Վախթանգ Կիկաբիձե. Դառը մանկությունից մինչև հանրաճանաչ աստղի անափ երջանկություն

Հարցազրույց | | July 27, 2011 14:37

Կիկաբիձեի բացառիկ հարցազրույցը «Անկախ»-ին

Հետաքրքիր էր իմանալ` հանրաճանաչ Վախթանգ Կիկաբիձեին ինչո՞ւ են հաճախ անվանում Բուբա, ի՞նչ է նշանակում այդ անունը: Պատասխանն իմացանք վերջերս, երբ հնարավորություն ունեցանք Սևանա լճի ափին հանդիպելու հենց իրեն` Կիկաբիձեին: Պարզվում է` ոչ մի առանձնահատուկ բան չկա, ուղղակի բոլոր նորածինների նման նա չի արտաբերել «մամա» կամ «պապա» բառերը. առաջինը, որ ասել է` «բու-բու, բա-բա»-ն է եղել: Մանկության տարիներին թե՛ մայրը, թե՛ ընկերները նրան Բուբա են կոչել…

Վախթանգ Կիկաբիձեն խնդրեց երկար-բարակ չհարցնել իր արած-չարած գործերի մասին: Ասաց, որ հաճելի զրույց է ակնկալում:  Բայց համաձայնեց զրուցել մի պայմանով, որ երկուսս էլ պետք է առավելագույնս անկեղծ լինենք…

Ասում են` դպրոցում չեք փայլել սովորելով, մի քանի դասարան նույնիսկ մի քանի անգամ եք սովորել: Դպրոցն ավարտել եք այն ժամանակ, երբ բոլորել եք Ձեր 20-ամյակը:

– (Ծիծաղում է): Այն, որ սովորել եմ տարբեր դպրոցներում ու տարբեր դասարաններում, դա իրականություն է, փաստ է: Առաջին անգամ երրորդ դասարանը չավարտեցի, նորից սովորեցի, և այդպես վեցերորդ և ութերորդ դասարանները… Այդ ժամանակ ես, անկեղծ ասած, սովորելու առանձնակի սեր չունեի, բայց գիրք կարդալ շատ էի սիրում, մի շաբաթում մի քանի վեպ էի վերջացնում: Գիտեք, ես փողոցում եմ մեծացել, մայրս օր ու գիշեր աշխատում էր, հայրս էլ գնաց ճակատ և, ինչպես իմ բակի բոլոր ընկերների հայրերը, չվերադարձավ: Ամբողջ օրը մտածում էինք միայն այն մասին, թե ինչ ենք ուտելու…

Այդքան վա՞տ էր ամեն ինչ:

– Այո, պատերազմական շրջան էր: Իսկ ես այնքան էլ լավ տղա չէի, հաճախ էի աչքի ընկնում որպես չարաճճի, կռվարար տղա:

Իմ մոսկվացի գործընկերներն ասում էին, որ անչափ հետաքրքիր մարդ եք, մի քիչ կատակասեր, գործին միշտ նվիրված

– Շատ շնորհակալ եմ: Իրականում ես շատ արյուն եմ տեսել իմ կյանքում: Բակում, փողոցում հաճախ եմ կռիվների մեջ ընկել, ծեծել ու ծեծվել. ինձ երևի ավելի շատ էին ծեծում (ժպտում է): Իսկ ինչ վերաբերում է հետաքրքիր լինելուն, ապա անհամեստ կլինի իմ մասին ինչ-որ բան ասել, հիմնականում արտահայտվում են ինձ շրջապատող մարդիկ, նրանք, ովքեր ինձ իրականում ճանաչում են: Ես կարող եմ ասել միայն, որ չափազանց պատասխանատու եմ, կյանքը երևի ստիպեց ինձ, ներարկեց իմ մեջ պատասխանատվության զգացում: Մինչև հիմա էլ պատասխանատու եմ թե՛ աշխատանքում, թե՛ կյանքում:

Լսել եմ` Ձեր մոր` Մարիաննա Բագրատիոնիի երակներով ազնվականի արյուն է հոսում: Մորից որդի փոխանցվող արյունը Ձեզ ի՞նչ տվեց:

Այ, այ, այ, դուք` լրագրողներդ, ինչքան եք սիրում հետաքրքրվել (ժպտում է): Գուցե ինչ-որ բան ժառանգել եմ, երևի համարձակի, երբեք չհանձնվողի, միշտ առաջ նայողի, ի վերջո, պայքարողի հոգեբանություն: Հիշում եմ` հյուրընկալ տուն ունեինք, պապիկիս տանը հաճախ էին հյուրընկալվում հետաքրքիր, ինքնատիպ մարդիկ: Նրանք միշտ նստում էին մեր փոքրիկ, այսպես կոչված, պատշգամբում, խոսում էին տարբեր թեմաներից` սկսած գրականությունից մինչև ժամանակի լուրջ քաղաքական խնդիրները:  Այն ժամանակ յուրահատուկ ավանդույթ կար. մեզ` երեխաներիս, չէին թողնում սեղանին մոտենալ, բայց թույլ էին տալիս լսել, թե ինչ են խոսում… Լավ, հետաքրքիր ժամանակներ էին: Դա էլ էր ուսուցանող, չնայած շատ կաշկանդված էինք:

Ձեր հորեղբոր կյանքի պատմությունն էլ է հետաքրքիրՇատ բաներ են գրել մամուլում, չէ՞:

– Շատերը, անկեղծ ասած, երևակայել են: Ես շատ էի կապված նրա հետ: Բարիայում սեղանի շուրջ նրանք շատ են հարբել, գինու մի բաժակն էլ ձեռքին վերցրած ասել է. «Ես այն սրիկայի համար չեմ խմելու»: Դե չեմ ուզում հիշել ու ավելի մանրամասն պատմել, բայց նույն այդ գիշեր եկան նրա հետևից. հետո իմացանք, որ նրան սպանել են:

Եթե իմանայի, որ այդ պատմությունն այդքան ցավալի ավարտ է ունեցել, Ձեզ չէի էլ հարցնի

Չէ, չէ, երիտասարդ, մի մտահոգվիր, ամեն ինչ կարգին է: Կյանքն ինձ ուղղակի տարիների ընթացքում շատ-շատ է կոփել:

Ասում են` օտար լեզուներ եք սովորել, բայց հանկարծ որոշել եք «ուղևորվել» ֆիլհարմոնիայի ճանապարհով:

– Ովքե՞ր են ասում (Ծիծաղում է): Չգիտես ինչու որոշել էի լեզուներ սովորել: Երիտասարդության տարիներին մի հրաշալի ընկերուհի ունեի, նա էր «խելքս կերել», որ լեզուներ յուրացնեմ: Բայց քանի որ, գրականությունից բացի, շատ էի սիրում նաև երաժշտություն լսել, ցանկացա երաժշտական կրթություն ստանալ: Երաժշտագետ մասնագետներն ասացին, որ ինձնից երգիչ դուրս չի գա: Բայց դե հետո ես բոլորին կարողացա ապացուցել, որ լավ թե վատ կերգեմ, ու մինչև հիմա երգում եմ:

Բայց, ինչպես ժամանակի լավագույնները, Դուք ևս, չէ՞, վարակվեցիք կինոյի հիվանդությամբ:

-Չէ, չէի, ասի: Ինձ համար մինչև հիմա էլ կարևոր է երաժշտությունը, առանց կինոյի էլ ես կարող եմ հանգիստ ապրել, բայց առանց երգի հաստատ չեմ կարող:

Դուք հյուրախաղերով հաճախ եք լինում տարբեր երկրներում, ո՞ր երկիրն է Ձեզ համար ավելի հարազատ, ո՞ր երկրում եք Ձեզ զգում այնպես, ինչպես տանը

– Իսկապես, ես հյուրախաղերով հաճախ եմ տարբեր երկրներում լինում: Դժվարանում եմ միանգամից պատասխանել ձեր հարցին, քանի որ յուրաքանչյուր երկիր էլ իր առանձնահատկություններն ու սովորույթներն ունի: Երևի ավելի հարազատ է ձեր Երևանը: Հյուրախաղեր ունենամ-չունենամ` Երևանում հաճախ եմ լինում: Սիրում եմ զբոսնել գիշերային Երևանով: Ասեմ, որ Երևանը հիմա շատ է փոխվել, նոր շենքեր են ավելացել, կարծես թե գեղեցկացել է քաղաքը: Մի բան էլ եմ նկատել` մարդիկ սկսել են հաճախ ժպտալ, ոնց որ զբոսաշրջիկներն էլ ավելացել են:

Այս անգամ ի՞նչը Ձեզ Երևան բերեց:

-Այ, այս անգամ ես պատահական չեկա Երևան: Ասեմ, որ երկու հիմնական գործ ունեի Երևանում:

Երկուսն էլ արվեստի՞ հետ են կապված:

– Այո, առաջինը իմ հուշարձանի բացումն էր Դիլիջան քաղաքում: Հաճելի զգացողություններ ապրեցի այն ժամանակ, երբ տեսա «Միմինոյի» արձանախումբը: Այդ հուշարձանը երկար պատմություն ունի: Մոտ 4-5 տարի առաջ ինձ զանգահարեցին Մոսկվայի Պետդումայից, ասացին, որ Չիստիյե Պրուդիում ցանկանում են «Միմինոյի» կերպարների հուշարձանը տեղադրել, որը երևի ազգերի բարեկամություն էր ենթադրում: Հետո երևի չուզեցին, վերջապես հուշարձանը եկավ Հայաստան: Ուրախ եմ, որ այն տեղադրվել է հենց Դիլիջանում: Ես երևի այն երջանիկներից եմ, որ առաջին անգամ հուշարձանը տեսավ այն ժամանակ, երբ այն դեռ արվեստանոցում էր:

Իսկ ինչո՞ւ հենց Դիլիջանում:

– (Ժպտում է): Ի պատիվ իմ լավ ընկեր Ֆրունզիկ Մկրտչյանի մարմնավորած հերոսի` Ռուբիկ Խաչիկյանի հայրենի քաղաքի: Ասեմ, որ հուշարձանը երեք քանդակների կոմպոզիցիա է, առաջին պլանում ես և Ֆրունզն ենք, հետին պլանում` հայրենական պատերազմի վետերան Վոլոխովին մարմնավորած Եվգենի Լեոնովը:

Իսկ երկրորդ գործի մասին չե՞ք ուզում անկեղծանալ:

– Երկրորդը, միանշանակ, կարելի է առաջինը համարել: Ինձ հրավիրեցին խաղալ նոր ֆիլմում: Ճիշտն ասած, ֆիլմերից հոգնել էի, բայց երբ իմացա, որ ֆիլմը նկարահանում է Ֆրունզիկ Մկրտչյանի եղբոր որդին, իսկ գլխավոր դերերից մեկը վստահվել է իմ լավ ընկեր-բարեկամ Սերգեյ Շակուրովին, համաձայնեցի:

Ի՞նչ ֆիլմ է, ինչի՞ մասին:

– Ֆիլմի նախնական վերնագիրն այսպես է` «DED_ 005»: Ռեժիսորը ցանկանում է նկարահանել գեղեցիկ սիրո պատմություն, թե ինչպես է ռուս դիվանագետը Հայաստանում աշխատելու ժամանակ սիրահարվում մի հայ գեղեցիկ աղջկա:

Իսկ ավելի կոնկրետ` ֆիլմի սյուժեն պտտվում է 70-ամյա թոշակառու Օլեգ Ստեպանովիչի` «քայլող ստի դետեկտորի»  (որ իր ողջ կյանքի ընթացքում լրտեսներ և դավաճաններ է բացահայտել) և նրա թոռան` Անդրեյի շուրջ: Երբ ժամանակակից պապը խելագարվում է ձանձրույթից՝ Մոսկվայի այգիներում կարապներ կերակրելով, Երևանում Անդրեյը ծանոթանում և սիրահարվում է հարևանուհուն` հմայիչ ուսանողուհի Աննային: Այն, ըստ էության, ուղղված է ռուսական լսարանին:

Ասեմ, որ ֆիլմի գլխավոր օպերատորը իմ լավ ընկեր-բարեկամն է` Արտավազդ Խաչատուրյանը, ում հետ ես աշխատել եմ մի քանի տարի առաջ: Գովազդ էինք նկարահանում «Արմավիա» ավիաընկերության համար:

Բացի Ձեր նշած նախադրյալներից, երևի ֆինանսական հարցերն էլ էին, չէ՞, Ձեր սրտով:

-Գիտեք, ես երբեք փողի մասին չեմ խոսում: Փողն, ըստ էության, ինձ այնքան էլ չի հետաքրքրում, ինձ ավելի հարազատ է ֆիլմի վերջնական արդյունքը: Հոնորարը երբեք ինձ չի շահագրգռել, հիմա քիչ ֆիլմեր կան, որ համաձայնում եմ նկարահանվել, հիմնականում խուսափում եմ: Երևի վտահությունս եմ կորցրել նոր սերնդի ռեժիսորների նկատմամբ:

Լսել եմ` երգելիս հաճախ եք օղի խմում

-Բայց դա կինոյի հետ կապ չունի (ժպտում է): Դերերի ժամանակ հարբած երբեք չեմ խաղացել, բայց խոստովանում եմ` երգել եմ: Համերգների ժամանակ երբեմն խմում եմ: 50 տարի է` խմում եմ: Դե, դժվար է երկու-երեք ժամ երգել, ես էլ մեկ-մեկ օղի եմ խմում, որ համերգից հետո հանգիստ կարողանամ քնել: Մի զարմացեք, խմած ես շատ ավելի բարի եմ, քիչ եմ խոսում, հիմնականում երգում եմ: Պատահել են դեպքեր, որ համերգից հետո շատ երկար գուցե մինչև առավոտ երգել եմ իմ թիմի համար: Հյուրանոցում շատերը զարմանում էին, մտածում էին` խենթ եմ, բայց ես այնպիսին եմ, ինչպիսին կամ:

Պրն Կիկաբիձե, ո՞րն է Ձեր հաջողության դեղահաբը:

-Երբեք չեմ մտածել, որ հաջողակ եմ: Ես ուղղակի երևի հաջողակ եմ այնքանով, որ անում եմ այն գործը, որն, իրոք, սիրում եմ: Իմ ճանապարհին շատ մարդիկ են պատահել, որ ցանկացել են խանգարել, բայց ես միշտ ժպիտով եմ նայել ամեն ինչին… Միշտ մտածում եմ, որ ամեն ինչ էլ անցողիկ է: Երբեք մարդկանց վատությանը վատությամբ չեմ պատասխանում: Ընդամենը ժպտում եմ ու անցնում առաջ:

Ինչպես բոլոր հայտնի մարդկանց, Ձեր մասին էլ հավանաբար մամուլը հաճախ է «երևակայում»…

– Լրագրողների դեմ ես ոչինչ չունեմ, բայց կան հատուկենտ լրատվամիջոցներ, որոնց համար երևի կարևոր է մարդկանց անպատվելը, վատ-վատ բաներ գրելը, երևի այդպես կարողանում են ավելի լավ վաճառել թերթերը: Սկանդալը միջազգային մամուլում այսօր մեծ տեղ ունի: Ես էլ, իհարկե, բացառություն չեմ: Հաճախ նաև իմ մասին են լրագրողները «երևակայում»: Անկեղծ ասած, նախկինում մի քիչ սրտնեղում էի, մտածում էի, թե ինչո՞ւ պետք է նման բաներ գրվեն իմ մասին, հետո հասկացա, որ դա բիզնես է, ու սկսեցի հանգիստ նայել ամեն ինչին:

Բայց սկանդալներ Ձեր շուրջը շա՞տ են պտտվում:

