«Ուզում են` թող բանտ գցեն, էստեղից գնացողը չեմ, ես Հայաստանի քաղաքացի եմ»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 22, 2011 7:00

Վիգեն Նազարյանը երեք երկրների քաղաքացի է` Իրանի, Մեծ Բրիտանիայի, վերջերս նաև` Հայաստանի: Իրանում ծնված, Անգլիայում ապրած և  5 տարի առաջ Հայաստան վերադարձած Վիգենը մեկուկես տարի շարունակ պայքարում էր հայրենի երկրի քաղաքացի դառնալու համար. «Երևի ինձ էդքան քաշքշուկների մեջ գցեցին, որովհետև ուզում էի ամեն ինչ օրինական ճանապարհով անել»,- ենթադրում է նա:

Նա այդքան ծանր չէր տանի ՕՎԻՐ-ի աշխատակիցների կողմից իրեն տարիուկես տանել-բերելու հանգամանքը, եթե չպարզեր, որ նույն այդ աշխատակիցները պարսիկների կացության ժամկետը հերթական անգամ երկարաձգելու փոխարեն նրանց խիստ գործնական առաջարկ են անում`  մի քիչ ավելի գումարի դիմաց ՀՀ քաղաքացիություն «դասավորել»: «Նման չորս օրինակ անձամբ ես գիտեմ. երեքը ինձ են դիմել, որպեսզի օգնեմ թարգմանության հարցում»-ասում է նա,-իսկ մյուսը եղբորս աղջկա ընկերուհին է»:

Թարգմանելու հարցով Վիգենին դիմած իրանցիներին Վիզաների և անձնագրային վարչության աշխատակիցները (կամ աշխատակիցը) միևնույն բանն են ասել. «Էլ ինչո՞ւ ես 180  հազար դրամ ծախսում, որ 10 տարով վիզադ երկարացնես, դրա վրա մի քիչ էլ ավելացրու (մեկին ասել են` 600 դոլար, մյուսին` 700, երրորդին` 800), դասավորենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացիր»:

Հիշեցնենք, որ օտարերկրյա յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու իրավունք ունի, եթե վերջին երեք տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում, կարող է բացատրվել հայերեն և ծանոթ է ՀՀ Սահմանադրությանը:

Թե ինչպես է ավարտվել այդ «գործարքը», այլևս չի հետաքրքրվել: Ըստ Վիգենի` երևույթը ոչ միայն վիրավորական է, այլև խիստ վտանգավոր, քանի որ Հայաստանում ապրող և գործունեություն ծավալող իրանցիների զգալի մասը ադրբեջանական ծագում ունի. «Փոխանակ նրանց արմատներով հետաքրքրվեն, օվիրի աշխատողն ինձ ստիպում էր, որ մեր թեմի առաջնորդի ստորագրությամբ փաստաթուղթը (առ այն, որ ես Հայ առաքելական եկեղեցուն եմ դավանում) տանեմ Հայաստանում Իրանի դեսպանատուն, որպեսզի դեսպանն այն հաստատի»: Այդտեղ Վիգենը չի դիմացել ու բղավել է. «Ուրեմն դուք ուզում եք, որ մեր եկեղեցու սպասավորի ստորագրությունը հաստատի պարսի՞կը»:

Վիգեն Նազարյանը 52 տարեկան է: Ծնվել է Թեհրանում, ապա տեղափոխվել Անգլիա, բարձրագույն կրթություն ստացել, ամուսնացել անգլուհու հետ և 30 տարի ապրել այնտեղ: Առաջին անգամ Հայաստան է եկել 11 տարի առաջ, հետո սկսել է հաճախ գալ: Ի վերջո հասկացել է, որ եթե շարունակի ապրել Անգլիայում` անգլիացու կողքին, ձուլվելուց բացի իրեն ոչինչ չի սպասում:

Չնայած որդիների անունները կիսով չափ հայկական են` Դանիել-Միհրան, Ռոբերտ-Անդրանիկ, միևնույնն է, տղաները հայերեն չեն խոսում ու կապող քիչ բան ունեն Հայաստանի ու հայության հետ. «Ես առավոտից իրիկուն աշխատում էի, որ փող բերեմ, ապրուստ ստեղծեմ, իսկ երեխաներիս դաստիարակությամբ հիմնականում կինս էր զբաղվում: Երեխաներս հայամետ են, բայց հայ չեն, անգլիացի են: Ես ինքնախաբեությամբ չեմ ուզում զբաղվել»,-խոստովանում է նա:

Երբ տղաներն արդեն չափահաս էին և իրենց կյանքով էին ապրում, նա որոշում է կնոջից բաժանվել ու Հայաստան գալ: Մի քանի տարի առաջ վերջնականապես Հայաստան է տեղափոխվում: Նրա հետ Անգլիայից Հայաստան են վերադառնում նաև 5 հայ ընտանիքներ. «Նրանցից շատերը հսկայական ծախսեր արեցին, տունուտեղ, ունեցվածք, ամեն ինչ վաճառեցին` այրելով վերադարձի կամուրջները և հաստատ որոշելով մնալ Հայաստանում,-ասում է Վիգենը,-բայց նրանցից միայն ես ու մի ընտանիք մնացինք»: Մյուսները, բախվելով հայաստանյան իրականությանը, չեն դիմանում ու վերադառնում են Անգլիա` ամեն ինչ զրոյից սկսելով. «Մարդիկ սրտանց եկել էին, որ մնան, բայց մարեց այդ ձգտումը, ու հեռացան: Նրանցից մեկն ասում էր. «Ես Անգլիայում ավելի շատ եմ հայկական երաժշտություն լսում, քան Հայաստանում»: Եվ իսկապես, Անգլիայում դասական երաժշտության ռադիո կար, որով առավոտյան առնվազն 3 ժամ Արամ Խաչատրյան էր հնչում, իսկ էստեղ ընդամենը թուրք-արաբական աղբ ես լսում` հովանավորված մշակույթի, կրթության նախարարությունների կողմից»,-ասում է Վիգենը:

Ըստ նրա, երբ նոր ես գալիս Հայաստան, սկզբում ոչ մի թերություն չես նկատում, ամեն ինչ դրախտային է թվում: Իսկ երբ մարդիկ սկսում են բողոքել, թերությունները ցույց տալ, մտածում ես. «Ինչ անշնորհք դավաճան է, ինչեր է ասում»: Հետո կամաց-կամաց իրականության մեջ ես մտնում, հասկանում, որ այդ մարդիկ մեղավոր չեն, քանի որ ապրում են գրպանապաշտների, աթոռապաշտների հետ և զզված թողնում-հեռանում են,- ասում է նա,- և ինչքան էլ սերը կուրացրած լինի աչքերդ, վերջիվերջո բախվում ես իրականությանը»:

Բարեբախտաբար, այդ իրականությունը չստիպեց Վիգենին մյուս ընտանիքների պես վերադառնալ Անգլիա: Ընդհակառակը, նա նոր կյանք սկսեց հայրենիքում և է՛լ ավելի հաստատուն դարձրեց իր կապերը` ամուսնանալով արդեն հայուհու հետ: Մի քանի օր առաջ ծնվեց նրանց որդին: Նորածնի ծննդյան վկայականն անմիջապես հայտնվեց Վիգենի ֆեյսբուքյան լուսանկարների մեջ: Մեզ` հայաստանցիներիս համար փոքր-ինչ խորթ այդ քայլը Վիգենի համար լրիվ այլ նշանակություն ունի. նա հպարտորեն ցուցադրում է որդու ծննդյան վկայականը, որովհետև այնտեղ գրված է` Հայկ-Ավո Նազարյան` հայ, մայրը` հայ, հայրը` հայ:

«Հիմա հաստատ էստեղից գնացողը չեմ: Արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, թող ինչ ուզում են` անեն, ուզում են` թող բանտ գցեն, կարևորը, որ ես Հայաստանում եմ»:

 

 

 

 

Դիտվել է 3229 անգամ:
Print Friendly

Leave a Reply