Դռների հետևում.մայր, ով ապրեցնում է իր զավակներին

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | July 20, 2011 13:04

Դռան հետեւից լսվող հեռուստացույցի բարձր ձայնը խորացրեց տագնապս: Իհարկե, ուրիշ ինչ կարող է մայրն առաջարկել իր հաշմանդամ երեխաներին, երբ ընտանիքի միակ ծնողն ու խնամողն է: Մեկը մյուսին նմանող օրերին կապույտ էկրանը երեխաների առջեւ այլ աշխարհի դռներ է բացում:

Դռան փականի շխկոցի հետ լսվեց Մերիի ջերմ ողջագուրանքները, եւ նրա հյուրընկալ ձայնին հետեւելով` քայլեցինք դեպի խոհանոց: Տագնապի զգացումը մասամբ նվազեց, երբ մոր կողքին տեսա որդուն` Սամվելին: Մայրը շտապեց տեղեկացնել, որ թեեւ առաջին անգամ ենք իրենց հյուր եկել, սպասված ու ցանկալի ենք Սամվելիկի համար: Դեռ դռան ետեւից` նա գիտի, թե ում է ուզում ներս թողնել, իսկ ում` ոչ: Զրույցի ընթացքում տղան ուրախ թռչկոտում էր ու փորձում մեզ ներքաշել իր խաղի մեջ:

Ուշադիր հետեւում էի Մերիի խոսքին ու մտածում, թե երբ վերջապես խոր կարեկցանքի զգացում կապրեմ. մոր յուրաքանչյուր խոսքը զարմանք ու հիացմունք էր առաջացնում միայն: Ինձ համակող զգացումների շարքում կարեկցանքը տեղ չուներ:

Այսօր Մերին միայնակ է խնամում իր երկու հաշմանդամ երեխաներին` Սիրանույշին եւ Սամվելին: Նրանց հայրը նոր ընտանիք է կազմել, նոր կյանք սկսել, որտեղ զավակներն այլեւս տեղ չունեն: Սիրանույշն իր կյանքի 11 տարիներն անցկացրել է հաշմանդամի սայլակին: Վաղ հասակում բժիշկները խորհուրդ էին տվել վիրահատել աղջնակին, սակայն մայրը հրաժարվել էր` ապավինելով իրեն եւ ամենակարող Աստծուն: Տարիների մերսումներն ու վարժությունները տվել են իրենց արդյունքը, եւ Սիրանույշը տանը ինքնուրույն տեղափոխվում է պապիկի նվիրած նոր քայլակի օգնությամբ: Նա գոհ է, որ իր հին քայլակն էլ մեկ ուրիշին է քայլեցնում:

Ընդամենը մի քանի տարի առաջ ձեռքի մատներն անօգնական կախված էին. այսօր դրանք նվագում են Բաբաջանյանի, Չայկովսկու, Բեթհովենի, Բախի, ստեղծագործությունները, եւ այնպես , որ ուզում ես գրկել Մերիին ու շնորհավորել, ասես դա շնորհալի զավակի սովորական հաջողված համերգային ելույթ է, եւ ընդամենը… Սիրանույշի կատարումը հուզում է, բայց չի զարմացնում մինչ այն պահը, երբ հանկարծ գիտակցում ես, որ աղջկա ոտքերն անդամալույծ են, իսկ տանը երբեւէ դաշնամուր չի եղել: Երկու տարի առաջ մայրը որոշել էր, որ մեխանիկական վարժությունները բավական չեն մատների բնական շարժը վերականգնելու համար եւ երկար պայքարից հետո հաջողել էր գտնել այն ուսուցչին, ով համաձայնել էր աղջկան դաշնամուր նվագել սովորեցնել: Այսօր արդեն Սիրանույշը մոր օգնությամբ լինում է տարբեր համերգասրահներում եւ իր կատարումներով հիացնում հանդիսատեսին: Մերիին երախտագիտությամբ է հիշում այն օրը, երբ Սիրանույշի հայրը, թեեւ թերհավատ, բայց աղջկան նվիրեց իր սինթեզատորը: Գործիքը տան այն փոքրաթիվ իրերի շարքում է, որոնց ընտանիքում առանձնակի խնամքով են վերաբերվում:

Սիրանույշի նկարները եւս գեղեցիկ են ու լուսավոր: Դրանցից մի քանիսը տեղ են գտել”Համահայկական նկարչական օր” փառատոնի կողմից հրատարակված սեղանի օրացույցներում: Մերին մեծ ոգեւորությամբ ու հպարտությամբ է խոսում դրանց մասին, եւ շատ քիչ այն մասին, թե որքան ժամանակ, ջանք ու նվիրում է անհրաժեշտ եղել, որպեսզի դուստրը կարողանա ապրել, ստեղծագործել, զարմացնել ու հիացնել:

Մերիի համար 9-ամյա որդին հպարտության նույնպիսի աղբյուր է, ինչպիսին որ դուստրը: Ուղղակի խնդիրներն այստեղ բոլորովին այլ բնույթի են. տանը ստեղծել միջավայր, որը ցանկալի է որդու համար, իսկ դրսում` զգոն լինել, անդադար հետեւել, որ Սամվելիկն իր չափից ավելի հետաքրքրասիրությամբ ու ակտիվությամբ անհարմարություն չպատճառի շրջապատին: Այն, ինչ ինձ համար ուղղակի տղայական չարաճճիություն էր, Մերիի եւ բժիշկների որակմամբ աուտիզմ է, հիվանդություն, որը թեեւ կարճատեւ շփումների ընթացքում կարող է ընկալվել, որպես թույլ շեղում նորմայից, իրականում խնդիր է, որը հատուկ խնամք ու հոգածություն է պահանջում ողջ կյանքի ընթացքում:

Ամեն անգամ, մի բնակարանից մյուսը տեղափոխվելիս` Մերին քնքշանքով ու զգուշությամբ դասավորում է որդու արած նկարները, ապա առանձին-առանձին թերթի մեջ փաթաթում Սամվելիկի կավե աշխատանքները, հետո` նույն քնքշանքով ու զգուշությամբ դրանք ետ դասավորում նոր բնակարանում հարմարեցված դարակների վրա: Նույն սիրով էլ մայրը դասավորում է որդու գրքերը: Գրադարանը մեծ չէ, բայց դրանք` հիմնականում ամենատարբեր նկարազարդ հանրագիտարաններ ու գիտադարաններ, իրենց ուրույն տեղն ունեն Սամվելիկի կյանքում: Մայրը արդեն չի զարմանում, թե ինչպիսի արագությամբ ու անզուսպ ծարավով է որդին կլանում կարդացածը: Նրան հետաքրքրում է ամենը, ինչ ունի իր պատկերավոր դրսեւորումը, այդ թվում կենդանիները, լճերն ու պետական դրոշները, աստղերը երկնքում եւ ամենասովորական խոհանոցն ու կերակրի պատրաստումը երկրի վրա:

Մայրը պատմում է, որ Գայի անվան դպրոցում (թիվ129) սովորելու առաջին տարիներին, դպրոցի մանկավարժներն ու աշակերտները մեծ վերապահումով էին վերաբերվում Սիրանույշի եւ Սամվելի կարողություններին եւ նրանց` իրենց դպրոցում սովորելու իրողությանը: Այսօր, քույր ու եղբայր ոչ միայն մոր, այլեւ ողջ դպրոցի հպարտությունն են: Մի բան, որ մայրն էլ դժվարանում է հասկանալ այն է, որ երկու զավակն էլ դպրոցից դուրս նախընտրում են խոսել միմիայն ռուսերեն, թեեւ բոլոր առարկաներից ունեն գերազանց առաջադիմություն եւ փայլուն տիրապետում են թե’ հայերենին եւ թե’ ռուսերենին: Մայրը, որ ռուսերեն եւ անգլերեն լեզուների մասնագետ է, երեխաներին ամեն կերպ խրախուսում է օգտագործել մայրենին, բայց եւ այն կարծիքին է, որ ընտրությունը վերջին հաշվով զավակներինն է:

Իսկ հեռուստացույցն ու մուլտֆիլմերը ոչ թե լցնում են երեխաների օրվա դատարկությունը, այլեւ պարապմունքներից ու ընթերցանությունից ազատ ժամերին սնում նրանց պրպտուն միտքն ու անհագ հետաքրքրասիրությունը:

Աջակցության մասին Մերի Մարտիրոսյանի  բազմաթիվ նամակներից մեկն էլ ուղղված էր«Հայաստան» համահայկական հիմնադրամին: Մերիի ընտանեկան հանգամանքներին ծանոթանալուց հետո, Հիմնադրամի լոսանջելեսաբնակ բարերարներից Լեւոն Քիրաջյանի  ցանկություն հայտնեց յուրաքանչյուր ամիս ընտանիքին նվիրաբերել 200 ԱՄՆ դոլար` նրանց բնակվարձն առնվազն մեկ տարի վճարելու նպատակով: Ընտանիքի խնդիրները, սակայն,  սրանով չեն սահմանափակվում:

Հասմիկ Վ.Գրիգորրյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

 

 

Դիտվել է 1958 անգամ:
Print Friendly

Leave a Reply