Անավարտ մնաց մեկ խաղ
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | July 24, 2011 7:00
Ավարտվեցին Հայաստանի դպրոցականների 20-րդ խաղերը` նվիրված մեր երկրի անկախության 20-ամյակին:
Ստուգատեսի ծրագրում 6 մարզաձև էր: Սեղանի թենիսի և աթլետիկայի եզրափակիչ մրցումների անցկացման վայր դարձան Վանաձորը և Արտաշատը, իսկ ահա ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, հանդբոլի մրցումների եզրափակիչները կայացան Դիլիջանում: Եզրափակիչ փուլում խաղալու իրավունք էր վերապահվել միայն այն թիմերին, որոնք հաղթել էին կիսաեզրափակչում:
Աթլետիկայի մրցումներում հաղթեցին Գյումրու և Երևանի պատանիների և աղջիկների թիմերը, սեղանի թենիսի` Երևանի ներկայացուցիչները: Հավասարը չունեցան նաև Երևանի ֆուտբոլիստները, վոլեյբոլիստները, բասկետբոլիստները, հանդբոլիստները, Սյունիքի վոլեյբոլիստուհիները, Գյումրու բասկետբոլիստուհիները, Երևանի հանդբոլիստուհիները:
Հայաստանի «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության հանրապետական խորհրդի նախագահ Արայիկ Մեհրաբյանը հայտնեց, որ ստուգատեսը բարձր մակարդակով է կազմակերպվել: Ընդ որում, մրցակցությունը մեծ է եղել, քանի որ աչքի ընկնողներին հնարավորություն է տրվելու իրենց կարողությունները փորձելու նաև դպրոցականների միջազգային ստուգատեսներում:
Բանն այն է, որ Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիան վերջերս դարձել է Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի լիիրավ անդամ: Իսկ դա նշանակում է, որ եկող տարվա սկզբից արդեն մերոնք մասնակցելու են այդ կազմակերպության հովանու ներքո անցկացվող բոլոր մեկնարկներին: Մասնավորապես, Հայաստանի դպրոցական ֆուտբոլիստները խաղալու են 2012-ի ապրիլին Թուրքիայի Անթալիա քաղաքում կազմակերպվելիք միջազգային մրցաշարում: Իսկ մեր վոլեյբոլիստները գրեթե միաժամանակ խաղալու են Ֆրանսիայի Թուլոն քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարում:
Հրավեր է ստացվել խաղալու նաև բադմինտոնի մրցաշարում, սակայն այս մարզաձևը չկա հայաստանյան ստուգատեսի ծրագրում: Մեհրաբյանը հայտնեց, որ դա հուշում է` բադմինտոնն էլ հետագայում մտցվի խաղերի ծրագրում, որպեսզի որոշվի, թե որ թիմին կարելի է գործուղել դրսում խաղալու:
Կազմակերպիչները ներկայումս իրավունք են վերապահում այս մրցումներին մասնակցելու հավաքական թիմերով, սակայն միջազգային կազմակերպությունը խնդիր է դնում, որ մեկնարկի դուրս գան միայն կրթօջախների թիմերը: Այնպես որ, առաջիկայում մոտեցումը կփոխվի:
Ի դեպ, դպրոցականների խաղերում Կոտայքի մարզի վոլեյբոլիստների թիմը գրավել է 2-րդ տեղը` եզրափակչի համառ մրցակցությունում 2:3 հաշվով զիջելով Երևանի հավաքականին: Ընդ որում, Կոտայքի մարզը ներկայացնում էր Արամուսի դպրոցի հավաքականը: Եվ այնքան էլ արդարացի չէր, որ միայն սեփական ուժերին ապավինող դպրոցի թիմը չէ հաղթողը: «Եթե ամեն դպրոց իր թիմով ներկայանա, միայն մեկ վտանգ կարող է լինել: Կրթօջախներ կան, որոնք լիարժեք մեկ հավաքական ստեղծել չեն կարող, փոքր են»,- ասաց Մեհրաբյանը:
Ի դեպ, նախորդ երեք խաղերում ֆուտբոլիստների մրցումներում անփոփոխ հաղթել են Չարենցավանի ներկայացուցիչները: Սակայն այս անգամ սերնդափոխության պատճառով չարենցավանցիները եզրափակիչ չմտան` կիսաեզրափակչում զիջելով ապագա հաղթող Վանաձորի հավաքականին: Իսկ ահա Երևանի և Արագածոտնի թիմերի հանդիպումը երկրորդ խաղակեսում, երբ հաշիվը 1:1 էր, մնաց անավարտ: Ծեծկռտուք առաջացավ, հայհոյանքներ հնչեցին, և այդ իրավիճակում խաղը չշարունակվեց: Դժվար է ասել, թե ով է մեղավորը: Հարցը դեռ պետք է քննարկվի:
Ուշագրավ է, որ Սյունիքը ներկայացնող Սիսիանի վոլեյբոլիստուհիների թիմը հերթական խաղերում էլ պահպանեց չեմպիոնի դիրքը: Իսկ հանդբոլիստների մրցաշարում էլ ուշագրավ էր, որ առաջին անգամ խաղերի եզրափակիչ փուլին մասնակցեցին Գավառի և Կոտայքի թիմերը: Ընդ որում, գավառցիները կիսաեզրափակչում առավելության հասան կոտայքցիների նկատմամբ: Իսկ Գյումրու պատանիների հավաքականը, որը հայտնի չէ, թե ինչու չի մասնակցում ներհանրապետական առաջնություններին, ոչ միայն պատանիների և աղջիկների թիմեր էր գործուղել այս ստուգատեսին, այլև դրանք դարձան 3-րդ մրցնակակիր:
Նշվեց, որ դժվարություն է առաջացել միայն մասնակիցներին սննդով ապահովելու հարցում: Բանն այն է, որ ամեն երեխայի համար օրական նախատեսված է 2 հազար դրամ: Իսկ այդ գումարով հնարավոր չէ այնպես անել, որ մրցումների ամեն մասնակից լիարժեք սնվի: Այդ որոշումը վաղուց է կայացվել, և ժամանակն է, որ վերանայվի ֆինանսների հատկացման չափը:






Facebook
Tweet This
Email This Post
