Խոչընդոտներ երկրաշարժից անօթևան ընտանիքների բնակարաններ ստանալու գործում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 20, 2011 12:38

Աղետի գոտում երկրաշարժից անօթևան ընտանիքներին պետության կողմից բնակարանանային փոխհատուցման ավելի քան երկու տասնամյակ ձգձգվելու պատճառով բնակարանի հավակնորդ հարյուրավոր ընտանիքներում առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք նրանցից շատերին առանց ՀՀ կառավարության բնակբաշխման կարգը սահմանող որոշումներում փոփոխությունների  հնարավորություն չեն տալիս  համալրել բնակարաններ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթները և մասնակցել բնակարանների բաշխման գործընթացին:

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կողմից սահմանվել է, որ ընթացիկ տարում Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում կարող են դիտարկվել սահմանված կարգով հաշվառված և մինչև 2011 թվականի օգոստոսի 1-ը անհրաժեշտ փաստաթղթերով համալրված ամբողջական փաստաթղթային փաթեթներ ունեցող ընտանիքները: Սակայն  այս պահի դրությամբ, վերոհիշյալ հանձնաժողովի աշխատանքներին աջակցող խմբի կողմից տրված տեղեկանքի համաձայն (http://www.shirakcentre.org/hy/-/1029-shirak-centre-ngo) Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքների կողմից հանձնաժողովին հանձնված գործերից 362-ը թերի է, 462-ը առհասարակ փաստաթղթեր չի ներկայացրել, իսկ 279 ընտանիքներ էլ բնակբաշխման այս փուլում ենթակա չեն բնակարանային փոխհատուցման, այն պատճառաբանությամբ , որ այդ ընտանիքները երկրաշարժին կորցրել են կամ սեփական տներ, կամ նրանց ընտանիքների մի մասը նախկինում բնակարաններով փոխհատուցվել են կորցրած  սենյակների թվով:

Երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում բնակարանի շահառու շատ ընտանիքների ներսում ձևավորվել են մեկից մինչև մի քանի նոր ընտանիքներ, որոնք սակայն, գործող կարգի համաձայն, միասին ստանալու են մեկ բնակարան, բաղկացած այնքան  սենյակներից, որքան նախկին մեկ ամբողջական ընտանիքը կորցրել է երկրաշարժի ժամանակ: Մեր գրասենյակ են դիմում բազմաթիվ ընտանիքներ, որոնց կազմում հաշվառված մեկ կամ մի քանի անդամներ, համաձայնության չգալով ստանալիք բնակարանների ապագա պատկանելիության հարցում կամ այլ դրդապատճառներով` հրաժարվում են ընտանիքի մյուս անդամներին տրամադրել իրենց անձնական փաստաթղթերը, ինչի պատճառով հնարավոր չի լինում ամբողջացնել պահանջվող փաստաթղթերի փաթեթը:

Աղետի գոտում և մասնավորապես Գյումրիում ներկայումս ընթացող բնակբաշխման գործընթացին չեն կարողանում մասնակցել նաև այն 150 ընտանիքները, որոնք թեև երկրաշարժին բնակարան են կորցրել և մինչև օրս չեն փոխհատուցվել, սակայն անօթևանների հերթացուցակում հաշվառված չեն: Մեր ուսումնասիրություններով` այդ ընտանիքների գերակշիռ մասը վերահաշվառման ժամանակ բացակայել են Հայաստանից և փաստորեն զրկված են բնակարան ստանալու իրավունքից, քանի որ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման կարգը սահմանող կառավարական որոշումներով անօթևանների հերթացուցակում հաշվառվելու դիմումների ընդունման վերջնաժամկետը սահմանված է եղել 2008 թ. նոյեմբերի 1-ը:

Անտարակույս, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից  անօթևանության  խնդրի լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարությունն ու բնակբաշխումը կանոնակարգող ՀՀ կառավարության որոշումներում անցած մեկ տարվա ընթացքում կատարված մի շարք փոփոխությունները հարյուրավոր ընտանիքների հնարավորություն տվեցին մասնակցելու բնակբաշխման գործընթացին (http://shirakcentre.org/hy/lurer/892-shirak-centre-ngo, http://shirakcentre.org/hy/lurer/191-2010-08-15-10-38-49): Սակայն, ինչպես տեսնում ենք, կան ընտանիքներ, որոնք շարունակում են զրկված մնալ այդ հնարավորությունից:

Վերոհիշյալ խոչըդոտների վերացման և աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության խնդրով  «Շիրակ կենտրոնը»  դիմում-առաջարկ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, ուր մասնավորապես ասվում է.

Աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացին բոլոր անօթևան ընտանիքների մասնակցությունն ապահովելու և  նրանց խարխուլ տնակներից օր առաջ ձերբազատվելու հնարավորություն ընձեռելու նպատակով առաջարկում ենք բնակարանների բաշխման ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում կատարել  հետևյալ փոփոխությունները:

Առաջին փոփոխությամբ սահմանել բնակարաններ ստանալու նպատակով ներկայացվելիք փաստաթղթերի փաթեթները աղետի գոտու բնակավայրերում  պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովին հանձնելու կոնկրետ ժամանակացույց: Նաև բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն ընձեռել պահանջվող փաստաթղթերի փաթեթները մասնակի համալրած այն ընտանիքներին, որոնց  մեկ կամ մի քանի անդամները գրավոր և պատշաճ իրազեկվելուց հետո էլ հրաժարվում են տրամադրել իրենց անձնական փաստաթղթերն ու մասնակցել բնակարանների բաշխման գործընթացին, իսկ իրենց փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվող քաղաքացիներին այլևս չճանաչել  բնակարան ստանալու շահառու:

Կարծում ենք` երկրորդ փոփոխությամբ անհրաժեշտ է բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն տալ անօթևանների հերթացուցակում հաշվառման և վերահաշվառման ժամանակ Հայաստանից ժամանակավորապես բացակայելու և տարաբնույթ այլ պատճառներով հաշվառումից դուրս մնացած այն ընտանիքներին, որոնք երկրաշարժին բնակարան են կորցրել, սակայն մինչև օրս չեն փոխհատուցվել:

Անհրաժեշտ է նաև ՀՀ կառավարության կողմից մինչև 2013 թ. աղետի գոտում իրականացվող բնակարանաշինության ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել նաև երկրաշարժի հետևանքով սեփական տուն կորցրած և նախկինում բնակարաններով ոչ ամբողջովին ապահովված ընտանիքներին:

Մենք համոզված ենք, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում առաջարկվելիք փոփոխությունները կատարելու դեպքում աղետի գոտում երկրաշարժից անօթևան հարյուրավոր այդպիսի ընտանիքներին հնարավորություն կտրվի մասնակցելու բնակբաշխման գործընթացին, ինչը կթեթևացնի անօթևանության խնդիրը Գյումրիում:

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ    Վահան Թումասյան

 

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply