Բացվել է Երևան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2011 19:26

Էրեբունի վարչական շրջանում մեծ հանդիսավորությամբ պաշտոնապես բացվել է Երևան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին: Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Լիոնի քաղաքապետ  Ժերար Կոլոմբը կտրելով կարմիր ժապավենը, ազդարարել են Երևանում Լիոնի այգու գործունեության նոր տարեգրությունը: Մայրաքաղաքում ‘Լիոնի այգու” հիմնումը Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև կնքած 2008–2011թթ.-ի համագործակցության ծրագրի շրջանակում է իրականացվել: Այգու հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2010թ-ից: Վերակառուցումը կշարունակվի ծրագրի երկրորդ փուլով: Երևանի քաղաքապետը վստահ է, որ այս այգին կդառնա երևանցիների սիրված հանգստի գոտիներից մեկը. “Այս այգին համագործակցության շատ լավ օրինակ է: Այն ծրագրերը, որոնք մենք այստեղ նախատեսում ենք, վստահ եմ, որ կնպաստեն այգին Երևանի լավագույն անկյուններից մեկը դարձնելուն: Սա մի փուլի վերջ է, բայց ավելի մեծ փուլի սկիզբ: Եվ ես վստահ եմ, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը և վստահության ու ընկերության այն մթնոլորտը, որ ձևավորվել է Լիոնի քաղաքապետարանի և Երևանի միջև` ստեղծում է բոլոր նախադրյալները, որպեսզի մեր համագործակցությունը լինի ավելի արդյունավետ և երկարատև”,-նշել է Կարեն Կարապետյանը: Լիոնի քաղաքապետն էլ իր հերթին նշել է, որ այ•ու բացումով սկիզբ կդրվի համատեղ նորանոր ծրագրերի իրականացմանը. “Շատ գեղեցիկ այգի է, հրաշալի վայրում է գտնվում: Այս բացումը կարծում եմ նոր ծրագրերի սկիզբ կարող է դառնալ: Ֆրանսիացիները շատ են սիրում Հայաստանը և այսօր հենց այդ բարեկամական կապերն են, որ ամրապնդվում են”,- նշել է Ժերար Կոլոմբը: Երևանի և Լիոնի քաղաքապետերը շրջել են այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Այգու վերակառուցման ծրագրի համաձայն, տարածքում անցկացվել է արտաքին լուսավորության և ոռոգման նոր ցանց, ստեղծվել են սիզամարգեր, տնկվել են ծառեր, հին սալահատակները փոխարինվել են նորերով, կառուցվել են հասարակական զուգարաններ: Բնակիչների հանգստի համար տեղադրվել են նստարաններ և ժամանակակից ոճով զրուցարաններ, իսկ փոքրիկների համար բազմատեսակ մանկական ժամանցային խաղեր: Ամեն ինչ արված էր խնամքով և ճաշակով: Դիզայնն ապահովվել է հայ և ֆրանսիացի մասնագետների կողմից: Այգին երևանյան ժամանցի նորամուծություն էլ ունի: Այցելուներն այստեղ կարող են իրենց ուժերը փորձել ֆրանսիական հանրահայտ բուլ խաղի ասպարեզում: Առաջին օրինակը երկու քաղաքապետերն են ցույց տվել: Այնուհետև Երևանի և Լիոնի քաղաքապետերը այգու այցելուների հետ դիտել են ջրային ավազանում կազմակերպված սերֆինգի ցուցադրական ելույթները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և        հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply