«Շատ մի սիրիր, ատել կա, շատ մի ատիր, սիրել կա»
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | July 21, 2011 14:10
Ժողովրդական հայտնի ասացվածք կա` «Շատ մի սիրիր, ատել կա, շատ մի ատիր սիրել կա», որ շատ տեղին է Հայաստանի ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակը կամ ՀԱԿ–իշխանության` անտագոնիզմից երկխոսության գնալու ճանապարհը բնորոշելու համար:
Շատ է խոսվել, գրվել, վերլուծվել, թե ինչու հանկարծ կողմերը փոխեցին իրենց վերաբերմունքը: Բնականաբար, գաղտնիք չէ, որ մի քանի ամսում փոխադարձ հանդուրժողականության, իրար մեջք պահելու, երկխոսելու պատրաստակամության այս գործընթացը չոր հաշվարկների արդյունք է. կողմերից յուրաքանչյուրը շատ մանրամասն հաշվարկել է, թե ինչ է շահում ու կորցնում` գնալով այս երկխոսությանը և ենթադրաբար որոշել է, որ երկարաժամկետ կտրվածքով ձեռքբերումները գերազանցում են:
Ի վերջո, այս ամենն ավարտվեց ձեռքսեղմումով «Էրեբունի պլազայում»: Թվում է, թե հանրության շրջանում էլ ինչ-որ խանդավառություն պիտի լինի. ոչ ոք չի կարող համաձայն չլինել այն հայտնի ճշմարտությանը, որ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը (երկխոսությունն ավելի լավ է, քան երկպառակությունը): Եվ այն, որ քաղաքական դաշտում հարաբերվելու նոր մոտեցումներ են ի հայտ գալիս, պիտի ողջունելի լինի: Սակայն այն բուռն ոգևորությանը, որն առկա է քաղաքական այս ուժերի շրջանում ու նրանց հայտարարություններում, ոչ մի կերպ հաղորդակից չէ հասարակությունը: Կարծես այս ամենը հանրությունից մեկուսի է իրականացվում:
Հանրությունը կա՛մ անտարբեր է, կա՛մ էլ ոչ մի լուրջ բան չի սպասում այս երկխոսությունից`այս ամենն ընկալելով որպես նախընտրական խաղեր, իշխանության վերարտադրությունն ապահովելուն և մի քանի տեղ խորհրդարանում ստանալուն ուղղված քայլեր, կա՛մ լուրջ մտավախություններ ունի արցախյան հակամարտության հետ կապված պայմանավորվածությունների հնարավորության շուրջ: Հանրությունն ապրում է իր կյանքով, քաղաքական ուժերը` իրենց: Եվ ՀԱԿ-ն ու իշխանությունները հիշում են հանրության խնդիրների մասին միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում ստիպել հակառակ կողմին երկխոսության հետ կապված հերթական քայլն անել:
Երկխոսությունը սկսելուն զուգահեռ ՀԱԿ-ը խիստ կառուցողական դարձավ իր քննադատություններում, իսկ ինչ-որ փուլում դա վերածվեց Սերժ Սարգսյանի քաղաքականության պաշտպանության` որոշ թռուցիկ անհամաձայնություններով: Արտահերթ ընտրությունների մասին անընդհատ բարձրաձայնող ՀԱԿ-ը ոչ մի կերպ չարձագանքեց ընտրական օրենսգրքի փոփոխություններին և չարտահայտվեց Գարեգին Ազարյանին կրկին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ նշանակելու կապակցությամբ: Ու հիմա այնպիսի տպավորություն է, որ ՀԱԿ-ին հետաքրքրում են ոչ թե ընտրությունների ընթացքը կամ արդյունքները, այլ այն, որ ընտրությունները կոչվեն արտահերթ, ու իրենք կարողանան իրենց դեմքը պահել: Եվ ենթադրաբար Սերժ Սարգսյանն էլ, որ ԵԽԽՎ լիագումար նիստի իր ելույթում խոստումներ էր տալիս, թե ամեն ինչ անելու է, որ այս անգամ ընտրությունները ազատ ու թափանցիկ լինեն, դա պատկերացնում է ուղղակի այն տարբերակով, որ ընդդիմադիրների հետ լեզու գտնելու ու նրանց սուր քննադատությունը կոտրելու դեպքում որևէ մեկը չի նկատի, թե ինչ խախտումներով են կազմակերպվելու ընտրությունները:
Երկխոսության այս գործընթացն ու դրա բովանդակային կողմը ցույց է տալիս, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն անտարբեր են քաղաքացու ձայնի, վերաբերմունքի ու խնդիրների նկատմամբ: Ընդդիմությունն ու իշխանությունը երկխոսում են «հանուն բնակչության բարօրության», բայց բնակչության սոցիալ-տնտեսական դրությունը վատթարանում է, գները շարունակում են աճել, իսկ հանրության մի մասն իր բողոքն արտահայտում է շատ ուղղակի` արտագաղթով: Թե ինչքան կշարունակվի այս վիճակը, դժվար է կանխատեսել: Հայաստանում երբևէ ընդդիմությունն ու իշխանությունն ընտրությունների նախաշեմին այդքան մոտ չեն եղել միմյանց: Մինչև ընդդիմությունն ու իշխանությունը կողմնորոշվեն, կհայտնվենք ընտրությունների շեմին, ու սկսվի բնակչության սիրաշահման փուլը:
Իսկ մինչ այդ խոսենք ներկայիս իրողությունների մասին
Անմիջապես «Էրեբունի պլազայի» հանդիպումից հետո հայտարարություն եղավ, որ կողմերն ընդամենն իրենց դիրքորոշումներն են ներկայացրել, բայց բուն քննարկումը տեղի չի ունեցել: Հստակեցված չէ նաև, թե երբ է լինելու նոր հանդիպումը ու ինչ հարցերի շուրջ է տեղի ունենալու: ՀԱԿ-ն արդեն իսկ հայտարարել է, որ եթե այս երկխոսությունը մինչև սեպտեմբեր որևէ արդյունք չտա (արտահերթ ընտրությունների կազմակերպման մասով), ապա իրենք սեպտեմբերից կտրուկ փոխելու են մարտավարությունը: Ի դեպ, նկատենք, որ իշխանությունները հայտարարել են, որ իրենց համար տաբու չկա, և պատրաստ են քննարկել ցանկացած հարց, այդ թվում և արտահերթ ընտրությունների հարցը, սակայն ինչպես հայտարարել է Դավիթ Հարությունյանը. «ՀԱԿ-ի հետ երկխոսության նպատակը չի կարող լինել այն, որ յուրաքանչյուր հարցի շուրջ համաձայնություն կայանա»:
Ինչևէ, կողմերը հակված են շարունակելու քննարկումները այս ձևաչափով, քանի որ եթե մինչև հանդիպումը ՀԱԿ-ի ներկայացուցիչները որոշ վերապահումներ ունեին` կապված իշխանության ներկայացուցիչների լիազորությունների հետ, ապա հանդիպումից հետո կարծես թե ամեն ինչ իր տեղն է ընկել, քանի որ, ինչպես նշել է Լևոն Զուրաբյանը, պարզվեց, որ խումբը բավականին լայն լիազորություններ ունի, և դա նոր հանգամանք է (Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ իրենք ներկայացնում են և՛ օրենսդիր մարմինը, և՛ գործադիր իշխանությունը, և՛ հանրապետության նախագահին), որը իրենք պետք է քննարկեն: Սակայն հետագայում տարածված հայտարարության մեջ որևէ խոսք չկա այն մասին, որ ՀԱԿ-ին չի բավարարում իշխանության աշխատանքային խմբի ձևաչափը կամ լիազորությունները: ՀԱԿ-ը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել երկխոսությունը այս ձևաչափով,սակայն պահանջել է, որ այն տեղի ունենա չեզոք վայրում, հեռարձակվի ուղիղ եթերով կամ ՀԱԿ-ին ամեն հանդիպումից հետո առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի Հ1-ով, որպեսզի ներկայացնի իր մոտեցումները:
Արդեն իսկ տեղեկություն կա, որ կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերում նոր հանդիպման մասին: Ի վերջո, կձևավորվի՞ օրակարգ, և կողմերը կանցնե՞ն կոնկրետ քննարկումների, թե՞ ոչ: Սա կախված կլինի նրանից, թե ինչքանով պատրաստ կլինի իշխանությունը բավարարելու ՀԱԿ-ի նոր պահանջները, կամ որքանով կողմերը կգան կոմպրոմիսի այդ հարցերի շուրջ: Իշխանությունը հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի ՀԱԿ-ի հետ երկխոսությունը հաջողությամբ պսակվի:
Հաջորդ հանդիպումը ցույց կտա կողմերի իրական պատրաստակամության աստիճանը:
Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
