Նորա Արմանի. «Ոսկե ծիրանը» կարող է մրցել յուրաքանչյուր միջազգային կինոփառատոնի հետ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 21, 2011 13:14

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը վստահորեն կարող է մրցել  յուրաքանչյուր միջազգային կինոփառատոնի հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման կարծիք հայտնեց սփյուռքահայ դերասանուհի Նորա Արմանին`  հավելելով, որ «Ոսկե ծիրան»-ի առանձնահատկությունն այն է, որ ներկայացվում են այնպիսի ֆիլմեր, որոնք բարձրաձայնում են այժմեական խնդիրների մասին:

«Այդ թեմաները ծանոթ և հոգեհարազատ են հանդիսատեսին: Դա է պատճառը, որ փառատոնն այդքան մեծ հնչեղություն ունի»,- ասաց դերասանուհին: Արմանին  փառատոնի առավելություններից է համարում նաև  այն, որ ներկայացվում են  թարմ ֆիլմեր, որոնք վերջերս են արժանացել Կաննի կինոփառատոնի մրցանակների եւ այլն:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ խորհուրդ կտար կինոփառատոնի կազմակերպիչներին`  Արմանին նշեց, որ փառատոնի կազմակերպիչներն ամեն հնարավորն անում են, իսկ խորհուրդներ տալը շատ հեշտ է: «Իհարկե, կարելի էր ավելի շատ հյուրեր հրավիրել, ավելի շատ ֆիլմեր ցուցադրել, բայց չպետք է մոռանալ, որ այդ ամենը կապված է ֆինանսական մեծ դժվարությունների հետ»,- ասաց դերասանուհին` շեշտելով, որ փառատոնը տարեցտարի ավելի է ընդարձակվում:

Կարեւորելով Հայաստանում անցկացվող յուրաքանչյուր փառատոն` Նորա Արմանին նշեց, որ դրանք, էսթետիկական հաճույք պատճառելուց բացի, համախմբող նշանակություն ունեն: «Յուրաքանչյուր նմանատիպ ձեռնարկ պետք է քաջալերվի: Դրանց շնորհիվ այլ ազգի ներկայացուցիչները կգան Հայաստան, կսիրահարվեն և կմնան այստեղ»,- կատակեց նա:

 

 

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply