Ոլորտի պատասխանատու. առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը Հայաստանում կտրուկ աճել է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 21, 2011 13:19

Առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը Հայաստանում կտրուկ աճել է. եթե այս տարվա առաջին եռամսյակում նրանց թիվը կազմել է 14 հազար 889 մարդ, ապա արդեն երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը հասել է 26 հազար 195-ի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում թվային նման տվյալներ ներկայացրեց  «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատաշուկայի վերլուծության եւ կանխատեսման բաժնի պետ Անահիտ Փարսադանյանը:

«Համեմատության համար՝ 2010 թվականի առաջին եռամսյակում մեր գործակալությունում գրանցվել է առաջին անգամ աշխատանք փնտրող 13 հազար 882, երկրորդ եռամսյակում՝ 14 հազար 327 մարդ»,- տեղեկացրեց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ «Զբաղվածության պետական ծառայության» հաշվեկշռում գրանցվում եւ աշխատանք են փնտրում հիմնականում ինժեներներ, տնտեսագետներ, մանկավարժներ, վարորդներ եւ բանվորական մասնագիտությունների տեր մարդիկ։ «Հատկանշական է, որ մեր գործակալությունում գրանցված մարդկանց մեծ մասը 30-55 տարեկան անձիք են, իսկ երիտասարդները կազմում են առաջին անգամ աշխատանք փնտրողների մոտ 20 տոկոսը։ Նրանցից շատերը ժամանակավոր, միայն ամառվա ամիսների համար աշխատանք փնտրողներ են, որոնց եւս փորձում ենք օգնել»,- ասաց «Զբաղվածության պետական ծառայության» ներկայացուցիչը:

Անահիտ Փարսադանյանը նշեց նաեւ, որ քիչ չեն դեպքերը, երբ բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ համաձայնում են աշխատել ոչ իրենց մասնագիտությամբ, այլ առեւտրի եւ սպասարկման ոլորտներում։

 

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply