Սիրիան արգելել է օտարերկրյա դեսպաններին առանց թույլտվության երկրով մեկ շրջել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 20, 2011 17:19
Սիրիական ղեկավարությունը հուլիսի 20-ին պահանջել է, որ օտարերկրյա դիվանագետները, որոնք հավատարմագրված են Դամասկոսում, նախապես տեղական իշխանություններից թույլտվություն խնդրեն երկրով մեկ շրջագայելու համար:
ԱԳ նախարար Վալիդ ալ-Մուհալեմը սպառնացել է, որ հակառակ դեպքում նրանք լրիվ կզրկվեն հետագա գործունեությունից ու կհեռացվեն երկրից:
Հայտարարությունը պաշտոնական Դամասկոսը կատարել է Ֆրանսիայի ու ԱՄՆ դեսպանների հակակառավարական հուզումների ժամանակ Համա քաղաք ժամանելու առիթով, ուր նրանց դիմավորել են իբրև հերոսների: Սիրիական իշխանություններն այդ դեմարշը որակել են իբրև «միջամտություն երկրի ներքին գործերին ու զինված ապստամբությունը խրախուսող քայլ»: Դրան ի պատասխան, դիվանագետները հայտարարեցին, որ այդուհետ էլ կաջակցեն իշխանության դեմ սիրիացիների իրավունքներին ու խաղաղ ելույթներին:
Ասադի կողմնակիցները, կատարվածից վրդովված, հարձակվեցին ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատների վրա` վնաս պատճառելով նրանց: Կատարվածի համար ՄԱԿ-ը մեղադրեց Սիրիային, քանի որ չկարողացավ օտարերկրյա ներկայացուցչության անձեռնմխելիությունն իր տարածքում ապահովել:
Սիրիական ԱԳՆ սպանալիքը հակասում է Վիեննայի կոնվենցիայի 26-րդ հոդվածին, որը վերաբերում է դիվանագիտական հարաբերություններին:






Facebook
Tweet This
Email This Post
