Ադրբեջանցիները սպանում են իրենց երեխաներին` հայերի վայրագությունն ապացուցելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | July 19, 2011 15:57

Ադրբեջանում փափուկ խաղալիքի պայթյունից 13-ամյա աղջկա մահը դեռևս քննարկվում է միջազգային մամուլում: Հուլիսի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցները ինֆորմացիա տարածեցին, թե Հայաստանի հետ սահմանամերձ գյուղերից մեկում 13-ամյա աղջնակ է զոհվել. Վերջինս գետում փափուկ խաղալիք է գտել ու տուն տարել: Խաղալիքը պայթել է, երբ երեխան դրանով  հարվածել է սեղանին: Ադրբեջանական կողմը կատարվածի համար անմիջապես մեղադրեց հայկական կողմին` կատարվածը որակելով որպես ահաբեկչություն, հարուցվել է նաև քրեական գործ «Կանխամտածված սպանություն` ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի մոտիվներով»:

Պատահարին արձագանքել են Մինսկի խմբի համանախագահներից Բեռնար Ֆասիեն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս նշել է, որ պետք չէ շտապել ու տեղի ունեցածը սպանություն որակել, հարկավոր է սպասել դատարանի որոշմանը:

Դեպքի առնչությամբ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, թե Հայաստանին ուղղված մեղադրանքն այնքան հիմնազուրկ է և անմիտ, որ նույնիսկ հերքման կարիք չի զգում. «Ակնհայտ է, որ նման սին մեղադրանքների եւ հերթական հիստերիայի գլխավոր նպատակն է էլ ավելի սրել Ադրբեջանում ամենաբարձր պետական մակարդակով իրականացվող հակահայկական եւ ռասիստական քարոզչությունն ու խորացնել կողմերի միջեւ անվստահության մթնոլորտը»:

Քոչարյանը  հայտարարել է, որ  «Ադրբեջանի ղեկավարությունը, չցանկանալով խոստովանել, որ անիրականանալի է նրա բանակցային գործընթացում որդեգրած «կամ ամեն ինչ, կամ ոչինչ մոտեցումը», փորձում է հրեշավոր հնարքներով ու հարեւան ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելով խուսափել սեփական ժողովրդի առջեւ պատասխանատվությունից եւ տապալել բանակցային գործընթացը»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է, որ  ադրբեջանական քարոզչության մեջ երեխաների սպանությունը և դրանում Հայաստանին  մեղադրելու սցենարը նորություն չէ. նման մեթոդ կիրառվել է նաև 1994-ին:

Քաղաքագետը թե այս, թե մարտին արված հայտարարության մեջ, երբ իբր  հայ դիպուկահարը ադրբեջանցի երեխա էր սպանել,  օրինաչափություն է տեսնում.  երկուսի դեպքում էլ  հայտարարությունն արվում է այն ժամանակ, երբ  Մինսի խմբի համանախագահները տարածաշրջանում են ու բանակցում են կոնֆլիկտի կարգավորման ուղիների շուրջ:  Ըստ քաղաքագետի` Ադրբեջանը սադրանքների է դիմում նախ և առաջ միջազգային հանրությանը ցույց տալու, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավելին, այն օրեցօր թեժանում է:

Ադրբեջանական կողմի սադրանքների մյուս թիրախը ադրբեջանական հանրությունն է. « 20 տարի շարունակ ադրբեջանական կողմը քարոզում է, որ հայերը աշխարհի ամենավայրագ ազգերից են և իրենց նպատակին հասնելու համար ամեն ինչի կդիմեն: Այս թեզիսը ապացուցելու և թշնամանքը բորբոքելու համար էլ ադրբեջանցիները սպանում են իրենց երեխաներին, ապա դա ներկայացնում որպես հայերի արարք»:

Քաղաքագետը նշում է, որ ֆիզիկայի օրենքներից մի փոքր գաղափար ունեցող անձն անգամ կհասկանա, որ ադրբեջանական վարկածն ուղղակի անհնար է. լեռնային արագահոս գետում փափուկ խաղալիքը նման երկար ճանապարհ չէր կարող անցնել, բացի այդ, եթե հարվածից պիտի պայթյուն առաջանար, ապա գետում քարերին բախվելով այն տասնյակ անգամներ կպայթեր մինչև նպատակակետին հասնելը:

«Քարոզչության շեշտը դրվեց միջազգային հանրության վրա, որը իրավիճակին չի տիրապետում. Հռենոսի ափին ապրող եվրոպացու համար սովորական է, որ գետը գցած իրը կարող է կիլոմետրեր  անցնել, ինչը հնարավոր չէ լեռնային գետերում»,- ասում է  Մելիք-Շահնազարյանը:

Ադրբեջանական կողմը իր իսկ կատարած վայրագությունը քողարկում է կրոնական սովորույթներով. իսլամի կանոններով մահացածին պետք է հուղարկավորել մինչև արևի մայր մտնելը, ուստի և առանց հետաքննության դիակն հուղարկավորում են:

Մելիք-Շահնազարյանը հավանական է համարում, որ երեխան պայթուցիկ նյութի զոհ է դարձել, բայց «դրա հետքերը Հայաստանում փնտրել պետք չէ»:

Պլանավորված քարոզչական գործողության մասին է վկայում նաև այն, որ ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները օպերատիվ և գրեթե նույն ձևակերպումներով ինֆորմացիան տարածեցին տարբեր հարթակներում.  «Տեղի ունեցածը վկայում է, որ ադրբեջանցիները պատրաստ են սպանել և սպանում են իրենց երեխաներին  հայերի վայրագության կեղծ ֆոն ձևավորելու համար»:

Քաղաքագետը արդարացված չի համարում միջազգային հանրության արձագանքը. «Բազում օրինակներ ունենք, երբ ադրբեջանցիները բացահայտ տանջամահ են արել Հայաստանի քաղաքացիներին, ամենավառ օրինակը Մանվել Սարիբեկյանի դեպքն է, բայց միջազգային հանրությունը որևէ դեպքում պատասխանատվության կանչելու կոչեր չի  հնչեցրել»:

Միջազգային հանրության ոչ ադեկվատ մոտեցման պատճառն, ըստ Մելիք-Շահնազարյանի, ադրբեջանական կողմի պահվածքն է. «Այնպես է ստացվել, որ ադրբեջանն իր պահանջատիրության մեջ շատ ավելի առաջ է գնացել, քան Հայաստանը: Միջազգային հանրության բոլոր ջանքերը ուղղված են Ադրբեջանին համոզելու, պարտադրելու, որ միանա կոնստրուկտիվ քննարկումներին: Կազանի հանդիպումից հետո ակնհայտ է, որ Ադրբեջանը եկել էր այնտեղ բանակցությունները տապալելու համար և ակնհայտ է, որ հետագայում աշխատանքներ ավելի շատ պետք է տարվեն Ադրբեջանի հետ: Պահը համընկել է այս խնդրի հետ, որ ադրբեջանին համոզելու և բանակցություններ վերադարձնելու խնդիր կա, ուստի փորձում են միջազգային հանրության տեսակետից ոչ կարևոր հարցերում ավելի շատ նրանց դիրքորոշումը պահել»:

Մելիք-Շահնազարյանը նշում է նաև, որ միջադեպից հետո ուշացել է հայկական կողմի արձագանքը. Մեկ օր անց միայն հայկական լրատվամիջոցները անդրադարձել են լուրին, ապա մեկնաբանել. օպերատիվ գործունեության անհրաժեշտություն է զգացվում:

 

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply