Տեղի է ունեցել Երեւանի ավագանու արտահերթ նիստ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2011 17:36

Այսօր տեղի ունեցած արտահերթ նիստում Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երեւան քաղաքի բյուջեում փոփոխություն կատարելու եւ, ըստ այդմ, բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Երեւան» հիմնադրամին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» մասով գումար հատկացնելու մասին որոշման նախագծին։ Հարցի վերաբերյալ որպես պարզաբանում Երեւանի քաղաքապետը նշել է, որ գումարները կծախսվեն ՀՀ անկախության եւ «Երեւանի օր» տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագրերի իրականացմանը, ինչի արդյունքում կստեղծվեն Երեւան քաղաքի համար կարեւոր գեղագիտական արժեքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավագանու որոշմամբ գումար կհատկացվի նաեւ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 1-ին, 5 եւ 6-րդ դասարանի աշակերտների համար գրենական պիտույքների ձեռքբերման նպատակով։

Երեւանի ավագանին հավանությանն է արժանացրել քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների բյուջետային փոփոխության առաջարկությունը, ինչը, ինչպես որոշման նախագիծը հիմնավորելիս նշել է քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետը, պայմանավորված է մանկապարտեզների ախատաժամերի երկարացմամբ պայմանավորված նոր հաստիքների ավելացմամբ, ինչպես նաեւ վարիչների աշխատավարձերի բարձրացմաբ։

Ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է նաեւ «Երեւանի քաղաքային տրանսպորտի կայուն զարգացման ներդրումային ծրագրի համաձայնագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Խոսքը Երեւանի քաղաքապետարանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքված համաձայնագրով իրականացվելիք ծրագրի մասին է, որով նախատեսվում է մայրաքաղաքում իրականացնել մի շարք, այդ թվում’ մայրաքաղաքի տրանսպորտային բեռնաթափմանն ուղղված Երեւանի կենտրոնը շրջանցող ճանապարհաշինական աշխատանքներ։

Ավագանին միաձայն հավանություն է տվել նաեւ «Երեւան Տրանսպորտ Օփերեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ համատեղ ընկերություն ստեղծելու մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագծին։ Ընկերությունը, ինչպես նշել է քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային վարչության պետը, կզբաղվի վճարովի ավտոկայանման ավտոմատացված կայանատեղերի միջոցով կայանման կառավարման համակարգի ներդրմամբ։ Նախատեսվում է մայրաքաղաքում տեղադրել շուրջ 400 ավտոկայանման սարքավորում, որոնցից յուրաքանչյուրը կսպասարկի 24 կայանատեղի։ Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ կգործի շուրջ 9600 ավտոկայանատեղ։ Գործարարության առաջին տարվա ընթացքում ընկերությունը կապահովի 36 աշխատատեղ, ինչն առաջիկայում կավելանա՝ հասնելով 84–ի։

Երեւանի ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է նաեւ «ՀՀ Երեւանի քաղաքապետարանի եւ ՌԴ Սանկտ Պետերբուրգի Կառավարության միջեւ 2011-2014թթ. առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար համագործակցության ծրագիրը հաստատելու մասին», ինչպես նաեւ օրակարգում ընդգրկված մյուս հարցերը։

 

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply