«Կտրեք ոտքերս, էլ չեմ դիմանում…»

ԷՍՍԵ | | July 28, 2011 14:35

Աշոտն արդեն զզվել ու հոգնել է սեփական ոտքերից: Վերքերը բացվում են, անտանելի ցավում, գարշահոտությունն էլ` իր հերթին: Ամբողջ օրը փող է մուրում, որ ոտքերը խնամի, բայց էլի չի հերիքում: Արդեն մուրալ էլ չի կարողանում, հոգնում է ոտքի վրա կանգնելուց: Իսկ տրանսպորտում նրանից խորշում են, փողոցում` նկատողություն անում, թե «խի՞ չես գնում բժշկի»: Այդ հարցին առաջ պատասխանում էր մի բառով` գնում եմ: Հիմա էլ չի դիմանում ու ասում է. «Տո  ի՞նչ գիտեք` չեմ գնում»:

Աշոտը միաժամանակ չորս բժշկի է ալցելում: Մեկն ասում է` ոտքերդ պետք է հեռացնենք,  դա  է միակ ճանապարհը, մյուսն ասում է` դա լուծում չէ, սայլակին կգամվես, երրորդն ասում է` դա քո հիվանդությունն է, պետք է տանես, մինչև տեսնենք` ինչ է լինում: «Մինչև տեսնենքը ո՞րն է, մինչև տեսնեն` երբ եմ մեռնո՞ւմ,- հուսահատ ասում է Աշոտը,- 4 տարի է` տառապում եմ: Մնում է ինքնասպան լինեմ, պրծնեմ: Կտրե՛ք  ոտքերս, էլ չեմ դիմանում..»,- պահանջելու պես խնդրում է Աշոտը:

Որբ, հազվադեպ հիվանդությամբ տառապող, անտուն-անտեր մի տղա` գեղեցիկ տղա: Արդեն տղա էլ չէ, տղամարդ է` 30 տարեկան, որ հաճախ է իրեն միևնույն հարցը տալիս. «Իբր խի՞ ծնվեցի»: Հետ է նայում իր կյանքին ու տեսնում միայն…փախուստ: Փախուստ թշվառությունից, տառապանքից, ստորացումից, փախուստ, որ տանում է միշտ նույն տեղը` թշվառություն, տառապանք, ստորացում…

Ծնվեց թե չէ` ծնողները հրաժարվեցին նրանից: Տղան աչքերը բացեց մանկատանը, իմացավ, որ իրեն Աշոտ են ասում, և մայրն իրենից հրաժարվել է հիվանդության պատճառով: Հետո հայտնվեց մի գիշերօթիկում, որտեղ սովորեց գողանալ, խաբել, խլել ընկերոջ մի պատառ հացը, սովից ամսագրերի գեղեցիկ ու ախորժալի նկարները պոկել-ուտել Նուբարաշենի գիշերօթիկի երեխաները նկարն ուտում էին՝ պատկերացնելով, թե սնունդ են ուտում: Իսկ երբ մեծացավ ու խելքին հասավ, որ ապրում է մտավոր խնդիրներ ունեցողների համար նախատեսված հատուկ դպրոցում, մտածեց. «Բա ե՞ս  էստեղ ինչ գործ ունեմ: Հը՞, կարող ա՞ գործ ունեմ….»: Ինչքան էլ փորձեց իրեն համոզել, չհամոզվեց: Ու որոշեց փախչել: Հասկացավ, որ եթե մնա այդտեղ, հաստատ «գործ կունենա»: Հասկացավ, քանի որ շատ էր կարդում, շատ-շատ:

Դարձավ թափառաշրջիկ մուրացկան. ցերեկները փող էր մուրում, գիշերներն անցկացնում շենքերի կտուրներում: Ռոմանտիկ էր, բայց ռոմանտիզմը չէր նրան կտուրներ տանում, այլ պարզ, մարդկային բնազդը. հանկարծ շենքի բնակիչները կտեսնեին գիշերով մուտքում ծվարած թափառաշրջիկին ու կվախենային: Խե˜ղճ տղա, բարեհոգի արարած, աշխարհում  ո՞վ  էր քո մասին մտածում, որ դու մտածում էիր:

Հետո հասկացավ, որ թափառաշրջիկի կյանքն էլ կյանք չէ, ինքն էլ արդեն երեխա չէ, ու որոշեց աշխատել: Որոշելը լավ բան է, աշխատելն` առավել ևս, բայց մենք էդ ո՞ր երկրում ենք ապրում, որ հերիք չէ անտուն-անտեր,  վրան էլ «դեբիլների դպրոցից» դուրս եկածին աշխատանք տան: Ո՞ւմ   էր հետաքրքիր, որ Աշոտը բանաստեղծություններ է գրում, ավելի գրագետ ու կիրթ է խոսում, քան այսօրվա բանասերներից շատերը, կամ`  ո՞ւմ  էին պետք Աշոտի խոհափիլիսոփայական մտքերը:

Չէ, Աշոտը բանվորության համար էր ծնվել. ամենաշատը: Սկսեց աշխատել, քչից շատից յոլա գնալ: Բայց էլի բախտը չբերեց: Հիվանդությունը սրվեց, ոտքերն ուռեցին, էնքան ուռեցին, որ հազիվ էր քարշ տալիս:

Փղախտ, հազվադեպ հանդիպող հիվանդություն: Հենց խեղճ որբի՞ն պիտի գայիր ու կպչեիր: Դա հերիք չէր, գումարվեցին երկու այլ հիվանդություններ` տրոֆիկ խոց և նյարդաբանական խնդիրներ:

2007-ն էր: Ինչ-որ կազմակերպություն միջնորդեց, որ Աշոտը տեղափոխվի անօթևանների ժամանակավոր կացարան, այսինքն` բոմժանոց, ինչպես կացարանի բնակիչներն են ասում: Բոմժանոցում գուցե Աշոտը մնար ու չմտածեր հերթական փախուստի մասին, բայց ամբողջ օրը հարևանների հետ թուր ու թվանքի էր ոտքերի հոտի պատճառով: Օրուգիշեր Աշոտից բողոքում էին, տնօրինությանն ասում, թե էլ չեն դիմանում, «սրան տարեք ստեղից»:

Աշոտին առանձին սենյակ տվեցին, բայց կռիվը չդադարեց. հիմա էլ բողոքում էին, թե «դա  ո՞վ եղավ, որ դրան առանձին սենյակ տվեցիք, իսկ մենք 100 հոգով մի սենյակում ենք ապրում»: Դե արի ու մարդկանց հասկացիր: Դե արի ու մի փախիր մարդկանցից:

Աշոտն էդտեղից էլ հեռացավ: Բայց քանի փողոցում արդեն ապրել չէր կարող, որոշեց մի էժան սենյակ վարձել: Որոշելը լավ բան է, էժան սենյակն` առավել ևս: Բայց ո՞վ իր սենյակը կվստահեր անտուն-անտեր,  ի լրումն` հիվանդ ու գարշահոտություն տարածող տղային:

Արի ու տես, որ էդպիսի մեկը գտնվեց, և Աշոտին մի հանրակացարանային սենյակ տվեց ամսական 25 000 դրամով: Անտեր-անտուն Աշոտը ժամանակավոր տուն ունեցավ: Ճիշտ է, մինչև  հիվանդ ոտքերով 7 հարկ բարձրանում էր, գնում էր էն աշխարհն ու հետ գալիս, բայց գոհ էր:

Մի օր էլ տանտերը որոշեց մի քիչ էլ «հարստանալ»` տան վարձը դարձնելով 35 000: Աշոտը իրերը հավաքեց, հեռացավ: Բայց մի քանի օր անց տանտերը զանգեց Աշոտին, թե հետ արի, տունս ոչ ոք չի ուզում վարձել, ոտքերիդ գարշահոտությունը մտել է պատերի մեջ:

Կյանքում առաջին անգամ ոտքերի հոտն Աշոտին օգտակար եղավ: Բայց մեկ է, զզվել ու հոգնել է. «Կտրե՛ք ոտքերս, էլ չեմ դիմանում…»:

 

 

 

 

Դիտվել է 5200 անգամ:
Print Friendly

Leave a Reply