Առողջ շուրթեր

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 23, 2011 15:01

Դեմքի  բոլոր մասերի նման շուրթերն էլ են ենթարկվում մթնոլորտի ներգործությանը (արև, ցուրտ, քամի, փոշի):  Հետևաբար շուրթերը նույնպես խնամք են պահանջում: Պարբերաբար խնամելով` կարելի է  երկար պահպանել դրանց ձևն ու թարմությունը: Խնամքը ներառում է զանազան միջոցներ` մերսում և  մարզանք:

Շուրթերի մաշկը լինում է չոր ու յուղոտ: Չոր շուրթերին հարկավոր է ձեթ քսել կամ բարձրորակ քսուքներ օգտագործել, հակառակ դեպքում դրանք ճաքճքում են ու քոր գալիս: Այդ շուրթերին նույնիսկ ամենագեղեցիկ երանգով շրթներկը չի նայվում:

Շուրթերի մարզանք

–  Շուրթերն առաջ ձգեք ու կիսաբաց արեք ձկան նման, ապա փակեք բերանն ու ելման դիրք վերադարձրեք: Վարժությունը կատարեք 10-20 անգամ:

– Ներքին ծնոտը մեկ աջ, մեկ էլ ձախ շարժեք` կրկին 10-20 անգամ:

–  Լեզուն դուրս գցեք հնարավորինս շատ ու 2-3 րոպե այդպես պահեք: Ապա  հետ քաշեք ու հանգստացեք 1-2 րոպե, կրկնեք 5 անգամ:

Վարժություններ

–       Շուրթերն առաջ ձգեք ու փչեք թեթևակի, ասես կրակ եք հանգցնում կամ էլ  բմբուլ փչում. կրկնեք 30-40 անգամ:

–    Ներս շնչեք ու այտերը փքեք, ապա արտաշնչեք սկզբում դանդաղ ու աստիճանաբար, ապա` մերթ ընդ մերթ. կրկնել 10-20 անգամ:

–    Բազմիցս հերթականությամբ արտաբերեք  Ա,Ի,Օ,Ու հնչյունները, ընդ որում, վարժության վերջում փքեք այտերը, ապա ուժեղ սեղմած շուրթերից օդն արտաշնչեք այնպես, որ դրանք տատանվեն. կրկնեք            10-15 անգամ:

–  Օդն ուժեղ դուրս փչեք 6 վայրկյան: Թուլացեք, բացեք բերանը:

–  Ամեն օր սուլեք: Դա, իհարկե, տեղին է կատարել տանը կամ բնության մեջ, սակայն ոչ հասարակական վայրերում:

Շուրթերի մերսում

-Լավ արյունաշրջանառություն ապահովելու համար (դա կօգնի պահպանելու բնական վարդագույնը) հարկավոր է շուրթերը մերսել շրջանաձև շարժումներով` առավոտյան ու երեկոյան,  ատամի չոր խոզանակով կամ  խավավոր սրբիչով: Շուրթերի կարմիր երիզը պահպանելու համար  ատամները մաքրելիս հարկավոր է խոզանակով  «հարվածներ» տեղալ շուրթերին: Դա ատամները մաքրելու սովորության նման լավ  է կատարել ամեն օր:

– Նույն նպատակով  մատների տպտպացնող հարվածներով մերսեք շուրթերը, ինչից հետո յուղոտ քսուք քսեք ու թողեք 10 րոպե:

Շուրթերի դիմակներ

– Շուրթերի մաշկը հարթեցնում ու թարմություն  են հաղորդում կաթնաշոռի ու քիչ քանակությամբ սերուցքի դիմակները: Բավարար է այդ խառնուրդի մեկ թեյի գդալը: Այն տարածում են շուրթերին ու 10 րոպեից մաքրում:

-Որպեսզի շուրթերը չճաքճքեն ու բնական գույն ունենան, վարունգի  կամ գազարի, մեղրի, թթվասերի ու  կաթնաշոռի խառնուրդ քսեք: 15 րոպեից հետո շուրթերին ձեթ քսեք:Կամ` 1 թեյի գդալ քերած խնձորը, կարագը խառնեք, 15-30 րոպե դրեք շուրթերին. սա ոչ միայն փափկեցնում է շուրթերը, այլև բուժում  առաջացած ճաքերը:

 

Դիտվել է 2203 անգամ:
Print Friendly

Leave a Reply