4 մլն եվրո` Շիկահող կենսոլորտային պահպանավայրի ստեղծման համար
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 19, 2011 1:24
Ս.թ. հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության և Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի (KfW) միջև ստորագրվեց “Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր – Հայաստան (Էկոտարածաշրջանային ծրագիր – Հայաստան, փուլ 3-րդ)” ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակում հատկացվում է 4 մլն եվրո դրամաշնորհ Սյունիքի մարզում “Շիկահող կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագրի” իրականացման նպատակով: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի ներկայացուցիչ Ուվե Ուլցը:
Ծրագրով մասնավորապես նախատեսվում է բարելավել Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ համայնքների բնապահպանական իրավիճակը` տարածքում գործող բնապահպանական կառույցների լայնածավալ տեխնիկական վերազինմանն օժանդակություն ցուցաբերելու միջոցով, ինչպես նաև խթանել մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը (աշխատատեղերի ավելացում, սոցիալական և տնտեսական արդյունքներ ապահովող մասնավոր գործարար-հողագործական, անասնապահական, փոքր և միջին ծավալի”Կենսոլորտային արգելավայր” պիտակով ապրանքների արտադրություն, օժանդակության ցուցաբերում վերամշակման և շուկայավարման, էկոտուրիզմի զարգացման ծրագրերին և այլն):
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2011-2015թթ. ժամանակահատվածում:
Հայ-գերմանական երկկողմ համագործակցության ծրագրերը սկիզբ են առել 1993թ.` սկզμում միայն որպես տեխնիկական օժանդակություն, այնուհետև 1995թ. սկսած իրականացվում են նաև ֆինանսական համագործակցության ծրագրեր: Ֆինանսական համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում. ֆինանսական և մասնավոր հատված, էներգետիկա, ջրամատակարարում և ջրահեռացում: Դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում առողջապահության և բնապահպանության ոլորտներում:






Facebook
Tweet This
Email This Post
