Հանճարեղ ու փոքրոգի Իսահակ Նյուտոնը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 23, 2011 7:00

Իսահակ Նյուտոնը կատվի բնի մասին իր պատմությամբ դարերի համար միամիտ մարդու կերպար է ապահովել: Մինչդեռ իրականում...

Նա ծնվել է 1642 թ. դեկտեմբերի  25-ին Մեծ Բրիտանիայի Լինքոլնշիր կոմսության Քոլսթերվորդ գյուղում, հողագործ հրեայի ընտանիքում, որի նախնիները Շոտլանդիա էին գաղթել երկու հարյուրամյակ առաջ:

Նյուտոնին ծանր մանկություն բաժին ընկավ: Դեռ մինչև որդու լույս աշխարհ գալը, մահանում է նրա հայր Իսահակը, և Նյուտոնի մոր ուսերին է ընկնում ընտանիքի ամբողջ հոգսը: Լինելով վաղածին երեխա և տկար առողջության տեր` նա պատանության տարիներից շատ ինքնամփոփ էր, չէր սիրում շփվել հասակակիցների հետ: Իր միայնությունը Նյուտոնը փարատում էր գրքերով ու նկարչությամբ:

Շուտով նրա մայրը` Աննա Էիսկոուն, կրկին ամուսնանում է: Նյուտոնի մայրը քիչ ուշադրություն էր դարձնում որդուն, բայց երբ տարիներ անց մահացավ նաև երկրորդ ամուսինը, նրա ողջ ժառանգությունը գրանցեց որդու անունով: Ապագա գիտնականի խնամքը ստանձնեցին հարազատները, և նա նրանց օգնությամբ 18 տարեկան հասակում ընդունվեց Քեմբրիջի համալսարանի Թրինիթի վարժարան: Արդեն 23 տարեկանում նա ստեղծեց Գրավիտացիոն տեսությունը, դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկները: Նրա հիմնարար աշխատությունը` «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները», գրվել է 1687 թվականին:

Սակայն Նյուտոնի կյանքում եղել են նաև անկումային ժամանակներ, երբ ծանր հիվանդության պատճառով հանճարեղ գիտնականը երկար ժամանակ անգործության է մատնվել ու տառապել միայնության մեջ: Ժամանակակիցների պատմելով` Նյուտոնը նաև հոգեկան անհավասարակշռության նշաններ է դրսևորել: Նա իսկապես ցրված միտք ուներ, բայց  բնավ միամիտ չէր. խորամանկ էր ու նենգ: Պատմում են, որ մի անգամ նա խորդանոց է իջնում` հյուրերի համար գինի բերելու: Այդ պահին նրա միտքը տարվում է ինչ-որ մաթեմատիկական բանաձևով, և նա այլևս չի վերադառնում, այլ ժամերով փակվում է այնտեղ իր մտորումների հետ:

Ժամանակակիցների հավաստմամբ` անվանի ֆիզիկոսը շատ տհաճ անձնավորություն էր: Նա հայտնի էր անբարեհաճ, քմահաճ և նենգ բնավորությամբ:

Կյանքի մեծ մասը Նյուտոնն անցկացրել է բուռն վեճերով: Նշանավոր գիտնականը կանգ չի առել նաև գրագողության առջև: Սակայն նրա հեղինակությունը, այնուամենայնիվ, արագ աճում էր:

Դեռ երիտասարդ տարիքում Նյուտոնն ընտրվեց Լոնդոնի Թագավորական ընկերության նախագահ և առաջին գիտնականն էր և առաջին հրեան, որին արքունիքի կողմից շնորհվեց ազնվականի տիտղոս: Դա 1705 թ. Աննա թագուհին իր բարեհաճությանն արժանացրեց մեծահամբավ գիտնականին:  Սակայն զբաղեցրած պաշտոնն ու դիրքն անգամ նրան չազատեցին տհաճ ու անհարկի վիճաբանություններից: Պատճառը Նյուտոնի անհաշտ ու եսամոլ բնավորությունն էր: Բանավեճի ժամանակ, որ հաճախ վերածվում էր հայհոյախառն աղմուկի, Նյուտոնին զսպելը դժվար էր: Որպես կանոն` իր տեսակետի պաշտպանության օգտին հրապարակված հոդվածները Նյուտոնն ինքն էր գրում և ստորագրել տալիս ընկերներին ու սակավաթիվ համակիրներին: Նա անողոք էր իր հակառակորդների հանդեպ և իր հայհոյանքներում չէր խնայում անգամ հանգուցյալներին: Իսկ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չէր դնում. բամբասանք, քծնանք, նենգություն, խաբեություն, ստորություն…

Նյուտոնը նաև մոլեռանդ հակակաթոլիկ էր: Քեմբրիջում դասավանդելու տարիներին շատ կաթոլիկ ուսանողներ ու դասախոսներ զոհ գնացին Նյուտոնի խարդավանքներին: Նա անգամ չզլացավ հակառակվել և ընդդիմանալ Հակոբ Բ թագավորին: Նա այդ դիրքորոշումը պահպանեց նաև անգլիական պառլամենտում:

Միաժամանակ նա զերծ չէր հումորի զգացումից: Ավանդապատումի համաձայն` Ներկայացուցիչների պալատում նա ելույթի համար ձայն է խնդրում և բարձրանալով բեմ` ուղղակի խնդրում է փակել բաց պատուհանը` միջանցիկ քամու պատճառով:

Իր հակառակորդներին վնասազերծելու համար Նյուտոնն անգամ չէր խուսափում քսությամբ ու բանսարկությամբ նրանց կառափնարան ուղարկելու ստորացուցիչ արարքից: Իսկ դրա համար նա դիրք ու ազդեցություն ուներ. 1699 թ. իր մտերիմ Չարլզ Մոնտեգյուի միջնորդությամբ (նա տակավին երիտասարդ` Անգլիայի ֆինանսների նախարարն էր) Նյուտոնը թողնում է Քեմբրիջը և ստանձնում Անգլիայի դրամատան կառավարչի պաշտոնը: Պետք է խոստովանել, որ այդ պաշտոնում էլ Նյուտոնն իրեն լիիրավ արդարացրեց և հաջողությամբ պայքար մղեց կեղծ մետաղադրամ արտադրողների դեմ: Այդ տարիներին էր, որ նա Լոնդոնում հանդիպեց ռուսաց կայսր Պետրոս Ա-ին: Գիտնականը խորհուրդներ տվեց կայսերը, որն էլ հետագայում Ռուսաստանում դրամական բարեփոխումներ իրականացրեց:

Նյուտոնն աշխատամոլ էր: Նա անգամ կորած էր համարում այն ժամանակը, որ տրամադրում էր ուտելուն և քնելուն:

Նա մահացավ 1727 թ. մարտի 31-ին, Քենզինգտոն քաղաքում` մահից առաջ հասցնելով իր հսկայական կարողությունը բաժանել մտերիմներին: Նրա աճյունը հանդիսավորությամբ հողին հանձնեցին Լոնդոնի Վենստմինստեր մատուռում:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 5179 անգամ:
Print Friendly

Leave a Reply