Հավերժական շարժիչ. ֆանտաստիկայի ժանրի՞ց թե՞ իրականություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 19, 2011 15:56

Պարզվում է, որ 72-ամյա գյուտարար Հենրիկ Մխիթարյանը հավերժական շարժիչ է ստեղծել, որը «Օդի հոսանքի առաջացման համալիր կայանքի» գյուտ անվան տակ հայտարարագրել է  ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը:

Հենրիկ Մխիթարյանн ունի նաև 14 տարբեր գյուտերի արտոնագրեր, և 5-ն էլ այժմ գտնվում են մտավոր սեփականության գործակալությունում: Մխիթարյանը նախկին մաթեմատիկայի ուսուցիչ է, գիտական աստիճան չունի: Նա գյուտարարությամբ  զբաղվում  է 2000թ.: Մեկ տարվա ընթացքում նրան հաջողվել է ստանալ 12 գյուտի արտոնագիր, սակայն, տեսնելով, որ «ոչ մի արտոնագրի այս երկրում տեր կանգնող չկա», դադարեցրել է աշխատանքը:

Գիտական հանրությունը լուրջ չի ընդունում այս գործակալությունը, քանի որ մեր երկրում գիտությունը սպառված վիճակում է և լուրջ գյուտեր այնտեղ չեն հայտարարագրվում: «Անկախի» աղբյուրն ասում է, որ այնտեղ կոպիտ խախտումներ են արվում և հետաքրիքր փաստեր են բացահայտվում: «Բոլորովին վերջերս պարզվեց, որ մի գիտական խումբ ամեն տարի 40 հազար դրամ մուծելով հայտարագրման համար` 10 տարի շարունակ դա ներկայացնում է  որպես գիտական արդյունք և պետության կողմից ֆինանսավորվում է»,- ասում է նա:

«Անկախի» աղբյուրը ասում է, որ Հայաստանում լուրջ գյուտեր չեն արվում 98թ. սկսած, քանի որ գյուտը կիրառական գիտություն է, այսինքն վերաբերվում է քիմիա-ինժեներա-գործարանային ոլորտին, որը Հայաստանում, գործնականորեն մեռած է:

Մխիթարյանն ասում է, որ իր գյուտերը արժանի են Նոբելյան մրցանակի, մինչդեռ այստեղ դրանք լուրջ չեն ընդունվում:

Ներկայացնելով իր գյուտի մեխանիզմը` Մխիթարյանը ամենայն լրջորեն լրագրողների միջոցով, հանրությանն ուզում է տեղեկացնել, որ էներգիայի պահպանման օրենքը սխալ է, և կարող է լինել ոչ միայն 100 տոկոս ՕԳԳ, այլև մի քանի անգամ ավելի բարձր:

Մինչև այժմ գիտական միտքը դեռևս չի կարողացել ստեղծել 100 տոկոս ՕԳԳ ունեցող շարժիչ և չի եղել որևէ հիմնարար փորձ, որը կժխտեր օրենքի անսասանելիությունը: Համաձայն էներգիայի պահպանման օրենքի, էներգիան ինչ-որ մի տեղից վերափոխվում է ինչ-որ այլ տեսակի, որի ժամանակ կորուստներ են լինում: Ունենալ 100 տոկոսից բարձր ՕԳԳ` նշանակում է ներդնել մեկ դրամ և փոխարենը ստանալ երկու դրամ այն դեպքում, երբ հավելյալ մեկ դրամի ծագման մասին ոչինչ հայտնի չէ:

«Ես քամու էլեկտրակայանի գյուտ ունեմ, որն ապացուցում է, որ քամուց կարելի է մի քանի անգամ ավելի շատ էներգիա ստանալ, քան տալիս է միջուկային էներգիան,- ասում է նա,- այսօր իտալացիները Հայաստանում 240մլն. դոլարով  քամու էլեկտրակայան են ստեղծում, թող ինձ 40 մլն. տան, ես դրանով 4 հատ կսարքեմ: Բայց ինչպես կարելի՞ է. չէ որ նրանք իտալացիներ են»:

էյնշտեյնի բանաձևերի հիմքում, որոնցով հաշվվում է միջուկային ռեակցիայից կամ ջրածնային ռումբի արդյունքում ստացված էներգիան, ընկած է մասսայի դեֆեկտ հասկացողությունը, երբ միջուկային ռեակցիայի ժամանակ մասսայի զանգվածը փոխվում է և տեղի է ունենում  էներգիայի փոխակերպում: Քամու պարագայում, եթե նկատի ունենանք, որ քամին անասելի թեթև զանգված է, ապա գյուտարարի պնդումը անհեթեթություն է, քանի որ հակասում է ֆիզիկայի ֆունդամենտալ օրենքներին, ինչը Մխիթարյանը չի էլ ժխտում: Նա պնդում է, որ  սխալներ է գտել հավանականությունների տեսությունում, էներգիայի պահպանման օրենքում և աստղագիտության մեջ:

Մխիթարյանը առավել քան համոզված է, որ իրեն հաջողվել է ստեղծել հավերժական շարժիչ, միայն թե մտավոր սեփականության գործակալությունը առաջարկել է անունը դնել այլ կերպ` օդի հոսանքի առաջացման համալիր կայան: «Պիտի ճապոնացինե՞րը դա ստեղծեն, որպեսզի մարդիկ հավատան,- վրդովված հարցնում է նա,- թող ամբողջ աշխարհը գա և տեսնի, որ դա հավերժական շարժիչ է»:

Մխիթարյանը պնդում է, որ իր ստեղծած հավերժական շարժիչի գործողության իմաստը հասկանալի կարող է լինել անգամ յոթերորդ դասարանցուն, սակայն չգիտես ինչու` դա հրաժարվում են հասկանալ ակադեմիկոսները. «քանի որ դրա հասկանալը իրենց ձեռք չի տալիս»:

Գյուտարարն ասում է, որ ինքը ստեղծել է անգամ երկրորդ սեռի հավերժական շարժիչներ, որն օգտագործում է մթնոլորտի էներգիան և գեներացնում է նոր տիպի էներգիա: «Ես նոր էներգիա եմ ստեղծում` առանց էներգիա ծախսելու,- պնդում է նա,- մարդկությունը պետք է գա ու տեսնի, որ այդ շարժիչը կա և գտնվում է Հայաստանում, ես ինտերնետում կարդացել եմ, որ աշխարհում կան հավերժական շարժիչներ, բայց քանի որ ֆիզիկոսներն ասում են,  որ դա չի կարող լինել, ուրեմն աշխարհը համաձայնվում է նրանց հետ, որ չի կարող լինել»:

Մխիթարյանի կարծիքով` այդ շարժիչը լուծում է էժան էներգետիկայի հարցը, որի հետևանքով լուծվում է նաև աշխարհի առջև ծառացած այնպիսի մարտահրավեր, ինչպիսին է գլոբալ տաքացումը:

«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը այս հարցի վերաբերյալ ասում է, որ  ինքը մասնագետ չէ և չի կարող կարծիք հայտնել, սակայն, եթե մասնագետն ասում է, ուրեմն այդպես է:

Նրա կարծիքով` այլընտրանքային էներգիայի աղբյուրը, ինչպիսին կարող է լինել, օրինակ, հավերժական շարժիչը, լավ միջոց է բնապահպանության համար: Սանասարյանն ասում է, որ  ամբողջ աշխարհում քարոզվում է միջուկային էներգիայի դիտարկումը որպես անփոխարինելի և գերադասելի էներգիայի աղբյուր և ամեն կերպ խոչընդոտվում է այլընտրանքային աղբյուրների, մասնավորապես, արևային էներգիայի օգտագործման զարգացումը:  Նա որպես օրինակ բերում է  Ֆրանսիան, որտեղ ինչ-որ օրենք կա, որը մեծ սահմանափակումներ է դնում, երբ մարդն ուզում է օգտագործել արևային էներգիան: Այս ամենի պատճառը` ըստ «Կանաչների միության» նախագահի` համաշխարհային քաղաքականությունն է, և  նման հարցերում պետք է հաղթահարել քաղաքական և տնտեսական լծակներ ունեցող խոշոր ուժերի ստեղծած  որոշակի խոչընդոտներ:

Դիտվել է 3433 անգամ:
Print Friendly

Leave a Reply