Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայցով եղել է Կենտրոն վարչական շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 20, 2011 19:45

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հերթական աշխատանքային շրջայցը Կենտրոն վարչական շրջանում էր: Քաղաքապետը նախ ծանոթացել է Մաշտոցի պողոտա 2-4 և Լուսավորչի 17 շենքերի բակում կատարված աշխատանքներին:

Այս տարածքը բոլորովին վերջերս է համալրել Կենտրոն վարչական շրջանի  օրինակելի բակերի շարքը: Բակի բարեկարգ տեսքը ամբողջացրել  են վերջերս տեղադրված մանկական խաղերն ու մարզասարքերը: Բնակիչները  իրենց գոհունակությունն են հայտնել համատիրության աշխատանքներից,իսկ բարձրացված խնդիրներից առաջինը  ոռոգման ջուրն էր, որի ուղղությամբ քաղաքապետը հանձնարարել է առաջիկայում լուծում գտնել: Հաջորդ խնդիրը հեղեղատարի հետ կապված թերությունն էր: Քաղաքապետը նշել է, որ այս մասով քաղաքում մեծ ծրագիր է իրականացվելու:

Երևանի քաղաքապետը շրջել է նաև Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորիչ փողոցների գետնանցումի տարածքում: Քաղաքապետը նշել է ,որ գետնանցումների բարեկարգման ծրագրով առաջիկայում կհայտարարվի մրցույթ, և հավանական ներդրողներին կներկայացվեն պայմանները,համաձայն որոնց տարածքները կնորոգվեն   ու  կլուսավորվեն ,կապահովվի սանիտարական պատշաճ վիճակը,  նաև առևտրային տաղավարներ կառաջարկվեն բիզնեսով զբաղվող քաղաքացիներին:

Յուրատեսակ հանգստի գոտու է վերածվել Հանրապետության 62 շենքի բակը, որը նաև տարիներ առաջ վարչական շրջանի լավագույն բակն է ճանաչվել:  Հատկապես փոքրիկների հանգիստը կազմակերպելու համար առկա լողավազանին, այս տարի գումարվել են նաև կարուսելները: Վերջերս էլ քանդվել են բնակիչների կողմից նախկինում զբաղեցված բոստանային տարածքները, ուր տեղադրվել են նոր ու գեղեցիկ նստարաններ:

Կարեն Կարապետյանը գոհ է մնացել նաև Մաշտոցի 40 Ա շենքի բակում կատարված աշխատանքներից, ուր ևս բակի բնակիչների համար ստեղծվել են հանգստի բոլոր հնարավորությունները: Բակը բերվել է պատշաճ տեսքի: Ամեն ինչ խնամված է  ու բարեկարգ:

Կարեն Կարապետյանը շրջել է նաև Հյուսիսային պողոտայում ու Սայաթ-նովա փողոցում: Կենտրոն վարչական շրջան կատարած շրջայցից հետո վարչական շրջանի աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել ժամկետանց և ապօրինի կրպակների ապամոնտաժման գործընթացը արագացնելու խնդրին: Կանաչապատման մասով քաղաքապետը նշել է, որ աշխատանքներ տարվում են, սակայն դրան բավարար չեն մայրաքաղաքի կենտրոնը կանաչապատելու համար սահմանված չափանիշներին: Ընդգծվել են այն խնդիրները, որոնք կարճ ժամկետում լուծման կարիք ունեն: Տրվել են մի շարք հանձնարարականներ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply