Ընկերքային կոսմետիկա. կախարդական միջոց մաշկի երիտասարդացման համար

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | August 29, 2009 13:00

1112Քառասուն տարեկանից հետո բոլոր կանայք ձգտում են մի բանի` երևալ իրենց տարիքից երիտասարդ: Ընկերքային կոսմետիկան այնպիսի բնական միջոց է, որը, ինչպես նշում են մասնագետները, կախարդական ազդեցություն է գործում մաշկի վրա:

Կինը, երեխան ձեռքին ծննդատնից դուրս գալով, չի էլ պատկերացնում, որ իր ընկերքը դառնալու է թանկարժեք կոսմետիկայի նյութ: Իրեն դրա մասին ոչ հայտնում են, ոչ էլ դրա դիմաց վճարում:

Ընկերքը հատուկ օրգան է, որի միջոցով հղիության ընթացքում իրականանում է մոր օրգանիզմի և պտղի միջև նյութափոխանակությունը: Այն պարունակում է սպիտակուցներ, ճարպ, վիտամիններ, հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ հորմոններ:

«Ընկերքային կոսմետիկայի պատրաստման համար ընկերքից վերցնում են 5-6 ակտիվ բաղադրիչներ,- ասում է բժիշկմաշկաբան Սոնա Բունիաթյանը,- այդ բաղադրիչներն ունեն մաշկը խոնավեցնող, սնուցող եւ ձգող հատկանիշներ»:

Սոնան արդեն տասը տարի է` զբաղվում է կոսմետիկ բժշկությամբ: Վերջին մի տարում սկսել է լրջորեն ուսումնասիրել ընկերքային կոսմետիկան եւ այսօր իր հաճախորդներին վստահաբար առաջարկում է որակապես բարձր ու էֆեկտիվ այդ միջոցը: «Ընկերքային կոսմետիկայի ակտիվ բաղադրիչները մաշկն ավելի հեշտ է յուրացնում, քանի որ օրգանիզմի կողմից ընկալվում է` «որպես յուրային»: Դա է պատճառը, որ ընկերքային կոսմետիկան ալերգիա չի առաջացնում, ինչը հաճախ է պատահում այլ կոսմետիկ միջոցների դեպքում,- նշում է մաշկաբանը,- բացի այդ, ընկերքի հեղուկն օգնում է վերականգնել մաշկը, ունի հակաօքսիդանտային, իմունախթանիչ, ինչպես նաև մաշկի ազատ ռադիկալները մեկուսացնելու հատկություն, ինչի շնորհիվ զգալիորեն դանդաղում է մաշկի ծերացման գործընթացը»:

Մասնագետներն ասում են, որ ընկերքային կոսմետիկան, ի տարբերություն այլ կոսմետիկ միջոցների, միանգամից իր էֆեկտիվությունը զգացնել է տալիս:

«Գոյություն ունեն ընկերքային բաղադրությամբ անձեռոցիկդիմակներ, որոնք րոպեական էֆեկտ են հաղորդում մաշկին: Դրանք հարմար են հատկապես այն դեպքում, երբ կանայք ստիպված են շատ կարճ ժամանակամիջոցում իրենց տեսքի բերել: 10-15 րոպե դեմքին պահելուց հետո մաշկը թարմանում, սպիտակում եւ ձգվում է, ինչին այլ կոսմետիկ միջոցներ կիրառելու դեպքում կարելի է հասնել օրերի ընթացքում»:

Ընկերքը շատ վաղուց է հետաքրքրել մարդկանց: Առաջին գիտական աշխատանքներն այդ թեմայով գրել են դեռեւս Հիպոկրատն ու Ավիցեննան: Հայտնի է, որ Կլեոպատրան իր գեղեցկության պահպանման համար օգտագործել է ընկերք:

Կա տեսակետ, ըստ որի` ամենաէֆեկտիվը սեփական ընկերքից պատրաստված կոսմետիկայի օգտագործումն է:

«Հայ կանանց մեծամասնությունը տեղեկացված չէ ընկերքային կոսմետիկայից,-ասում է բժիշկմաշկաբանը,- շատ հաճախ ես եմ ներկայացնում դրա առավելությունները, առանձնահատկությունները, որից հետո կանայք ցանկանում են օգտագործել: Իսկ, օրինակ, ռուս կանայք վաղուց են օգտագործում ընկերքային կոսմետիկա: Երբ 2002-2003 թթ. Մոսկվայում վերապատրաստվում էի, զարմանում էի, որ կանայք, մաշկաբանին այցելելուց, իրենք էին ասում, թե ինչ կոսմետիկ միջոցով են ուզում խնամել մաշկը: Նրանք ամեն ինչից տեղեկացված էին»:

Հայաստանում ընկերքային կոսմետիկայի արտադրություն գոյություն չունի, սակայն ընկերքային կոսմետիկայի ռուսական հայտնի ընկերության ներկայացուցչություն կա, որտեղից կանայք կարող են ձեռք բերել այդ թանկ, սակայն էֆեկտիվ կոսմետիկ միջոցները: Ընկերության հայաստանյան ներկայացուցչության աշխատակից, խորհրդատուվաճառող Լեւոնը նշեց, որ գնորդներն այնքան էլ շատ չեն, սակայն դա ոչ թե կոսմետիկ միջոցների թանկ լինելուց է, այլ տեղեկացվածության պակասից:

Նա, ներկայացնելով ընկերության կոսմետիկ միջոցների տեսականին, նշեց, որ կոսմետիկայի գները սկսվում են 4000 դրամից` հասնելով մինչեւ 100 հազար դրամի:

«Ամենավերջին նորույթը նանոտեխնոլոգիաներով մշակված քսուքներն են, որոնք ունեն մաշկի խորը հյուսվածքներին հասնելու հատկություն, հետեւաբար մի քանի անգամ ավելի էֆեկտիվ են, – ասաց նա,- այդ քսուքի 50 մլն արժե 60 հազար դրամ»:

Կենսաբանական գիտությունների դոկտոր Զիմնիցկին, ով 80-ականների վերջին հիմնեց ընկերքային կոսմետիկայի հայտնի բրենդներից մեկը` Պլազանը, 88-ի երկրաշարժի ժամանակ, գալով Հայաստան, ընկերքից ստացված կոսմետիկբուժիչ նյութերով սկսեց բուժել տուժածների վերքերը, այրվածքները, սպիները:

Կա կարծիք, որ որոշ դեպքերում ընկերքային կոսմետիկան կարող է մազակալում առաջացնել, քանի որ դրա մեջ կան նաև հորմոններ: Ըստ բժիշկմաշկաբան Սոնա Բունիաթյանի` դա միանշանակ սխալ կարծիք է.

«Նախ, ընկերքային կոսմետիկայի մեջ հազվադեպ են կիրառում հորմոններ,- ասում է նա,- անգամ, եթե կիրառեն, ապա դրանք կլինեն կանացի հորմոններ, որի դեպքում մազակալումը բացառված է: Հաճախ լսում ես` կոսմետիկայից մազակալում առաջացավ: Բնական, որակյալ կոսմետիկան մազակալում չի կարող առաջացնել, դա օրգանիզմի խնդիրն է և ոչ թե կոսմետիկայի»:

Հայաստանում քիչ են ընկերքային կոսմետիկայով աշխատող կոսմետոլոգները: Դա բացատրում են նրանով, որ կոսմետոլոգները կասկածում են, թե շուկայում եղածը որակյալ է:

Մաշկաբաններից մեկն էլ նշեց, որ նախքան ընկերքային կոսմետիկայով աշխատելը, պետք է լրջորեն ուսունասիրել դրանց բաղադրությունները, մշակման եղանակներն ու ազդեցության աստիճանը, որպեսզի հաճախորդները մեծ գումար ծախսելու դիմաց զգան դրա էֆեկտիվությունը:

Կան տեղեկություններ, որ կոսմետիկ միջոցներ ստեղծելու համար երբեմն օգտագործում են աբորտի արդյունքում հեռացված ընկերքը: Սակայն արտադրողները հինականում օգտագործում են ծննդատներից ստացված ընկերքը: Դա ավելի ձեռնտու է, քանի որ, ի տարբերություն աբորտի արդյունքում ստացված ընկերքի, այն հասունացած է եւ ավելի շատ:

Դիտվել է 4344 անգամ:
Print Friendly

Leave a Reply