Վրաստան. նավահանգստային քաղաքը պատրաստվում է փախստականների ներհոսքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | July 20, 2011 17:29

Փոթիի բնակիչները պնդում են, որ նույնիսկ իրենց` տեղացիների համար բավարար աշխատատեղեր չկան, առավել եւս` անցյալում պատերազմների հետեւանքով փախստական դարձածների համար:

Վրացական Փոթի նավահանգստային քաղաքի բնակիչները վրդովմունքով են ընդունել այստեղ հատուկ կառուցված կացարաններում 12 հազար փախստականներին բնակեցնելու ծրագրերը` պնդելով, որ այսպիսով քաղաքում ավելի կվատթարանա աշխատանքային տեղերի հետ կապված առանց այն էլ աղետալի իրադրությունը:

Սեւ ծովի ափին գտնվող Փոթի քաղաքի բնակչությունը հասնում է 47 հազարի, եւ փախստականների ներհոսքի հետք այն կաճի 25 տոկոսով: Առաջին` 4 100 հոգուց բաղկացած փախստականների խումբը պետք է Փոթի տեղափոխվի սեպտեմբերին:

Վրաստանում փախստականների հետ կապված մշտական ճգնաժամը սկսվել է դեռ այն ժամանակներից, երբ էթնիկական վրացիները տեղահանվեցին իրենց անկախ պետություններ հռչակած Աբխազիայից եւ Հարավային Օսիայից:

Տեղահանված անձանց ընդհանուր թիվը հասնում է շուրջ 250 հազարի, որոնց բոլորին կառավարությունը փորձում է ապահովել մշտական բնակարաններով: 90-ականների սկզբին հակամարտությունների հետեւանքով տեղահանվածներից շատերն ապրում են հին հյուրանոցներում, դպրոցներում եւ այլ շենքերում:

Փախստականների համար նախատեսվում է առանձին բնակավայրեր կառուցել Փոթիի նման քաղաքներում:

Ակնկալվում է, որ նավահանգստային քաղաքը, որտեղ ազատ արդյունաբերական գոտի է գործում եւ որտեղ արտասահմանյան ընկերությունները կարող են ներդրումներ կատարել պարզեցված ընթացակարգով ու թեթեւ վերահսկողության ներքո, պետք է ոչ միայն աշխատատեղերով ապահովի նորեկներին, այլ նաեւ կարգավորի տեղացիների զբաղվածության խնդիրները: Սակայն Փոթիի բնակիչները դժգոհում են, որ ազատ արդյունաբերական գոտում դանդաղ են աշխատատեղեր ստեղծվում, եւ նույնիսկ իրենց համար դրանք բավարար չեն, առավել եւս` փախստականների:

Տեղական իշխանությունները պնդում են, որ գործազրկության մասշտաբների մասին տվյալներ չկան, սակայն քաղաքի յուրաքանչյուր բնակիչ մի ծանոթ ունի, ով աշխատանք գտնելու ակնկալիքով կամ հեռացել է քաղաքից կամ ընդհանրապես Վրաստանից` տեղափոխվելով Թուրքիա ու Եվրամիություն:

«Իմ հարեւանուհին մեկնել է Թուրքիա` արտագնա աշխատանքի, եւ տարին ընդամենը մի քանի անգամ է տեսնում երեխաներին: Ամուսինս աշխատում է Զուգդիդիում [Փոթիից 40 կմ հեռավորության վրա է]: Նման պայմաններում, կառավարությունը պատրաստվում է ավելացնել քաղաքի բնակչության քանակը փախստականների հաշվին, ովքեր նույնպես աշխատանքի կարիք ունեն», – ասում է 35-ամյա Լիա Գալդավան, ով շատերի նման վախենում է, որ նոր աշխատատեղերի ստեղծման դեպքում, նախապատվությունը կտրվի փախստականներին:

Նրա ենթադրությունները հաստատում է Փոթիի քաղաքապետարանում փախստականների հարցերով պատասխանատու Վիոլետա Ջգամաձեն. «Աշխատատեղերի ստեղծման ծրագրում փախստականներին կտրվի նախապատվությունը, քանի որ դա անհրաժեշտ է նրանց ինտեգրման համար»:

Սակայն դեռեւս հարց է` արդյոք բոլոր փախստականների համար աշխատատեղեր կլինեն, եւ արդյոք նրանք համապատասխան որակավորում կստանան:

«Փախստականները պետք է նոր կյանք սկսեն եւ նոր մասնագիտություն ձեռք բերեն նոր վայրում, որտեղ գործազրկության մակարդակն աղետալի մասշտաբների է հասնում: Այս ամենի համար պարզապես բավարար միջոցներ չկան», – ասում է «Լրատվամիջոցների եւ հասարակության ասոցիացիա»-ի ներկայացուցիչ Քեթի Սիչինավան:

Փոթիի քաղաքապետարանում հույս ունեն, որ արտասահմանյան ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի աշխատատեղեր ստեղծել, սակայն [քաղաքապետարանի] մամլո խոսնակը նշում է, որ առայժմ պարզ չէ, թե ինչպես է այս ամենը իրականացվելու:

«Կարծում ենք` արտասահմանյան դոնորները կարող են լուծել աշխատատեղերի [ստեղծման] խնդիրը: Քաղաքապետարանը պատրաստ է քննարկել այս հարցը յուրաքանչյուր դոնորի հետ: Անհրաժեշտության դեպքում, մենք կարող ենք անգամ համաֆինանսավորել նախագծերը», – ասում է նա:

Ազատ արդյունաբերական գոտին քաղաքի ամենամեծ հույսն է համարվում: 2008-ին այն գործարկելով` նախագահ Սահակաշվիլին խոստացավ, որ 4 տարի անց այստեղ կատարված ներդրումների ծավալը կհասնի 200 միլիոն դոլարի, կստեղծվեն տասնյակ հազարավոր աշխատատեղեր եւ ավելի քան 400 ընկերություններ: Արդեն երեք տարի է անցել, բայց այստեղ կատարված ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 30 միլիոն դոլար, ազատ արդյունաբերական գոտում ընդամենը 200 աշխատող կա, ներառյալ` արտասահմանցիները:

«Ներկայում ազատ արդյունաբերական գոտում 49 լիցենզավորված ընկերություններ են գրանցված, սակայն նրանցից միայն երկուսն են գործում: Մյուսները դեռեւս նախապատրաստական փուլում են»,- ասում է գոտում գործող «RAKIA-Georgia» ընկերության խոսնակ Շալվա Բերայան:

Դանդաղ առաջընթացից հիասթափված տեղացիները այլեւս չեն վստահում հաջորդ տարի կատարվելիք ներդրումների մասին խոստումներին:

«Մարդիկ մեծ ակնկալիքներ ունեին ազատ արդյունաբերական գոտուց, որոնք այդպես էլ չարդարացան: Տեղացիները շատ աղքատ են: Ես երկու որդի ունեմ, եւ երկուսն էլ աշխատանք չունեն: Չգիտեմ` ինչպես ենք ապրելու: Իհարկե, լավ է, որ ինչ-որ քայլեր արվում են», – ասում է 52-ամյա Մզիա Ցաավան:

«Չգիտեմ`ում գաղափարն էր այս ամենը: Նավահանգստում ապրանքաշրջանառությունը համարյա կիսով չափ կրճատվել է, ես հույս չունեմ, որ նոր ընկերությունները հաջողակ կլինեն այստեղ: Ոչ ոք չի խորհրդակցում տեղացիների հետ: Մենք անգամ որպես սեւագործ բանվորներ նրանց չենք հետաքրքրում: Մեզ պարզապես խոստումներ են տալիս, բայց ոչինչ էլ չի արվում», – դժգոհում է 63-ամյա Օթար Բեբիան:

 

Լաշա Զարգինավան «Resume» թերթի խմբագիրն է Փոթիում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net)

 

 

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply