Հուլիսի վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8,5 տոկոս

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 20, 2011 17:39

2011 թվականի հուլիսի 12-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Ա. Ջավադյանը, նախագահի տեղակալ Ն. Երիցյանը, խորհրդի անդամներ Ա. Դարբինյանը, Ա. Նորեկյանը, Ա. Չիլինգարյանը, Ա. Մկրտչյանը, Վ. Աբրահամյանը

Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումները: 2011 թվականի հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 8.5%` կանխատեսված 9.2%-ի դիմաց, ընդ որում, երկրորդ եռամսյակի ընթացքում գնանկումը կազմել է 1.6%: Պարենային ապրանքների գների աճի նպաստումը 12-ամսյա գնաճին կազմել է 7.3%, իսկ եռամսյակի գնանկմանը`    -1.7%:

Ըստ պաշտոնական վիճակագրության` 2011 թվականի հունիսին  նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.5 տոկոսային կետով: Ամսական գնանկումն ամբողջությամբ պայմանավորված է եղել պարենային ապրանքների գների 2.6% նվազմամբ` ի հաշիվ «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբում գների 25.6% անկման: Ոչ պարենային ապրանքների գների և ծառայություններ սակագների աճը հանգեցրել են ամսական 0.05 տոկոսային կետ գնաճի:

ԱՎԾ-ի կողմից նոր մեթոդաբանությամբ հաշվարկվել և հրապարակվել է 2011 թվականի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճի ցուցանիշը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 1.2%: Վերջինին տնտեսության ճյուղերի նպաստումների վերաբերյալ տվյալներ դեռևս չկան:

ԱՎԾ-ն հրապարակել է նաև մայիս ամսվա Տնտեսական ակտիվության ցուցանիշը` 9.9%      ` որից ելնելով հունվար-մայիս ամիսների ՏԱՑ-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գնահատվել է 5.1%-ի շրջանակներում` պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ճյուղերում արձանագրված թողարկման ծավալների աճով` համապատասխանաբար` 10.3% և 6.2%: Շինարարության ճյուղի անկումը գնահատվել է  3.5%-ի շրջանակներում` չնայած շինմոնտաժային աշխատանքների ծավալներն ավելացել են: Ինչ վերաբերում է գուղատնտեսության ճյուղին, անկումը կազմել է  0.6%` անասնաբուծության ենթաճյուղի հաշվին. բուսաբուծության ենթաճյուղում ցածր աճ է արձանագրվել: Հաշվի առնելով վերը նկարագրվածը, գնահատվում է, որ երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ն  կանխատեսվածի շրջանակներում է:

Ըստ արտաքին ապրանքաշրջանառության ցուցանիշների պահպանվել է ապրանքների արտահանման  ծավալների առաջանցիկ աճը ներմուծման նկատմամբ. արտահանումը (ՖՕԲ)2011 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 30.8%, ներուծումը(ՍԻՖ)` 12.6%-ով:

Խորհուրդը քննարկեց նաև աշխատանքի շուկայի զարգացումները. անվանական աշխատավարձի աճ է արձանագրվել ինչպես բյուջետային ֆինանսավորում ստացող որոշ կազմակերպություններում, այնպես էլ մասնավոր հատվածում, որտեղ  աշխատավարձերի աճի վրա էական ազդեցություն է ունեցել արդյունաբերության, ծառայությունների և շինարարության ճյուղերում նկատվող արտադրողականության աճը, աշխատուժի նկատմամբ պահանջարկի աճը, նախորդ ժամանակահատվածում արձանագրված գնաճը: Ըստ ԿԲ գնահատումների աշխատավարձի աճը համահունչ է եղել տնտեսական ակտիվության ներկա պայմաններում արտադրողականության աճին, ինչի արդյունքում միավոր արտադրանքին բաժին ընկնող աշխատուժի ծախքերն էականերեն չեն փոխվել, և աշխատանքի շուկայի զարգացումները գնաճային միջավայրի ձևավորման առումով չեզոք են եղել:

Ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի երկրորդ եռամսյակի զարգացումները. ինչպես վերաֆինանսավորման տոկոսադրույքի, այնպես էլ իրացվելիության կառավարման գործընթացում դրամավարկային քաղաքականության գործիքների ակտիվորեն կիրառման միջոցով դրամավարկային պայմանների խստացման արդյունքում միջբանկային և ներբանկային ռեպո շուկաներում միջին տոկոսադրույքը նախորդ եռամսյակի նկատմամբ ավելացել է  1.79 տոկոսային կետով և կազմել 9.95%: ՊՊ առաջնային շուկայում նախորդ եռամսյակի նկատմամբ տոկոսադրույքները ավելացել են. մինչև 1 տարի ժամկետայնությամբ պարտատոմսերի միջին տոկոսադրույքն աճել է 1.47 տոկոսային կետով և կազմել 9.37%, իսկ միջնաժամկետ պարտատոմսերի միջին տոկոսադրույքը` 0.16 տոկոսային կետով և կազմել 13.85%:

2011 թ. երկրորդ եռամսյակում արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ եռամսյակի նկատմամբ դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2.15%-ով` կազմելով 374.18 դրամ, Եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 7.08%-ով` կազմելով 539.15 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 6.35%-ով` կազմելով 12.38 դրամ:

Չնայած ԿԲ իրականացրած դրամավարկային քաղաքականությանը ֆինանսական շուկայի համապատասխան արձագանքին, պահպանվել է վարկավորման աճը, որը վերջին 12 ամիսներին կազմել է ավելի, քան 38%: Ընդ որում, ի տարբերություն նախորդ ամիսների, հիմնականում գյուղատնտեսության ճյուղին տրամադրված վարկերի հաշվին, կտրուկ ավելացել է դրամով վարկավորումը: Այդուհանդերձ, արտարժույթով վարկավորման ծավալները շարունակում են բավականին բարձր լինել. նախորդ 12-ամսյա ժամանակահատվածում դրամով վարկավորումն ավելացել է 23.5%-ով, իսկ արտարժությով վարկավորումը` 50.3%-ով (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը` 49.9%-ով): Չնայած առևտրային բանկերի ակտիվային գործառնություններում գերակշռել է արտարժույթը, պարտավորությունների մասում շարունակվում է ապադոլարայնացման գործընթացը. դրամային ավանդներն ավելացել են 48.8%-ով, արտարժութային ավանդները` 18.2%-ով, ինչը հանգեցրել է դոլարայնացման մակարդակի 4%-ով նվազման:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

2011 թվականի հունիսին ԱՄՀ-ը և Համաշխարհային բանկը հրապարակեցին համաշխարհային տնտեսության հեռանկարների վերաբերյալ հերթական զեկույցները, որոնց համաձայն 2011 թվականին սպասվում է համաշխարհային տնտեսության 4.3% աճ. զարգացած երկրների տնտեսական աճը կանխատեսվում է 2.2%-ի շրջանակներում, զարգացող երկրներինը` 6.6%: Ընդ որում, զարգացած երկրների տնտեսական աճը վերագնահատվել է նվազման, իսկ զարգացող երկրներինը` աճի ուղղությամբ: Ինչ վերաբերում է գնաճին, զարգացած երկրների համար այն վերագնահատվել է աճի ուղղությամբ և կկազմի 2.6%, իսկ զարգացող երկրների համար գնահատականն անփոփոխ է` 6.9%: Միաժամանակ, նախանշվում են տնտեսական աճի նվազման ռիսկեր, որոնք վերաբերում են զարգացած երկրներում ֆինանսական և հարկաբյուջետային հատվածներում անհաշվեկշռվածությունների առկայությանը, զարգացող երկրների տնտեսությունների գերտաքացման նախանշանների առավել ակնհայտ դառնալու հանգամանքին, ինչպես նաև միջազգային ապրանքային շուկաների զարգացումներին, թեև վերջինները որոշակիորեն կրճատվել են:

2011 թվականի ապրիլի վերջին միջազգային ապրանքային շուկաներում դրսևորվեց գների էական տատանողականություն. գներն ապրիլին զգալիորեն աճելուց հետո մայիս-հունիս ամիսներին նվազեցին և կայունացան` պայմանավորված հիմնականում համաշխարհային տնտեսական ակտիվության որոշակի նվազման հանգամանքով: Ընդ որում, եռամսյակի ընթացքում գների կայունացման միտումներ նկատվեցին ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների գծով:

Ինչ վերաբերում է նկարագրված զարգացումների ներքո աշխարհի խոշոր կենտրոնական բանկերի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությանը, Եվրոպական կենտրոնական բանկը խստացրել է դրամավարկային պայմանները` քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնելով 0.25 տոկոսային կետով, իսկ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը պահպանել է դրամավարկային  մեղմ միջավայրը` շարունակելով իրականացնել քանակական ընդլայնման երկրորդ փուլի միջոցառումները, և մեծ հավանականությամբ առաջիկայում կնախաձեռնվի երրորդ փուլը: Պայմանավորված ԱՄՆ տնտեսության զարգացումներով` եռամսյա LIBOR տոկոսադրույքը երրորդ եռամսյակում նվազել է և կազմել 0.26%:

Ամփոփելով արտաքին աշխարհի բնութագիրը` ԿԲ խորհուդն արձանագրեց, որ գնաճային միջավայրի ձևավորման առումով տնտեսության արտաքին հատվածից էական ազդակներ չկան. 2011 թվականի երկրորդ եռամսյակում միջազգային ապրանքային շուկաներում, չնայած որոշակի տատանողականությանը, արձանագրվել է գների հարաբերական կայունություն, ինչպես նաև առաջիկա ամիսներին գնաճային ճնշումների ի հայտ գալու հավանականությունը գնահատվում է  շատ փոքր:

Խորհուրդը համակարծիք է, որ տնտեսության ներքին զարգացումները ևս գնաճային միջավայր չեն ձևավորում. աշխատանքի շուկայի և մասնավոր ծախսումների ազդեցությունը չեզոք է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը` զսպող: Միաժամանակ, տարեսկզբից իրականացրած դրամավարկային պայմանների խստացումը, որի ներքո վերաֆինանսավորման տոկոսադրույքի 1.25 տոկոսային կետով բարձրացմանը դրամային շուկան արձագանքեց տոկոսադրույքների ավելի բարձր աճով, ևս շարունակում է նպաստել գնաճային միջավայրի մեղմմանը: Ավելին, առաջիկա երկու ամիսներին սպասվում է գյուղմթերքների գների նվազմամբ պայմանավորված  գնանկումային միջավայրի պահպանում:

Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային և ներքին տնտեսությունների ներկա զարգացումները, ինչպես նաև նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսության ճյուղում ավելի բարենպաստ պայմանները թույլ են տալիս վերահաստատել, որ ծրագրում նախանշված ռիսկերի հաշվեկշռված դրսևորման պարագայում կանխատեսվող հորիզոնում մեծ հավանականությամբ գնաճը կձևավորվի 4% ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: Այս իրավիճակում քննարկվեցին տոկոսադրույքն անփոփոխ թողնելու և նվազեցնելու տարբերակները:

2011 թվականի հուլիսի 12-ի նիստում Խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 8.5% մակարդակ, լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքների համապատասխանաբար` 11.5% և 5.5% մակարդակներ:

Դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխությանը ԿԲ խորհուրդը կանդրադառնա հուլիսի վերջին հաստատվելիք նոր` 2011 թվականի երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի շրջանակներում` հնարավոր նոր ռիսկերի բացահայտումից և մանրակրկիտ վերլուծությունից հետո:

Կենտրոնական բանկի հասարակայնության  հետ կապերի ծառայություն

 

 

 

 

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply