Ի՞նչ արձագանք կլինի Սփյուռքից
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | July 27, 2011 7:00
Օգոստոսի 13-21-ը Հայաստանում կանցկացվեն հերթական Համահայկական խաղերը: Ստուգատեսի ծրագրում 10 մարզաձև է` բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, թենիս, շախմատ, բադմինտոն, ֆուտզալ, աթլետիկա, լող: Նախատեսվում էին նաև նոր մարզաձևեր` բազկամարտ և հանդբոլ, սակայն, ըստ մրցումների կանոնադրության, որպեսզի խաղերի ծրագրում որևէ նոր մարզաձև ընդգրկվի, անհրաժեշտ է, որ մասնակցելու համար նախնական հայտեր ուղարկեն առնվազն 5 երկրների 10 քաղաքների ներկայացուցիչներ:
Այդուհանդերձ, զարմանալու առիթ կա: Որոշ առումով կարելի է համակերպվել, որ հանդբոլի մրցումներին շատ մասնակիցներ չեն հավաքվում այն պատճառով, որ հայկական համայնքներ ունեցող մի շարք երկրներում այդ մարզաձևը տարածում չունի: Բայց միանգամայն անհասկանալի է, թե ինչու բոլորի համար այնպիսի մատչելի մարզաձև, ինչպիսին բազկամարտն է, այդպես էլ համահայկական խաղերի ծրագրում գրանցում չստացավ:
Փաստն այն է, որ առհասարակ այս ստուգատեսի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, և աստիճանաբար պակասում է արտասահմանյան երկրների մասնակիցների թիվը: Դժվար է վսատահաբար ասել, թե ինչն է դրա պատճառը: Հնարավոր է` խանգարում է այն հանգամանքը, որ աշխարհում ֆինանսական ճգնաժամ է, իսկ մեր հայրենակիցներն արտասահմանում հանգանակած միջոցներով են թիմերին նախպատրաստում և ուղարկում Հայաստան: Բացի այդ, տրտունջներ կան, որ Երևանում ապրուստը թանկ է:
Համենայն դեպս, տխուր իրականությունն այն է, որ Համահայկական խաղերի ծրագրով միջանկյալ 2009-ին անցկացված բասկետբոլիստուհիների մրցաշարում ընդամենը 5 թիմ էր խաղում: Ընդ որում, դրանցից միայն մեկն էր արտասահմանից` Թեհրանի հավաքականը, որ Հայաստան էր ժամանել այդ ստուգատեսի շեմին մեր երկրում կազմակերպված ՀՄԸՄ խաղերին մասնակցելու համար և մնացել էր, որպեսզի հանդես գա ևս մեկ փորձությունում: Ի դեպ, ՀՄԸՄ խաղերի բասկետբոլիստուհիների մրցաշարում արտասահմանյան զգալի թվով թիմեր էին եղել: Բավական է միայն այն փաստը, որ առաջին երեք տեղերը հենց արտասահմանյան տարբեր քաղաքների հավաքականներ էին զբացերել, սակայն, բացառությամբ Թեհրանի ներկայացուցիչների, մյուսները չէին ցանկացել մասնակցել համահայկական ստուգատեսին: Դա էլ մտորելու առիթ է:
Ինչևէ, համահայկական խաղերի կազմակերպիչներն ամեն անգամ հնարավորն անում են, որպեսզի ռեկորդներ սահմանվեն, ավելի շատ քաղաքների ներկայացուցիչներ, ընդհանրապես մասնակիցներ լինեն: Բայց եթե արտասահմանից եկողները քիչ են, և վիճակագրական տվյալները աճում են հիմնականում Հայաստանի քաղաքների և մասնակիցների հաշվին, կարելի է ասել` միջոցառումն իր բուն նպատակին չի ծառայում, նմանվում է ներհայաստանյան մրցումների:
Վերջերս Երևանում համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հերթական համաժողովն էր հրավիրել, որում քննարկվեցին մի շարք առանցքային հարցեր, խաղերի կազմակերպման հետ կապված խնդիրներ, և նոր որոշումներ կայացվեցին: Ուշագրավն այն է, որ փոխվեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը: Այդ պաշտոնում Արմեն Գրիգորյանին փոխարինեց Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Եվ դա ամենևին էլ անսպասելի չէր: Բանն այն է, որ նախկինում Գրիգորյանը միաժամանակ մի շարք պաշտոններ էր զբաղեցնում: Նա Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար էր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ: Առաջին երկու պաշտոններն ազատելուց հետո, փաստորեն, Գրիգորյանն ազդեցիկ լծակներ չուներ կազմակերպական աշխատանքների համար: Թերևս այդ է պատճառը, որ հարցի այդպիսի լուծումը ձեռնտու էր նաև Գրիգորյանի համար: Այդուհանդերձ, նա մնում է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ:
Ինչ վերաբերում է Իշխան Զաքարյանի նոր դերին, ապա լրացուցիչ պատասխանատվությունը նրա համար ամենևին էլ գլուխկոտրուկ չէ, քանի որ ազդեցիկ դիրք է զբաղեցնում, բացի այդ, նախկինում երկար տարիներ գլխավորել է պետական մարզական կառույցը, քաջատեղյակ է բոլոր նրբություններին: Զաքարյանն արդեն սպորտի նախարարության շենքում շտաբ է ձևավորել, որը կազմակերպչական աշխատանքներով է զբաղվում, որպեսզի բոլոր լծակները օգտագործվեն ստուգատեսը լավ անցկացնելու համար: Ընդ որում, պետությունը միջոցառման անցկացման համար 80 մլն դրամ է տրամադրել: Ֆինանսական միջոցներն այնքան էլ շատ չեն, սակայն կասկած չկա, որ կարվի հնարավորը, որպեսզի խնդիրներ չառաջանան:
Մնում է սպասել, թե ինչպիսին կլինի սփյուռքի արձագանքը, ֆինանսական ճգնաժամը, այլ հանգամանքներ չե՞ն խանգարի, որ արտասահմանից շատ քաղաքների պատվիրակներ ու մասնակիցներ լինեն: Ի դեպ, հուլիսի 15-ին ավարտվել է մասնակիցների հայտավորման ժամկետը, սակայն ընդառաջ քայլեր կարվեն բոլոր մասնակցել ցանկացողներին:
Խաղերի գլխավոր մրցավար, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Եղիշ Դավթյանը հայտնեց, որ առաջիկա խաղերին ավելի շատ քաղաքների մասնակիցներ են սպասվում, քան եղել են նախորդ ստւգատեսներում: Ընդ որում, այս առումով հատկապես մեծ ակտիվություն են դրսևորելու Հայաստանի տարբեր մարզերի քաղաքների ներկայացուցիչները: Ակնկալվում է 3 հազարից ավելի մարզիկների մասնակցություն: Ի դեպ, այս անգամ խաղերի անցկացման համար ընտրվել են մայրաքաղաքի լավագույն մարզաբազաները, նաև այնպիսիք, որոնցում նախկինում խաղերի ծրագրով մրցումներ չեն անցկացվել: Առանձնացվել են նաև պահուստային մարզասրահներ, որոնցում անհրաժեշտության դեպքում նույնպես մրցումներ կանցկացվեն, եթե մասնակիցների թիվը սպասվածից ավելի լինի:
Տեղեկացվեց, որ այցելել են բոլոր մարզաբազաները, ուսումնասիրվել են դրանց վիճակը, խաղերի մասնակիցներին հյուրընկալելու հնարավորությունները: Եթե դրանց մի մասում վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն է զգացվել, ապա համապատասխան հանձնարարականներ են տրվել: Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են: Ուշագրավ է, որ առաջին անգամ խաղերի ծրագրով մրցումներ են անցկացվելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի` Ավանում գտնվող տեխնիկական կենտրոնում, «Գրանդ» ակումբի մարզական կենտրոնում, Սլավոնական համալսարանի մարզասրահում:
Ինչ վերաբերում է հյուրանոցներին, ապա դրանց ընտրությունը թողնվել է մասնակիցներին: Քանի որ արտասահմանյան երկրների ներկայացուցիչները նախկինում քանիցս դժգոհել են, որ հայաստանյան հյուրանոցները թանկ արժեն, հետաքրքիր էր` զեղչեր լինելո՞ւ են, թե՞ ոչ, կամ էլ դրսից եկածները հնարավորություն ունենալո՞ւ են մնալու իրենց բարեկամների հարկի տակ և մասնավոր` վարձով տրվող տներում: Դավթյանը հայտնեց, որ որևէ սահմանափակում չկա, և այդ խնդիրների լուծումը թողնվել է այցելուների հայեցողությանը:
Իսկ կազմակերպիչներն ապահովելու են փոխադրամիջոցներով: Յուրաքանչյուր պատվիրակության կցվելու են ավտոբուսներ: Դրանք, օդանավակայանից սկսած, հյուրերի տրամադրության տակ են լինելու և վերադարձին էլ նրանց տանելու են օդանավակայան:
Քանի որ նախորդ խաղերի փորձը ցույց է տվել, որ հատկապես ֆուտբոլի և բասկետբոլի մրցումների ժամանակ անցանկալի միջադեպեր են լինում, հարցրինք, թե ինչ է արվում այդպիսի տհաճ փաստերից խուսափելու համար: Գլխավոր մրցավարի կարծիքով` հիմնականում տարաձայնությունների, վեճ ու կռվի պատճառ է դառնում այն, որ մեծ մասը մրցաձևերի կանոններին չի տիրապետում: Դավթյանը հայտնեց, որ բոլոր մրցաձևերի գլխավոր մրցավարներ են հաստատվել փորձառու մասնագետներ, առաջարկվել է, որ պատվիրակություններն իրենց հետ բերեն մրցավարներ, որպեսզի կողմնակալ մրցավարության դեպքերը բացառվեն: Մասնավորապես, սպասվում է, որ բասկետբոլի մրցավարներ կլինեն Իրանից, Անգլիայից, Լիբանանից և այլ երկրներից: Բասկետբոլի մրցաշարը սպասարկելու համար մրցավարներ են հրավիրվել նաև Վրաստանից:
Խաղերի գլխավոր մրցավարը չթաքրեց, որ մարզաձևեր կան, որոնց ներհայաստանյան մրցավարների պատրաստվածության մակարդակը ցածր է: Եվ այսպիսի խոշորամասշտաբ մրցումների կազմակերպման ժամանակ խնդիրներ են առաջանում: Մասնակիցների սահմանափակում է լինելու միայն մեկ մրցաձևում. ամեն քաղաք շախմատի մրցաշարում կարող է մրցասպարզ հանել միայն մեկական մարզիկ և մարզուհի:






Facebook
Tweet This
Email This Post
