Նոր հյուրանոցի կառուցման ծրագիրն արժանացել է քաղաքաշինության խորհրդի հավանությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 22, 2011 10:59

Հուլիսի 21-ին տեղի ունեցավ    Երևանի քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Օրակարգային հարցերի թվում էր հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում 7-8 հարկանի հյուրանոցի կառուցման  ներդրումային ծրագրի էսքիզային առաջարկության ներկայացումը:

Քաղաքաշինական խորհրդի 30 անդամներից ներկա էին 27-ը, որոնց մասնակցությամբ  մասնագիտական ակտիվ և շահագրգիռ քննարկում ծավալվեց դեռևս 2010 թվականին ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից մշակված  և երեկվա նիստում ներկայացված առաջարկի շուրջ:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ արդյունքում՝ 24 կողմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ քաղաքաշինական խորհուրդը որոշեց  հավանություն տալ ներկայացված վայրում առաջարկվող ծավալատարածական լուծումներին: Միաժամանակ, որոշվեց  ընքացք տալ  գործընթացին՝  նախագծի հաջորդ փուլում նկատի առնելով խորհրդի անդամների արված առաջարկությունները և դիտողությունները:

Օրակարգի հաջորդ հարցը Արամի 36 հասցեում նախատեսվող 20 հարկանի  հյուրանոցի նախագծի քննարկումն էր, որը ներկայացվեց ճարտարապետ Ալբերտ Կարոյանի կողմից: Այս նախագիծը քաղաքաշինական խորհրդի անդամները  միաձայն մերժեցին ՝ առաջարկելով սահմանափակել հյուրանոցի հարկայնությունը՝  նկատի առնելով հարակից շենքերի բարձրությունները:

 

 

 

 

 

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply