ՀՀ արտգործնախարարն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 19, 2011 16:11

Հուլիսի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժերար Կոլոմբին (Gerard Collomb):

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի նկատմամբ, որը պայմանավորված է երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական ամուր կապերով  եւ այսօր գոյություն ունեցող սերտ միջպետական համագործակցությամբ:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց հայ-ֆրանսիական բազմաբովանդակ համագործակցության զարգացումը` մասնավորապես ընդգծելով քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, ապակենտրոնացված  փոխգործակցության ոլորտներում նշանակալի ձեռքբերումները:

Կողմերը անդրադարձան 2010թ Երեւանում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին` նշելով, որ նման միջոցառումների պարբերականությունը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին:

Զրուցակիցները կարեւորեցին նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման գործում ֆրանսահայ համայնքի կարեւոր ներդրումը: Այս կապակցությամբ Ժերար Կոլոմբն ընդգծեց ֆրանսահայերի ներդրումը Ֆրանսիայի եւ իր կողմից ղեկավարվող քաղաքի զարգացմանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Ժերար Կոլոմբը, գոհունակություն հայտնելով Երեւանի եւ Լիոնի միջեւ ակտիվ համագործակցության կապակցությամբ, անդրադարձան այս տարվա աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոն քաղաքների գլխավոր ասամբլեայի նախապատրաստական աշխատանքներին:

 

 

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply