստեղ անձնագրավարները գործառույթներն իրականացրել են ըստ իրենց կողմից սպասարկվող տարածքների, իսկ այժմ բաժանմունք դիմած քաղաքացիները սպասարկվելու են ըստ իրենց անհրաժեշտ ծառայությունների` ավելի արագ և առանց ավելորդ քաշքշուկների:

Անձնագրային բաժանմունքում աշխատանքները կազմակերպվել են դահլիճի սկզբունքով` ապակեպատ աշխատանքային խցիկներով` քաղաքացիների սպասարկման թափանցիկությունն ապահովելու նպատակով:Վերոհիշյալ բարեփոխումների արդյունքում զգալիորեն կբարձրանա քաղաքացիների սպասարկման մակարդակը և կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը:Բաժանմունքի վերանորոգման և տեխնիկական վերազինման նպատակով ներդրվել է 11 մլն դրամ` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:Նշենք, որ ներկայում ընթանում են ԱՎ վարչության Մաշտոցի անձնագային բաժանմունքի նոր մասնաշենքի կապիտալ շինարարության նախապատրաստական աշխատանքները: 2011թ. ընթացքում արտաբյուջետային միջոցների հաշվին նախատեսվում է կապիտալ վերանորոգել Ավանի անձնագրային ծառայությունը:

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply