Քննարկվեց ԱՊՀ Միջպետական հանրային խորհուրդ ստեղծելու առաջարկը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2011 17:47

ՀՀ Հանրային խորհրդի անդամները Փոքր խորհրդի նիստում հուլիսի 19-ին քննարկեցին  ԱՊՀ Միջպետական հանրային խորհուրդ ստեղծելու առաջարկը, որն ԱՊՀ տարբեր երկրների գործիչներից բաղկացած կազմկոմիտեն նամակով հղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նույնպիսի առաջարկներ կազմկոմիտեն ուղարկել է ԱՊՀ մի քանի այլ երկրների նախագահների ևս:

ԱՊՀ միջպետական հանրային խորհուրդ ստեղծելու նախաձեռնության կազմկոմիտեի նախագահը Ռուսաստանի Դաշնության Պետդումայի Դաշնային խորհրդի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնն է: Կազմկոմիտեի անդամներ են Դաշնային խորհրդի անդամ, ֆիզիկայի ոլորտում 2000թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովը, ՀՀ ԳԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը, Խաղաղության հիմնադրամների միջազգային ասոցիացիայի նախագահ, շախմատի նախկին՝ աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովը, Ղազախստանի հանրային գործիչ Օլժաս Սուլեյմենովը և այլք:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ գաղափարն ինքնին ողջունելի է, եւ իրենց կողմից դրական են գնահատվում ինտեգրմանն ուղղված նմամանատիպ նախաձեռնությունները:

Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը, ողջունելով գաղափարը, նշեց, որ ընդհանուր հետաքրքրության խնդիրների վերհանման, համագործակցության համար պետք է նման գաղափարներին աջակցել: «Ինտեգրմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն մեզ օգուտ կբերի, այնպես որ այս գաղափարը պետք է զարգացնել»,-ասաց Վ. Սաֆարյանը: Հանրային խորհրդի անդամ Հայկ Դեմոյանի կարծիքով’ համագործակցության, սեփական խնդիրների մասին խոսելու, մտահոգությունների վերաբերյալ բարձրաձայնելու տեսանկյունից օգտակար է ցանկացած հարթակ:

Վ. Մանուկյանը նշեց, որ թեեւ գաղափարին կողմնակից են, սակայն մտավախություն կա, որ այն կարող է արհեստական ստեղծված կառույց լինել եւ դառնալ անաշխատունակ: Նրա խոսքով’ Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտնում նախ ստեղծել ԱՊՀ երկրներում գործող Հանրային խորհուրդների ասոցիացիա, դրանից հետո քննարկել հետագա ճանապարհը:

Նշենք, որ ԱՊՀ երկրներում, բացառությամբ Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի, գործում են տարբեր իրավական կարգավիճակ ունեցող ու նպատակներ հետապնդող, կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող կամ նեղ մասնագիտական հանրային խորհուրդներ:

Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնելիք՝ ՀՀ Հանրային խորհրդի պաշտոնական դիրքորոշումն այս առաջարկի շուրջ, կընդունվի, ամենայն հավանակնությամբ, հուլիսի վերջին:

 

 

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply