«Ուզում եմ ոչ կին լինել, ոչ տղամարդ…»

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | July 20, 2011 17:57

«Չեմ նկարում մտածելով, նկարում եմ զգալով. դա է արվեստը,-ասում է երիտասարդ նկարչուհին, որ առաջին անգամ իր նկարները ցուցադրել է հանրությանը,-չեմ կարող բացատրել նաև իմ նկարների իմաստը, խոսքերով դա նկարագրել հնարավոր չէ: Հենց որ ուզում եմ դրանց որևէ բնութագիր կամ վերնագիր տալ, անպայման ինչ-որ բան փչանում է, և նկարի ասելիքը` սահմանափակվում»:

Գեղանկարիչ Հասմիկ Գասպարյանը կարծում է, որ արվեստը դուրս է մտքի, ինտելեկտի, տրամաբանության սահմաններից, իսկ արվեստագետ լինելը մի անբացատրելի հոգեվիճակ է. «Նկարում եմ այն ժամանակ, երբ զգում եմ, որ ուզում եմ նկարել: Եվ նկարում եմ այն, ինչ այդ պահին ապրում եմ»-ասում է նկարչուհին:

Հասմիկի ձգտումն ու նպատակը մեկն է` հասնել կատարյալ ինքնաճանաչման. «Հիմա այդ ընթացքի մեջ եմ, ուզում եմ հասկանալ, թե որն է իմ դերը մոլորակի վրա: Չեմ տրվում աշխարհիկ եռուզեռին, չեմ տարվում նյութական ոչ մի բանով, չունեմ սեփականատիրական զգացողություն»,-ասում է նա:

Կարող է թվալ, թե նկարչուհին հասարակությունից դուրս է ու մեկուսացած, սակայն նա իրեն ամենևին էլ մենակ չի զգում. «Ես իմ աշխարհում եմ: Զարմանալի է, բայց հաճախ կարիք էլ չեմ զգում մարդկանց հետ շփվելու և զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք անիմաստ նյութական արժեքներով են ապրում` զուր վատնելով իրենց կյանքն այս հետաքրքիր աշխարհում»,-ասում է նա:

Ըստ նկարչուհու` իրական արժեքն այս կյանքում հոգևորն է, այն հոգեվիճակը, երբ վեր ես ամեն տեսակ երկրային կախվածությունից և կատարյալ ներդաշնակության մեջ` բնության ու տիեզերքի հետ: «Կատարյալն ինձ համար նաև լիակատար հավասարությունն է,- կարծում է նկարչուհին,- ամեն տեսակի տարբերություններն ու տարանջատումները մարդիկ են հորինել արհեստականորեն»:

Ըստ նրա` չկա տարանջատում ու տարբերություն, պետք է այդ ամենից վեր բարձրանալ. «Ուզում եմ դուրս գալ կին ու տղամարդ, չար ու բարի, գեղեցիկ ու տգեղ, խելացի ու անխելք, երջանիկ ու դժբախտ և նման համեմատական վիճակներից,-ասում է նա,-ուզում եմ ոչ կին լինել, ոչ տղամարդ, ուզում եմ մարդ լինել»:

Իսկ եթե մարդ ես, ապա արդեն բարձր վիճակում ես և ունես կատարելագործման հնարավորություն. մնում է` ուժ գտնես և իրագործես:

Հասմիկն ասում է, որ առաջին հերթին իր համար է նկարում, սակայն իր աշխատանքներն ուզում է ցուցադրել արվեստաբաններին, որպեսզի հասկանա, թե մասնագիտական առումով դրանք ինչ որակ ունեն, և ձգտի կատարելագործվել նաև իբրև արվեստագետ: Իսկ ընդհանրապես նա չի պարտադրում, որ մարդիկ իրեն ճանաչեն, հասկանան կամ սիրեն:

Հասմիկի նկարներում որոշակի կերպարներ ու պատկերներ չկան, բայց կա տիեզերքի, բնության և մարդու փոխհարաբերության հզոր էներգիան. «Չեմ ուզում և չեմ կարող արվեստը դարձնել բիզնես,-ասում է նկարչուհին,-երբ պատվերով ես նկարում, անկեղծ չես, իսկ ինձ համար ամենակարևորը անկեղծությունն է, թեկուզ ոչ ոք չհասկանա դա ու չընդունի»:

Հասմիկ Գասպարյանի գեղանկարները «Նարեկացի» արվեստի միության դահլիճում կցուցադրվեն մինչև հուլիսի 30-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 1916 անգամ:
Print Friendly

Leave a Reply