Կարծում եմ` Հոլիվուդի աստղերին չեմ գերազանցում (ծիծաղում է): Երբեմն-երբեմն դեպքեր, իհարկե, պատահում են: Բայց ախր լրագրողները շա՜տ են ուռճացնում:

Մի բան ինձ ամենից շատ հետաքրքրեց: Ես կողքից հետևում էի նկարահանումների ընթացքին: Գիտեմ, որ առավոտյան 5-ից նկարահանման հրապարակում եք: Հիմա արդեն ժամը երեկոյան 7-ն է, չե՞ք հոգնել:

-Չէ, չէ, չեք տեսնում, որ չեմ հոգնել (ժպտում է): Իսկապես չեմ հոգնել: Զարմանալի է, բայց նկարահանումները արագ են ընթանում, շատ արագ: Սևանա լիճը ես շատ եմ սիրում, առավոտյան հրաշալի եղանակ էր այստեղ, մենք բոլորս էլ վայելեցինք գեղեցիկ բնությունը, օդը, որը մեզ տրամադրեց շատ ավելի լավ աշխատել:

Ասեմ, որ թիմը պրոֆեսիոնալ մարդկանցով է շրջապատված: Ամեն մեկը գիտի` ինչ է անում: Երևի դա է պատճառը, որ ամեն ինչ շատ արագ է ստացվում: Կազմակերպվածությունն ուղղակի հրաշալի է:

Երևան գնալո՞ւ եք:

-Անշուշտ, ես չեմ կարող Երևանում չլինել: Հիմնականում հանդիպում եմ ընկերներիս, ծանոթներիս:

Շա՞տ ընկերներ ունեք:

-Երևանում շատ-շատ ընկերներ ունեմ: Ասեմ, որ նրանք ոչ միայն արվեստի, այլև շատ այլ ոլորտներից են: Գրեթե բոլորի հետ էլ հանդիպում եմ, չեմ ուզում, որ մեկը նեղանա: Իսկ ամենակարևորը, ինչպես միշտ, այս տարի ևս, այցելելու եմ իմ կողմից շատ մեծ հարգանք վայելող Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան:

Ձեր երգերից, ֆիլմերից չխոսեցինք պրն Կիկաբիձե:

-Սա ավելի հաճելի զրույց էր: Ի՞նչ խոսենք իմ երգերից, բոլորն էլ սիրում եմ, սիրով եմ երգում: Չունեմ սիրած-չսիրած երգ, յուրաքանչյուրն էլ կատարում եմ առանձնակի անկեղծությամբ:

Բայց այ Օկուջավայի երգը հաստատ Դուք առանձնակի անկեղծությամբ եք կատարում:

-Իսկ դուք լսե՞լ եք այդ երգը:

Այո, «Էլ ինչո՞ւ եմ ապրում այս հավերժ աշխարհում»…

-(Ծիծաղում է): Այդ երգն, անկեղծ ասած, ես էլ շատ եմ սիրում: Շատերը փորձեցին երգել, բայց Օկուջավան ասաց, որ ինձ մի քիչ ավելի լավ է հաջողվել: Համերգների ժամանակ հաճախ այդ երգը չեմ կատարում: Զարմացա, որ դուք գիտեիք այդ երգի մասին:

Նկատում եմ, որ Ձեզ շատ զբաղեցրի, ռեժիսորը կարծես թե Ձեզ է կանչում:

– Ուրիշ հարց կա՞:

Վերջինը. ի՞նչ ապագա ծրագրեր ունեք:

Նկարահանումներից հետո ջազ-փառատոնի եմ մասնակցելու, որը միջազգային հեղինակություն ունի: Այնուհետև ինձ սպասում են Իսրայելում ու Կանադայում: Մեծ հյուրախաղեր են լինելու: Իսկ ամենավերջին կանգառը Վրաստանն է` իմ տունը:

Անչափ շնորհակալություն:

Խնդրեմ: Ես արդեն գնացի նկարահանման: Ամենայն բարիք եմ ձեզ մաղթում:

 

Զրուցեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

 

Դիտվել է 2803 անգամ:
Print Friendly

Leave a Reply