Թուրք-իրանական հարաբերությունները 1990-ական թվականներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | July 29, 2011 7:00
ԽՍՀՄ փլուզումից հետո քաղաքական մեծ վակուում առաջացավ ոչ միայն նախկին խորհրդային հսկայածավալ երկրի տարածքում, այլև նրա սահմաններից դուրս: Եթե նախկինում հսկա կայսրությունն իր ընդգծված շահերն ու քաղաքականությունն ուներ, ապա այժմ` ԽՍՀՄ քայքայումից հետո, նորակազմ Ռուսաստանը չէր կարող անմիջապես հավակնել ԽՍՀՄ նախկին ազդեցության գոտիներին: Այդ գործին ձեռնամուխ եղան հարևան հավակնոտ երկրները: Այդ իմաստով մեզ համար առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում մեր մերձավոր հարևանների` Իրանի և Թուրքիայի հարաբերությունները:
Այս երկու պետություններն իրենց զարգացման աստիճանով, որդեգրած քաղաքականությամբ, ազգային-մշակութային նկարագրով լրիվ հակադարձ բևեռներում են: Սակայն ընդհանուր էր նրանց հետաքրքրությունների ոլորտը: ԽՍՀՄ փլուզումից հետո թե՛ Թուրքիան, թե՛ Իրանը ձգտում էին իրենց քաղաքական և տնտեսական ազդեցությունը տարածել Անդրկովկասի և Միջին Ասիայի երկրների վրա: Այս պայքարի ուղեծրում երկու երկրներն ունեին իրենց և՛ առավելությունները, և՛ թերությունները:
Այսպես, Միջին Ասիայում Իրանի առավելությունն այն էր, որ նա այդ երկրների անմիջական հարևանն էր, գտնվում էր աշխարհագրական միևնույն միջավայրում: Իսկ Թուրքիայի առավելությունն այն էր, որ միջինասիական ժողովուրդները թրքախոս են (բացառությամբ տաջիկների, որ իրանական ժողովուրդ են) և ազգակցական կապերով ավելի հարազատ են թուրքականությանը: Փոխարենը` իրանական մշակույթը պատմականորեն ավելի է ներկայացված Միջին Ասիայում: Միջին Ասիայի երկրներն Իրանին ինտեգրելու գործում խանգարում էր նաև Իրանում հաստատված հոգևոր իշխանությունը: Իսկ միջինասիական երկրները միշտ աշխարհիկ վարչակարգեր են ունեցել: Եվ, վերջապես, Թուրքիայի ամենամեծ առավելությունը լեզուն էր:
Այս պայքարում քիչ դեր չէր խաղում նաև ԱՄՆ-ն, որ իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի միջոցով էր ձգտում ապահովել իր ներկայությունը նախկին ԽՍՀՄ-ի այդ տարածքներում: ԱՄՆ-ն չէր զլանում նաև բացել իր դրամապանակը այդ ծրագրերի իրականացման համար:
Թուրքիայի և Իրանի միջև այս նույն շահերը բաժանվում էին նաև Անդրկովկասում, որտեղ էթնիկ բախումների հետևանքով իրավիճակն ավելի սրված էր: Այստեղ ավելի ընդգծված էր դիրքորոշումների առճակատումը: Եթե Թուրքիան պաշտպանում և աջակցում էր Ադրբեջանին, ապա Իրանը շատ ավելի զգուշավոր էր և անգամ հայանպաստ դիրքերից էր արտահայտվում: Բացի այդ, Իրանին թշնամի ԱՄՆ-ն Իրանին հարվածելու և նրա դիրքերը թուլացնելու նպատակով հաճախ էր շահագործում այսպես կոչված Իրանական Ադրբեջանի գաղափարը, որ, բնականաբար, ընդվզում էր առաջացնում իրանական քաղաքական վերնախավում:
Այս հակասություններն էլ ԱՄՆ-ի և Թուրքիայի մյուս դաշնակիցները փորձում էին (այժմ էլ) օգտագործել` կյանքի կոչելու Իրանի մասնատման ծրագիրը: Մասնավորապես, դրա արձագանքն ենք տեսնում Ստամբուլում լույս տեսնող «Իքիբինե ղողրու» շաբաթաթերթում 1992 թ. լույս տեսած մի հրապարակման մեջ, համաձայն որի` ԿՎՀ-ն միջոցներ է ձեռնարկում Իրանի և Թուրքիայի միջև պատերազմ սանձազերծելու համար, և այդ նպատակով հանձնարարականներ են տրվել որոշ մարդկանց:
Բանն այն է, որ ԱՄՆ-ի կառավարող շրջանները ԽՍՀՄ-ի փլուզումից հետո իրենց ռազմավարական հեռահար ծրագրերում նպատակակետ էին դարձրել Միջին Ասիան և Սիբիրը, և այդ ծրագրերի իրականացման ճանապարհին կանգնած էր Իրանը: Իրանի մեկուսացումով ԱՄՆ-ն կհասներ նաև Միջին Արևելքում նավթի վերահսկման մենաշնորհին: Այս առումով ԱՄՆ-ն տարածաշրջանում նախապատրաստում էր լոկալ բախումների մի քանի օջախներ, որոնք հող կնախապատրաստեին հետագա ներխուժման համար: Իսկ Իրանի դեմ գլխավոր հաղթաթուղթը պետք է լիներ Թուրքիան:
Այդ նպատակով ԱՄՆ-ն մեծացրեց Թուրքիային մատակարարող սպառազինությունների ծավալը: Միայն 1993 թ. ԱՄՆ կառավարությունը Թուրքիային հատկացրեց 546 միլիոն դոլար ռազմական պահանջները բավարարելու համար: 1992 թ. Թուրքիան ռազմական տեխնիկա ձեռք բերելու նպատակով ծախսել է շուրջ 3 մլրդ դոլար: ԱՄՆ կառավարությունը նաև Թուրքիայի Իրանին սահմանակից շրջաններում նախատեսում էր կուտակել հարվածային ուժեր` հիմնականում ծովային և օդային հարձակումների համար:
Ստեղծված իրավիճակում, ի հակակշիռ ԱՄՆ-ի և Թուրքիայի, Ռուսաստանը սպառազինում էր Իրանին և միջազգային ատյաններում իր աջակցությունն էր հայտնում Իրանի միջուկային ծրագրերին:
1992-1993 թթ. Ռուսաստանը Իրանին վաճառեց մոտ 200 ռազմական կործանիչ օդանավեր, սուզանավեր, ինչն էապես բարելավեց Իրանի ռազմական դիրքերը Պարսից ծոցի ավազանում:
Ամեն դեպքում Իրանն այս աշխարհաքաղաքական համատեքստում իր ազգային անվտանգությունը տեսնում է միջուկային ծրագրերի մեջ ու չնայած միջազգային հանրության ճնշումներին` շարունակում է իր աշխատանքները միջուկային հետազոտությունների բնագավառում: Իրանին այս առումով հովանավորում է Ռուսաստանը, որ բազմիցս հավաստեց, թե պատրաստվում է Իրանի տարածքում ատոմակայան կառուցել: Այս կապակցությամբ Իրանին իր զորակցությունը հայտնեց նաև Արևմուտքի ևս մեկ թշնամի` Հյուսիսային Կորեան:
Այս խորապատկերում արևմտյան դաշնակիցները Իրանի դեմ պայքարելու երկու մարտավարություն ունեին. առաջին` փորձել Իրանում հեղափոխության միջոցով հասնել իշխանափոխության և Թեհրանում ունենալ խամաճիկային կառավարություն, երկրորդ` մասնատել Իրանը: Այս առումով Արևմուտքը կարող էր երկու հաղթաթուղթ օգտագործել` քրդականը և, այսպես կոչված, Հյուսիսային Ադրբեջանը: Սակայն քրդական գործոնը վտանգավոր է առաջին հերթին հենց Թուրքիայի համար, իսկ Հյուսիսային Ադրբեջանը գոյություն ունի սոսկ Բաքվի փաշաների երևակայության մեջ:
Այս իրադրության մեջ արևմտյան երկրներին այլ բան չէր մնում, քան Իրանի դեմ մեծամասշտաբ պատերազմ սկսել: Թվում էր, դրա իրականացման և հաջող ավարտի համար առկա են բոլոր նախադրյալները. Իրանի դեմ պատերազմում շահագրգիռ էին ԱՄՆ-ն, Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը… Պատերազմ նախապատրաստելու և իրականացնելու համար միշտ էլ հարմար առիթ կգտնվի. Իրանի Իսլամական Հանրապետության վարչակարգի դեմ ըմբոստ տարրեր, Իրանի տարածքում ազգային փոքրամասնություններ (քրդեր, ադրբեջանցիներ), որոնց միջոցով միշտ էլ կարելի է էթնիկ բախումներ հրահրել, և, վերջապես, Իրանի սպառազինումն ու միջուկային ծրագրերը:
Սակայն այս նախադրյալներն ի չիք եղան, երբ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ իր ռազմավարության իրականացման ճանապարհին հանդիպեց Ռուսաստանի կոշտ դիրքորոշմանը: Կրեմլը լավ գիտակցում է, որ Իրանի կորուստն իր համար հղի է վտանգավոր հետևանքներով և, ըստ էության, նշանակում է Միջին Ասիայի կորուստ: Այս հարցում, բնականաբար, իր ռազմավարական շահերն ունի նաև Չինաստանը: Եվ ԱՄՆ կառավարող շրջանները ուղղակի չէին կարող հաշվի չնստել Ռուսաստանի և Չինաստանի հետաքրքրությունների հետ:
Իրանի շուրջ այս լարվածությունը որոշ չափով մարեց իրաքյան պատերազմի ժամանակ: Իրաքյան պատերազմն առժամանակ շեղեց ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ուշադրությունը Իրանից, և արդյունքում Իրանը կարողացավ, այս «զինադադարից» օգտվելով, ավելի ամրացնել իր դիրքերը: Միաժամանակ այսօր արևմտյան երկրները, ի դեմս Իրաքի, Իրանի դեմ հուսալի պլացդարմ ունեն:
Ով գիտի, թե թունիսյան և լիբիական սցենարը մի օր էլ չեն փորձի կիրառել Իրանի դեմ: Այսպես թե այնպես խնդիրն այսօր էլ արդիական է, և Իրանի շուրջ չթուլացող լարվածությունը դեռ երկար կշիկացնի քաղաքական ու ռազմական հարաբերությունները:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
