Հանդիպել են կոալիցիան եւ ՀԱԿ-ը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 18, 2011 17:16

Կոալիցիոն ուժերի եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ այսօր հանդիպեցին: Հանդիպմանը քաղաքական կոալիցիան հանդես է գալիս հետեւյալ կազմով’ Դավիթ Հարությունյան (ՀՀԿ), Գագիկ Մինասյան (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ), Վարդան Բոստանջյան (ԲՀԿ), Մհեր Շահգելդյան («Օրինաց երկիր») եւ Խաչիկ Հարությունյան («Օրինաց երկիր»): ՀԱԿ-ի ներկայացուցիչներն են Դավիթ Շահնազարյանը, Լեւոն Զուրաբյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Սամվել Աբրահամյանը եւ Վահագն Խաչատրյանը:

Հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում Ն. Զոհրաբյանը նշեց, որ ինքը կարեւորում է այս քայլը: «Թե ինչ կտա այս հանդիպումը, կարելի է ասել միայն նրա ավարտից հետո, մոտավորապես կարելի է նախանշել հետագա անելիքները, սակայն մինչ այդ ես կարեւորում եմ այս հանդիպումը զուտ երկրում երկխոսության մշակույթի ձեւավորման առումով»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը’ նշելով, որ պետք է հասնել անգամ ամենաարմատական ընդդիմադիր ուժերի հետ երկխոսելու մշակույթին:

ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք ձեւավորված օրակարգ չունեն. եկել են լսելու ՀԱԿ-ի ներկայացուցիչներին եւ պատրաստ են ցանկացած հարցի շուրջ քննարկում ձեւավորելու: ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը եւս նշեց, որ իրենք եկել են լսելու մյուս կողմին: Լրագրողների հարցին, թե այդ դեպքում ինչպես են պատկերացնում հանդիպումը, եթե իշխանություններն էլ են եկել լսելու, կոալիցիայի ներկայացուցիչն ասաց, որ պետք չէ մոռանալ’ հրավերը կոալիցիոն ուժերի կողմից է:

 

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply