Հատուկ ուշադրություն հեղեղատարների կարգավորման խնդրին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 18, 2011 15:29

Երևան քաղաքի տրանսպորտի զարգացման հայեցակարգի շրջանակում  մայրաքաղաք մուտք գործող մերձքաղաքային երթուղիներն արդեն իրենց վերջնականգառը կատարում են Երևան քաղաքի ավտոկայաններում և քաղաքապետարանի կողմից նախատեսված համապատասխան երթակարգավարական  կետերում։  Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Արագածոտնի մարզի կողմից  Երևան եկող ուղևորատար տրանսպորտային միջոցները, որոնք շարժվում էին Կիևյան, Բաղրամյան, Պարոնյան, Պռոշյան փողոցներով և կայանում էին Պարոնյան փողոցում, այսօր արդեն`  Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի և Աթենքի խճուղով  մուտք են գործում Կենտրոնական ավտոկայան։

Արարատի մարզից եկած ուղևորատար տրանսպորտային միջոցները  կայանում են Երկաթգծի կայարանին  հարակից Սևանի փողոցի հատվածում հատկացված  երթակարգավարական տարածքում։

Նախկին «Այրարատ» կինոթատրոնի մոտ կայանող Գյումրի, Արթիկ, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ քաղաքաներից եկող  տրանսպորտային միջոցների վերջնականգառը Կենտրոնական ավտոկայանն է։

Արմավիրի մարզի կողմից մայրաքաղաք եկող և նախկինում Սարյան փողոցում կայանող  ուղևորատար տրանսպորտային միջոցները սպասարկման ծառայություններն իրականացնում են կենտրոնական ավտոկայանից, իսկ

մայրաքաղաքին հարակից հյուսիսային շրջաններից Երևան եկող ուղևորատար տրանսպորտային միջոցների վերջնականգառը հյուսիսային ավտոկայանն է։

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հետևողական վերահսկողությունը մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկի բեռնաթափմանն ուղղված այս և մյուս միջոցառումների ուղղությամբ:

Մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով  քաղաքի որոշ  հատվածներում երթևեկության համար առաջացած դժվարանցանելիությունը վերացնելու և խնդիրը կանոնակարգելու նպատակով, պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է լուրջ քայլեր ձեռնարկել հեղեղատարները կարգի բերելու ուղղությամբ` հնարավորին կարճ ժամկետում իրավիճակը կտրուկ բարելավելու նպատակով:

Հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին հանձնարարվել է ժամանակին վերացնել և բարեկարգել  վթարների հետևանքով քանդված փողոցները` լուրջ ուշադրություն դարձնելով ասֆալտապատման որակին:

Մայրաքաղաքի կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքը պատշաճ իրականացնելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի կողմից խոտհնձող ժամանակակից սարքավորումներ և կանաչապատման ու խնամքի այլ մեքենամեխանիզմներ են հատկացվել համատիրություններին, դպրոցներին ու նախադպրոցական ուսումնական հաստատություններին: Կարեն Կարապետյանը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների խնամքին ու ոռոգման աշխատանքներին. «Նմանատիպ լայնածավալ աշխատանքների պարագայում մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքները պետք է տեսանելի լինեն: Եթե մենք հետևողական չլինենք, ապա արդյունք չենք ստանա»,- նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ  Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև առավելագույն ներգրավվածություն ապահովել ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձին ընդառաջ` Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթին, հիշեցնելով, որ օրերս քաղաքապետարանը կոչով դիմել է  բոլոր  իրավաբանական և ֆիզիկական անձանց   ակտիվորեն   մասնակցել  մայրաքաղաքի բարեկարգման աշխատանքներին: Նախաձեռնության նպատակն է գնահատել և խրախուսել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող  կազմակերպություններին, կառույցներին ու հաստատություններին, որոնք բարեկարգել ու օրինակելի ձևով կանաչապատել են իրենց հարակից տարածքները: Անվանակարգային մրցույթի շրջանակում  կներառվեն նաև անտարբեր սուբյեկտների անբարեկարգ տարածքները:

 

 

 

Դիտվել է 1289 անգամ:
Print Friendly

Leave a Reply