Ճիշտ թխանալու մի քանի կանոն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 24, 2011 15:00

Որպեսզի արևայրուքը նպատակային ու գեղեցիկ լինի, պետք է իմանալ, թե  որ ժամերին և ինչքան  կարելի է արևի տակ մնալ: Արևայրուքն օրգանիզմի պաշտպանական դիմադրությունն է արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը: Հետևաբար ճիշտ կլինի իմանալ մի քանի կանոն:

Չի կարելի  առավոտյան ժամը 10-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում թխանալ, որովհետև այդ հատվածին է բաժին ընկնում ուլտրամանուշակագույն ճառագայթների օրաբաժնի մեծ մասը: Ընդ որում, նրանք, ովքեր սիրում են  համաչափ թխացում, այսինքն` սիրում են արեգակի տակ մերկ պառկել, պետք է  հիշեն, որ մարմնի ինտիմ հատվածներն ավելի դյուրազգաց են արեգակնային ռադիացիայի նկատմամբ: Իսկ սպիտակամաշկներին նույնիսկ խորհուրդ չի տրվում թխանալ: Պետք է զգուշանան նաև խալեր ու պեպեններ ունեցողները:

Նորություն ասած չենք լինի, որ ուռուցքների զանազան տեսակների, ինչպես նաև վահանաձև գեղձի հիվանդությունների, թոքախտի, խոցային հիվանդությունների, հեպատիտի, ԴՆԹ-ի ախտահարման, ինչպես նաև C, B խմբի վիտամինների անբավարարության դեպքում արևային լոգանքները նույնպես հակացուցված են:

Իսկ ինչպե՞ս պետք է արևային լոգանք ընդունել. իհարկե, ցանկալի է  աստիճանաբար և ստվերում, ավազի ու ջրի անդրադարձրած ճառագայթներով: Դա լրիվ բավարար է մաշկին գեղեցիկ երանգ հաղորդելու համար: Ի դեպ, չարժե մոռանալ, որ արևային արևապաշտպան ակնոցը պարտադիր է:

Ի՞նչ քսուքներ պետք է կիրառել արևայրուք չստանալու համար: Սովորաբար կոսմետիկ համապատասխան միջոցների վրա նշվում է  լուսապաշտպան գործոնի հզորությունը: Համարում են, որ  այդ գործակցի մեծանալու հետ էլ  պաշտպանությունն ավելի արդյունավետ է. այնուամենայնիվ հիշեք, որ ավելի լավ է քիչ, քան չափից դուրս թխանալը: Իսկ ովքեր սիրում են անընդհատ մեկնվել լողափին,  պետք է ավելի շատ թարմ մրգեր ու բանջարեղեն օգտագործեն, խմեն բնական հյութեր ու սև հաղարջի, ազնվամորու, բալի  տերևների թուրմ, սակայն ոչ թե քաղաքային այգիներից հավաքած, այլ գյուղական մաքուր  վայրերից:

Սանրվելու ճիշտ ձևը

Ամռանը ոչ միայն մաշկին է պետք հետևել, այլև մազերին: Պարբերաբար սանրվելը, ասենք` օրական 2 անգամը, մեծ նշանակություն ունի: Նյարդերի վերջույթները մազերը սանրելիս գրգռվում են, ինչի շնորհիվ արյան շրջանառությունն ակտիվանում է,  և դա նպաստում է մազերի աճին ու պահպանմանը:

Սանրի ատամները պետք է բութ լինեն, որպեսզի գլխամաշկը չվնասվի: Մազերը սանրելով ոչ միայն որոշ չափով մաքրում ենք, այլև «օդափոխում»` հեռացնելով փոշին: Յուղոտ մազերի դեպքում դրանք շուտ են փոշոտվում, ուստի նպատակահարմար է մանր ատամներով սանր օգտագործել: Երկար մազերը պետք է սանրել ծայրերից սկսած, իսկ կարճը` արմատից սկսած: Կարճ մազերը սանրելու համար պետք է օգտագործել  միայն սանր, իսկ երկար մազերը, որոնց երկարությունը 25-35 սմ է, պետք է սկզբում սանրել խոզանակով, ապա` սանրով:

Ոչ միայն գլխի ու մազերի մաքրությունն է կարևոր, այլև` սանրերի ու խոզանակների: Ի դեպ, խոզանակը սանրից շուտ է կեղտոտվում, քանի որ ավելի խիտ է:  Ուստի պետք է այն լվանալ 2-3 օրը մեկ անգամ օճառա-անուշադրի սպիրտային լուծույթով (1լ օճառաջրին ավելացնելով 2 ճաշի գդալ անուշադրի սպիրտ): Այս լուծույթով կարելի է հեշտությամբ լվանալ խոզանակը, սակայն մինչ լվանալը պետք է հեռացնել վրայի մազերը: Լվանալուց հետ մինչև օգտագործելը չորացրեք, իսկ լաքապատ մասը կարող  եք թեթևակի շփել ձեթով:

Ամոթ է ասելը, որ յուրաքանչյուրն իր անհատական սանրը կամ խոզանակը պետք է ունենա: Սանրը փոխանցելով ուրիշին` փոխանցում ենք նաև մանրէներ: Լվանալուց ու սանրելուց որոշակի քանակով մազեր են թափվում Անհանգստանալու կարիք չկա, քանի որ թափվում են մահացած ու «ծեր» մազերը: Մազի կյանքի տևողությունը  մոտավորապես 4 տարի է, ու ոչ մեծ քանակով մազերի թափվելն էլ նորմալ երևույթ է, հատկապես` գարնանն ու աշնանը: Օրական կարող է ավելի քան 80 մազ թափվել: Մահացած մազերը «արմատով են» դուրս գալիս: Սակայն մազ «ծնողը» մնում է մաշկի մեջ, ուստի մազերը կրկին են աճում: Անբավարար համալրումն ու աստիճանաբար մազերի նոսրացումը ահազանգում են, որ ձեր մազերը «հիվանդ» են (պատճառը կարող  է  նյարդային, ներզատիչ և նյութափոխանակության համակարգերի հիվանդությունների հետևանք լինել): Այդ դեպքում հիգիենիկ խնամքը բավարար չէ, հարկավոր է դիմել մասնագետի միջամտությանը:

 

Դիտվել է 1678 անգամ:
Print Friendly

Leave a Reply