Հուլիսի 22-ին մեկնարկում է «Բազե» ճամբարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 21, 2011 15:30
Հուլիսի 22-ին Բյուրականում կմեկնարկի «Բազե» երիտասարդական ճամբարը։
«Բազե» ճամբարի շրջանակներում Հայաստանի 10 մարզերից և Երևանի 12 վարչական շրջաններից 18-30 տարեկան ավելի քան 700 երիտասարդներ կապրեն վրանային պայմաններում, կմասնակցեն մարզամշակութային միջոցառումների և արշավի, ինչպես նաև կանցկացնեն հետաքրքիր հանդիպումներով և ծանոթություններով լի հարուստ օրեր։
«Բազե» ճամբարը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կիրականացնի «Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Ճամբարի անցկացմանն աջակցում է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ճամբարը կանցկացվի երեք հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրի մասնակիցները ներկայացնելու են ՀՀ պետական դրոշի առանձին գույները: Յուրաքանչյուր փուլում հանդես կգա մոտ 220 երիտասարդ:
Ճամբարի օրակարգը հագեցած է. Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից երիտասարդների համար կանցկացվեն առաջին օգնության դասընթացներ, կկազմակերպվի արշավ դեպի Ամբերդ։ Ճամբարի առօրյան հագեցած է նաև մշակութային միջոցառումներով. յուրաքանչյուր ջոկատ կներկայացնի «Բյուրականի առեղծվածը» խորագրով թատերական սկեչ, ճամբարի մասնակիցներին կուսուցանվեն ազգային երգեր, պարեր և խաղեր։ Ճամբարում երեկոյան ժամերին կկազմակերպվի խարույկահանդես։ Նախատեսված են նաև հանդիպումներ պաշտոնատար անձանց հետ։ Ճամբարի առաջին օրը՝ հուլիսի 22-ին, երիտասարդները կհյուրընկալեն ՀՀ վարչապետ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին։
Ճամբարի ընթացքում երեք անվանակարգերում՝ «Լավագույն սպորտային ջոկատ», «Լավագույն մշակութային ջոկատ», «Լավագույն կազմակերպված ջոկատ», կշնորհվեն մրցանակներ: «Բազե» ճամաբարի առանձին գույնը ներկայացնող մասնակիցները կհավաքեն Առնո Բաբաջանյանի դիմանկարով պատրաստված խճանկարը:
Հուլիսի 22-ին մեկնարկած «Բազե» ճամբարը կտևի մինչև հուլիսի 31-ը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն






Facebook
Tweet This
Email This Post
