Տեղի Է ունեցել Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի բացման արարողությունը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 18, 2011 16:58

Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2005թ. կազմակերպվող «Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի» պաշտոնական բացման արարողությանը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:

Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին` կառավարության ղեկավարը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք համահայկական ընդգրկում ունեցող նմանօրինակ միջոցառումների անցկացումը Հայաստանում: Այսօրինակ ձեռնարկումները մի քանի խորհուրդ ունեն:
Առաջինը մեր միասնականության խորհուրդն է:
Մենք փաստում ենք, որ որտեղ էլ լինենք, մեզ համար կարևորագույն արժեքներն են մեր լեզուն ու գրականությունը, մեր պատմությունն ու մշակույթը:
Մենք ապացուցում ենք, որ մեր երեխաներին փոխանցում ենք այդ արժեքները, որ նրանց սովորեցնում ենք հայ մնալ՝ ճանաչել իրենց ինքնությունը, հպարտանալ իրենց արմատներով ու պատմությամբ:
Երկրորդ՝ ժամանակակից աշխարհում կարևորագույն խնդիրը, որ ծառանում է մարդու առաջ, ինքնաճանաչողությունն է ու ինքնության խնդիրը:
Իսկ որն է հայկական ինքնության խարիսխը, որոնք են հայ ինքնության գիտակցման կարևորագույն տարրերը. իհարկե, մեր պատմությունն ու լեզուն, մեր մշակույթն ու հավատը:
Այս առումով, օլիմպիադայի հիմնական նպատակը, հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունը խրախուսելը, խիստ կարևոր է:
Մենք պետք է ամեն ինչ անենք, որ արտերկրում բնակվող հայ երեխաները ճանաչեն Հայաստանը և ամուր կապվեն հայրենիքին:
Մենք պետք է Հայաստանում բնակվող մեր երեխաների համար ճանաչելի դարձնենք Սփյուռքը: Այս փոխներթափանցումը միայն հարստացնելու է մեր պատկերացումները, հնարավորություն է տալու ամրացնել մեր միասնականությունը:
Ուրախ եմ, որ տարեցտարի ընդլայնվում է օլիմպիադայի մասնակիցների աշխարհագրությունը և մեծանում է հետաքրքրությունը համահայկական ընդգրկում ունեցող այս միջոցառման նկատմամբ: Կրթական առումով, համահայկական օլիմպիադաների անցկացումը նպաստում է միասնական կրթական չափորոշիչների ներդրմանը:
Խորհրդանշական է, որ օլիմպիադան նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Ձեր սերնդի համար ազատ ու անկախ Հայաստանն արդեն իրողութուն է, անշրջելի ու անբեկանելի իրողություն:
Առաջիկա օրերին, դուք բոլորդ մրցելու եք ձեր գիտելիքներով, սակայն վստահ եմ, որ այդ մրցակցության մեջ պարտվողներ չեն լինելու: Բոլորդ արդեն հաղթել եք, քանի որ շահելու եք ոչ միայն մրցանակներ, այլև ձեզ մնալու են անմոռանալի և վառ հիշողություններ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ հաջողություններ ու ամենայն բարիք»:

2011 թ. օլիմպիադային մասնակցում են 12 երկրներից 130 մասնակիցներ և 20 ուղեկցողներ: Մասնակիցները հայերեն ուսուցմամբ ամենօրյա վարժարանների և կրթօջախների (այդ թվում` մեկօրյա) սաներն են, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող և համայնքի հետ կապված հայ և օտարազգի պատանիներ:
Օլիմպիադայի հաղթողների համար նախատեսված են առաջին կարգի՝ 3, երկրորդ կարգի՝ 6 և երրորդ կարգի 9 դիպլոմներ և մրցանակներ: Սահմանվել են հատուկ և խրախուսական մրցանակներ:

Դիտվել է 1468 անգամ:
Print Friendly

Leave a Reply